Նույնիսկ 50% մասնակցություն չկար ընտրություններին. Իշխանությունը պարզապես վերցրեց քվե, որպեսզի պահի իր իշխանությունը». Սերժ Սրապիոնյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա կառավարություն կազմելու հնարավորություն, քանի որ, ըստ նախնական տվյալների՝ ստացել է ընտրողների 53.92%-ի քվեն: Երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ 21.04% քվեով, երրորդ տեղում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, որին իր քվեն տվել է ընտրությանը մասնակցած ընտրողների 5.23%-ը: ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրությանը մասնակցել է ընտրողների 49.4%-ը:

Քվեարկությունից մի քանի օր առաջ 124 մտավորական հանդես էին եկել «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով, թե պետությունը լրջագույն մարտահրավերների առաջ է, իսկ իշխող վարչախումբն իրականացնում է ազգակործան քաղաքականություն:

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը, որն այդ կոչը ստորագրած մտավորականներից մեկն է, 168.am-ի հետ զրույցում ասաց, թե ենթադրում էր, որ գործող իշխանությունը կգնա ինչ-ինչ քայլերի՝ իր իշխանությունը պահելու համար:

«Մենք ինչ կարծիք ունեցել ենք այս իշխանությունների վերաբերյալ, մնում ենք նույն կարծիքին, մանավանդ ընտրությունները դա ապացուցեցին, որովհետև 30 տարիների ընտրությունների ընթացքում ինչ բնույթի կեղծիքների որ հանդիպել էինք, դրանք բոլորը՝ կուտակված ըստ էության գործեց այս վերջին ընտրություններին՝ սկսած լռության օրը խախտելուց, վերջացրած բացեիբաց 30.000 առաջարկելուց (մամուլում տպագրվեց Փարաքարի կոնկրետ ընտրատեղամասում տեղի ունեցած հայտնի դեպքը, որին ոչ մի արձագանք չտվեցին իրավապահ մարմինները): Թռուցիկները ցրողի և՛ անունը, և՛ նկարը հայտնի էր, որևէ հայտարարություն չեղավ, միայն իրենց հաղթանակից հետո փորձեցին նշել, որ այդ երիտասարդը, ոստիկանության բացատրության շնորհիվ ներկայացել է Երևանի քաղաքային վարչություն: Հարյուրավոր անգամներ շեշտեցին, որ Սիսիանի շտաբների պետերին որսում են, բերում են Երևան հարցաքննության, էլի մնաց անարձագանք: Միջազգային դիտորդներ կային իբրև թե, ԱՊՀ դիտորդներ, որոնք հերթապահ արտահայտություններն անգամ չարեցին:

Սա վկայում է, որ մեր ընդդիմության դեմ բավականին լուրջ, կազմակերպված գործողությունների ծրագիր կար մշակված: Էլ չեմ ասում, որ քվեատուփերի տակերը անցքերով էին, մարդը՝ պատգամավորի եղբոր կինը, կնիքը տանում է իր տուն, թաց կնիքը բերում են, որևէ արձագանք չկա: Մի խոսքով՝ եթե թվարկենք, անվերջ են… իսկ լցոնումների մասին ես փաստ չունեմ, բայց չեմ էլ կասկածում, որ արած կլինի: Միայն վերջին օրերի տարբեր հանրահավաքները, շրջաններից ստիպողաբար բերած 20.000-ը և կամովին 80.000-ից ավելի ցուցարարները վկայում են այն մասին, որ ընդդիմությունը ուներ շատ մեծ հնարավորություններ՝ մեծամասնություն կազմելու»,- ասաց Սրապիոնյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ընտրություններից իշխանության բնույթը չի փոխվում: Սրապիոնյանն այն կարծիքին է, որ խորհրդարան անցնելու հնարավորություն ստացած մյուս ուժերը չպետք է մտնեն խորհրդարան ու չպետք է լեգիտիմացնեն կայացած ընտրությունը:

«Հիմա ունենք այն, ինչ ունենք, և սրանից իշխանությունների բնույթը չի փոխվում: Ուղիղ հակառակը: Սպասվում են շատ վտանգավոր զարգացումներ: Ոչ թե մեր երկրի ներսում սպասվելիք զարգացումները նկատի ունեմ, այլ այն ամենը, ինչի մասին մենք արդեն քանի ամիս խոսում ենք: Դա երկրի սահմանների անվտանգության խնդիրն է, երկրի տարածքներից զրկման խնդիրն է, գերիների ու անհայտ կորածների խնդիրն է:

Ես չգիտեմ՝ հիմա ընդդիմությունն ինչ կորոշի, ինչ կանի, մենք՝ մտավորականներս, մնում ենք նույն կարծիքին, այն մտավորականներով, որով որ հայտնել ենք, որ դա պատեհապաշտությունից չէր, դա երկրի գլխին կանգնած վտանգի զգացողությունից էր: Ես չգիտեմ՝ ինչ զարգացումներ տեղի կունենան, բայց ես կարծում եմ, իմ անձնական մոտեցումն է, երկրորդ ուժը խորհրդարան չպիտի գնա: Գնա՝ ի՞նչ անի: Մենք տեսել ենք՝ դե յուրե ընդդիմադիր ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ինչ էին անում: Նրանք, եթե նույնիսկ այս կամ խնդրով դեմ էին մեծամասնությանը և չէին մասնակցում քվեարկությանը, մեծամասնությունը՝ իբրև իրեն լեգիտիմ համարող խորհրդարան, նստում էր և Լանզարոտեի կոնվենցիայի նման փաստաթղթեր էր անցկացնում, կրթության, գիտության վերաբերյալ այդ անհեթեթ ծրագրերը, որոնք քանդման ծրագրեր էին, անցկացնում էին: Այսինքն՝ այդ դառը փորձը ունենք: Նորից գնալ, մտնել, որ լեգիտիմացնեն այս ընտրությունների մեծամասնությանը, ես կարծում եմ՝ իմաստ չունի: Պիտի չգնալ, մանդատ չստանալ ու վերջացնել այս խնդիրը»,- ասաց Սրապիոնյանը:

Վերջինս նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ընտրության մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսը, որոնց կեսն էլ ընտրել է այս իշխանությանը: Ըստ Սրապիոնյանի՝ Փաշինյանի ղեկավարած ուժին հանրության մեծ մասը չի, որ տվել է իր քվեն:

«Նույնիսկ 50% մասնակցություն չկար ընտրություններին: Սա արդեն նշանակում է, որ հանրության ուղիղ կեսը, գուցե այսպես ձևակերպենք, և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից, դժգոհ է, անտարբեր է, և սա չի նշանակում, որ դա հանրապետության մեծագույն մասն է: Եվ երկրորդ, այդ եղած կեսի 54%-ը, եթե ճիշտ եմ հիշում, իր քվեն տվեց, այդ 54%-ից եթե կեղծիքներն էլ հանենք, տեսեք՝ տակն ինչ է մնում: Այն ամբողջ իշխանական կամ կառավարական ռեսուրսները, որոնք կիրառվեցին իրավապահ մարմինների անմիջական օգնությամբ, բա ի՞նչ արդյունք պետք էր սպասել: Սա նշանակո՞ւմ է, որ իր քվեն տվեցին այս իշխանություններին: Ես այդ կարծիքին չեմ: Ես կարծում եմ՝ իշխանությունը պարզապես վերցրեց, քվե վերագրեց իրեն, որպեսզի պահի իր իշխանությունը և շարունակի այն քաղաքականությունը, որը այդ երկիրը տանում է, եթե փակուղի լիներ, դա հրաշալի կլիներ, տանում է պարզապես կործանման»,- զրույցը եզրափակեց Սրապիոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս