Կա՞ն արդյոք ականապատ տարածքների քարտեզներ, և ի՞նչ է տվել Հայաստանն Ադրբեջանին. մեկնաբանում է Պավել Ֆելգենգաուերը
168.am-ի զրուցակիցն է ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը
– Օրերս Ադրբեջանը Հայաստան վերադարձրեց գերեվարված 15 հայ զինծառայողների Ակնայի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Ինչպես պարզվեց նախօրեին Շուշիում Ալիև-Էրդողան զրույցից, ադրբեջանական կողմն ակնկալում է ստանալ պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած բոլոր տարածքների ականապատ դաշտերի քարտեզները, հայկական կողմը հակասական հայտարարություններ է անում, որ դեկտեմբերից տրամադրում է այդ տեղեկատվությունը, սակայն մինչ վերջին փոխանակումն ադրբեջանական դիվանագիտության շեշտը և պահանջը քարտեզներն էին, որոնք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին ռեգիոն կատարած այցի ժամանակ պարզվեց, որ հայկական կողմը պատրաստ է տրամադրել, սակայն դա արեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տարածաշրջան կատարած այցից հետո: Այդ քարտեզների վերաբերյալ շատ հակասական տեղեկություններ ու վերլուծություններ կան՝ չկան նման քարտեզներ, կամ դրանք այնքան էլ ինֆորմատիվ չեն, կամ ականապատ դաշտերը հստակեցված չեն: Կխնդրեի մեկնաբանել և պարզաբանել այս թեման մեզ համար:
– Ինչ-որ քարտեզներ այնուամենայնիվ կան և եղել են, քանի որ դրանք տարածքներ են, որոնք մինչև վերջերս հայկական վերահսկողության տակ էին, և պետք է որ նման դաշտեր լինեն նման հակամարտության առկայության դեպքում: Բայց թե որքանով են այդ քարտեզները մանրամասն ու հստակ, որքանով են դրանք ակտուալ այսօր՝ այլ հարց է: Վստահաբար, այնտեղ կան հին ականապատ դաշտեր, որոնք ցանցապատված են՝ «ականներ» ցուցանակներով, կան նաև գործող ականապատ դաշտեր, որոնցում մանրամասն ամեն բան հայտնի է, քանի որ գործող ականապատ դաշտերն անընդհատ սպասարկվում են, և ինչպես ինձ բացատրում էին իսրայելցիները՝ Հոլանի բարձունքներում կես տարին մեկ ականազերծողները դուրս են գալիս դաշտեր ու ստուգողական աշխատանքներ կատարում, անհրաժեշտաբար սպասարկում, քանի որ քամի է, անձրև, ամեն բան կարող է պատահել, և ստուգում են ու փոխում ականներն անհրաժեշտության դեպքում: Պատահում է, որ ականները շարքից դուրս են գալիս ժամանակի ընթացքում, նրանք չեն կարող չափազանց երկար մնալ աշխատող իրավիճակում, այդ դաշտերի վերաբերյալ կան քարտեզներ, որոնցով ականազերծողները դուրս են գալիս ստուգողական աշխատանքների, ուստի քարտեզն իրենց ձեռքում է, որպեսզի իրենք անձամբ չվնասվեն: Սա գործող ականապատ դաշտն է:
Կան նաև հին ականապատ տարածքներ, ինչ-որ մեկը տեղադրել է ականը, թողել-գնացել է, և այդ ականը կարող է այնտեղ մնալ, և ոչ ոք չգիտի՝ դա կպայթի՞, թե՞ ոչ: Նույն Գոլանի բարձունքներում կան սիրիական ականապատ տարածքներ, որոնք հին են, իսրայելցիները 1967 թվականին վերցրել են, դրա մի մասը մշակել են, ճանապարհ սարքել, մյուսը՝ ոչ, և դա փշալարերով առանձնացված է, որևէ մեկը չի մտնում, քանի որ հայտնի չէ՝ այնտեղ ինչ կա:
Դրանք վայրի են ու վտանգավոր, քան սպասարկվող դաշտերը, բնականաբար: Հաշվի առնելով հանգամանքը, որ Ղարաբաղում պատերազմ է եղել 1990-ական թթ․, երկար ժամանակ առճակատում, վստահաբար այնտեղ ևս կան վայրի ականապատ տարածքներ, ինչպես նաև գործող կամ սպասարկվող: Բնականաբար, հայկական հրամանատարությունը, տեղում աշխատած ականազերծողները տեղեկատվություն ունեն, և միշտ չէ նույնիսկ, որ անհրաժեշտ է այդ տվյալները բարձրաստիճան շրջանակներ փոխանցել, քանի որ հետաքրքիր տեղեկատվություն չէ նրանց համար, թե որ թփի տակ ինչպիսի ական է տեղադրված: Այդ տեղեկատվությունը նաև կարող է ոչ այնքան կենտրոնացված լինել: Հասկանալի չէ, թե որքան տեղեկատվություն կա ու կտրամադրվի, բայց կարծես ամբողջը չի տրվել, քանի որ գերիներն էլ բոլորը չէ, որ վերադարձվել են: Ասել, թե որքանով են ինֆորմատիվ՝ կդժվարանամ, ասել նաև, թե որքանով է դա արժեքավոր՝ ևս, քանի որ, ինչպես ասացի՝ լինում են թե՛ վայրի՝ անհայտ տեղապատ տարածքներ, թե՛ սպասարկվող:
– Ըստ Ձեզ՝ համարժե՞ք գործարք է 15 գերիի վերադարձը Ակնայի ականապատ քարտեզների դիմաց:
– Չեմ կարող ասել և որևէ մեկը չի կարող ասել, քանի որ չգիտենք՝ կոնկրետ ինչ է փոխանցվել:
– Հետպատերազմյան իրավիճակը ռեգիոնում ինչպե՞ս եք գնահատում: Մայիսի կեսերից Ադրբեջանը խախտել է ՀՀ սահմանը և տեղակայված է մեր տարածքում, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, ՌԴ-ն և միջազգային հանրությունն առաջարկում է անցկացնել սահմանազատում, ներկայումս նախընտրական պայքար է, ու սրանով կարծես իրավիճակը կանգ է առել: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
– ՀՀ ներկայիս իշխանությունը ջանում է ամեն կերպ Ռուսաստանին ավելի շատ ներքաշել այս իրավիճակում:
– Դա բացատրելի է, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, ՀՀ անվտանգության երաշխավորը համարվում է Ռուսաստանը: Մեկ այլ հանգամանք նշեմ՝ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ՀԱՊԿ գործընկերներն են խորհուրդ տալիս ՀՀ-ին չկրակել, ուստի սպասում են ՀԱՊԿ արձագանքին, իսկ ՀԱՊԿ-ը չի արձագանքելու, այդ մասին Դուք բազմիցս խոսել եք:
– Միակ եղանակը տարածաշրջանում ուժային հարաբերակցությունը փոխելու համար Հայաստանի տեսանկյունից ՌԴ-ին ներքաշելն է: Բայց պատերազմել ոչ ոք չի պատրաստվում, քանի որ հայերը ուժ չունեն, ադրբեջանցիներն այլ շահեր ունեն, թուրքերը՝ ևս, թեև լարվածությունը կլինի, դա ևս հասկանալի է: Սահմանը հստակեցված չէ, և ներկայիս իրավիճակում այն հստակեցնելը բավականին բարդ գործընթաց է, բայց Հայաստանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել ամեն կերպ, որքան շատ, այնքան լավ դեպի իր կողմ, դա միակ եղանակն է՝ փոխել ուժային հարաբերակցությունը: Այլ տարբերակ չունեն: Ռուսական առաջարկը հստակ է, որը ընդունում են նաև այլ երկրները, որ սահմանազատում արվի: Խոսակցություններ կան, որ պետք է լինեն ռուսական սահմանապահ կետեր, բայց ես չեմ կարծում, թե դա իրականացնելը ողջ ծավալով հետաքրքրում է ՌԴ-ին, ՌԴ-ն այդքան խորը չի ներքաշվի, քանի որ Ադրբեջանի հետ վիճելը ռուսական շահերի մեջ չի մտնում: Իսկ հրադադարի պահպանումը ռուսական հետաքրքրությունների շրջանակում է: Ինչ վերաբերում է դեմարկացիային, դա բարդ գործընթաց է, կա անկլավների թեման, դա նույնիսկ լավ հարաբերությունների դեպքում է բարդ իրականացնելը, ուր մնաց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի դեպքում, բայց ցանկության դեպքում հնարավոր է: Այսօր արդեն այդ մասին քիչ է խոսվում, քանի որ ՀՀ-ում ընտրություններ են լինելու:
– Բայդենի աշխատակազմը սկսում է աշխատել նաև Հարավային Կովկասում: Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի ազդեցությունն ինչպե՞ս է բաշխվելու մեր գոտում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայիս կոնֆիգուրացիան չի գոհացնում ԱՄՆ-ին, և ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի ակտիվ է աշխատում:
– ԱՄՆ-ը այս ամենում մասնակցում է, ամեն տեղում է ԱՄՆ մասնակցությունը: ԱՄՆ-ը գերտերություն է, ի վերջո, դա կա ու դա չի մերժվում մյուս դերակատարների կողմից: Պարզապես կան նաև Ռուսաստան, Թուրքիա, Իրան, և հասկանալի չէ՝ ո՞ր երկրի ազդեցությունն է ավելի կարևոր լինելու ապագայում: Վաշինգտոնում կարծիք կա, որ հայերը պետք է հասկանան, որ Ռուսաստանը չի պատրաստվում լրջորեն և ամբողջությամբ աջակցել Հայաստանին, քանի որ հետաքրքրված է հարաբերություններով նաև Ադրբեջանի հետ, թեև ամերիկացիների համար ևս ադրբեջանցիները կարևոր են, ինչպես և Թուրքիան: Դրանում կարելի է համոզվել նաև ամերիկացի պաշտոնյայի այցից տարածաշրջան և այն օրակարգից, որը եղավ Ադրբեջանում:
– Հետպատերազմյան շրջանում ՌԴ-ի ու Թուրքիայի ազդեցությունն էապես խորացել է տարածաշրջանում, նրանք ավելի կոնսոլիդացված են գործում, խոսում են վեցակողմ համագործակցության հարթակի մասին, որում փորձ է արվում ներքաշել նաև Վրաստանին: Այս հարցում ռուս-թուրքական տարաձայնություններ կա՞ն:
– Այս հարաբերությունները բարդ են և հավելյալ բարդացած են նրանով, որ թուրքական քաղաքականությունը մի կողմից՝ ցարական քաղաքականություն է։ Այսինքն՝ դա պուտինյան անձնական քաղաքականությունն է, նա է ազդում իրավիճակի վրա, նա ունի լավ անձնական հարաբերություններ Էրդողանի հետ և նա շատ կարևորում է այդ հարաբերությունները, իսկ ռազմական և դիվանագիտական ապարատներում կարծում են, որ Թուրքիայի հետ անիմաստ է այդքան ակտիվ հարաբերվել, քանի որ ՌԴ-ն ու Թուրքիան ամեն դեպքում թշնամիներ են: Այդ պատճառով էլ տարաձայնություններ և հակասություններ կան այս հարաբերություններում, և դրանք տարբեր ուղղություններով են: Այսինքն՝ կա նախագահ Պուտինի անձնական վերաբերմունքն ու ընկալումը և դրան հակասող կարծիքներ: Այս ռեգիոնում նրանք գործում են ընդհանուր առմամբ համաձայնեցված, բայց խնդիրներով ու յուրաքանչյուր պահի խզման վտանգով: Միանշանակ ասել, թե ինչպես կզարգանա ռեգիոնը՝ դժվար է: