Սամվել Բաբայանը քվեարկել է հանուն հզոր և ուժեղ երկրի
«Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համար Սամվել Բաբայանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Նա իր ընտրությունը կատարել է Երևանի 9/46 ընտրատեղամասում:
Լրագրողների հետ զրույցում Բաբայանն ասել է՝ քվեարկել է, որ «ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք»:
«Մարդիկ պետք է հանգստանան, հանգիստ լինեն: Ընտրություն է. ոչ դրանով սկսվում է, ոչ ավարտվում»,-նշել է նա:
Բաբայանի խոսքով՝ ընտրություններից հետո լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցությունից 3-4-ն են անցնելու, իսկ մյուսները պարտվելու են: «Բնական է՝ լարված կլինեն: Մարդիկ չարչարվել են, և եթե չեն ստացել ժողովրդի վստահությունը, լարված կլինեն: Եթե առաջին և երկրորդ տեղի միջև տարբերությունը մեծ լինի, բախումներ չեն լինի»,-շեշտել է Սամվել Բաբայանը:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։