Օլիմպիական խաղերի մասնակցությունը նպատակ էր, որն սկսվել է երազանքից. Էլմիրա Կարապետյան

Հայաստանի օլիմպիական հավաքականը քիչ-քիչ վերջանական տեսքի է գալիս: Օրեր առաջ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը: Նա երեք մասնագիտություն ունի` տնտեսագետ է, հոգեբան և հրաձիգ: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը հենց նա է` Էլմիրա Կարապետյանը, որն առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

-Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել հրաձգությամբ:

-Հրաձգությամբ զբաղվելը շատ պատահական ստացվեց: Սովորում էի համալսարանում և առհասարակ պատկերացում չունեի այս մարզաձևից: Կար ժամանակահատված, որ ուզում էի լողով զբաղվել, և մի օր հայրս զանգեց ու ասաց, որ կա մի այնպիսի տեղ, որտեղ կարող ես հրաձգությամբ զբաղվել և քեզ նաև թույլ կտան լողի գնալ: Ընդունվեցի հանրապետական մարզադպրոց, երկու օր լողի գնացի և հետո հեռացրեցին լողը ծրագրից (ծիծաղում է- հեղ.): Բայց մնացի հրաձգությունում: Մեծ տարիքում եմ սկսել մարզվել` 19 տարեկանից, ու երբ եկա ընդունվելու, ասացին, որ չեն կարող ընդունել տարիքիս պատճառով: Առաջարկեցի ինձ երկու ամիս ժամանակ տալ և սահմանել այն միավորների թիվը, որը պետք է կրակեի ըստ իմ տարիքի: Երկու ամիս անց ես կրակում էի այնքան միավորի սահմաններում, որքան պահանջել էին:

-Փաստորեն դուք սկսել եք պայքարը միանգամից մեծահասակների մեջ:

-Այո, դժվարություններ շատ կային, քանի որ մեծահասակների շրջանում նոր պայքարի մեջ մտնողներն արդեն իսկ փորձ ունեն երիտասարդների մրցաշարերում: Ինձ համար հիմա դժվար է հասկանալ, որն էր հիմնական բարդությունը, քանի որ որպես այդպիսին ուրիշ փորձ չեմ ունեցել: Պետք է աստիճանաբար ինքդ քո վրա աշխատելով քո ավելի լավ տարբերակին հասնես:

-Սա ձեր առաջին Օլիմպիական խաղերն են, ինչպե՞ս եք պատկերացնում այն:

-Չեմ պատկերացնում:

-Ինչպիսի՞ն են սպասելիքները:

-Երբ նոր էի սկսել մարզումները, մոտ երկու ամիս անց մտահոգ էի, որ մրցաշարերի չէի մասնակցում: Բայց դա նորմալ էր: Հետագայում արդյունքներս աճում էին: Օլիմպիական խաղերին մասնակցությունը նպատակ էր, որը սկսվել է երազանքից: Երբ սկսում ես մարզվել օլիմպիական մարզաձևով, հստակ գիտես, որ գալու է մի օր և գուցե հնարավորություն ունենաս մասնակցելու Խաղերին: Բայց նաև հասկանում էի, որ երազանքին հասնելու համար պետք է քայլ-քայլ առաջ գնաս: Ես ամեն ինչ, ինչը կախված էր ինձնից, արել եմ, որ գնամ այս Խաղերին:

-Ո՞րն է հրաձգություն մարզաձևի գեղեցկությունը:

-Այստեղ միայն դու ես քո դեմ ու քո զենքը: Դու ոչ թե պայքարում ես մի երկրորդ անձի դեմ, այլ ինքդ քեզ հետ: Բոլորս էլ գիտենք կրակել, գիտենք, որ հնարավորինս բարձր միավորներ պետք է վաստակենք, բայց պետք է հոգեբանորեն պատրաստ լինել: Հրաձգությունում ամեն արդյունք կապված է հոգեբանության հետ: Հոգեբանորեն ինքդ քո դեմ ես դուրս գալիս, հաղթում, նոր լուրջ արդյունքներ գրանցում:

-Ի՞նչ գիտեք մրցակիցների մասին, կա՞ն մարզիկներ, որոնց կառանձնացնեք ձեզ համար:

-Անկեղծ, չգիտեմ (ծիծաղում է- հեղ.): Հրաձգությունում այլ կերպ է, դու ոչ թե մրցում ես քեզ հետ կանգնած մարզիկների, այլ՝ քո դեմ: Կան աշխարհի, Եվրոպայի, Օլիմպիական խաղերի չեմպիոններ, սակայն ինչ իմաստ կա մտածելու նրանց հետ մրցակցության մասին, եթե կարելի է կենտրոնանալ քո վրա և շատ մարզվել:

-Մի քանի բլից հարց.  լե՞ռ, թե ծով:

-Ծով:

-Նարդի՞, թե շախմատ:  

-Շախմատ:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Ջուր:

-Դոլմա՞, թե խորոված:

-Հավի խորոված, թփով դոլմա:

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Երկուսն էլ:

-Թո՞մը, թե Ջերին:

– Ջերին:

– Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

 

Տեսանյութեր

Լրահոս