Ալիևն ու Էրդողանը Շուշիում միութենական համաձայնագիր են ստորագրել

Այսօր Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապարփակ միութենական համաձայնագիր են ստորագրել։ Այն, ըստ տարածաշրջանային լրատվամիջոցների, ստեղծելու է ինստիտուցիոնալ շրջանակ թուրք-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում իրացնելու և խորացնելու համար, այդ թվում ռազմական համագործակցության, տնտեսության և տեղեկատվական դաշտում համագործակցության ոլորտներում։

Ավելին, արտաքին սպառնալիքի դեպքում ավելի վաղ գոյություն ունեցող ռազմական փոխօգնություն տրամադրելու մասին կողմերի պայմանավորվածությունը այս փաստաթղթով հստակ իրավական ձևակերպում է ստացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, այս փաստաթուղթը տխուր, բայց սթափեցնող նորություն է, իբրև թե ուղերձ հայաստանյան ռևանշիստական ուժերի համար, որոնք երազում են Հադրութն ու Շուշին վերադարձնելու մասին։ էրդողանը Շուշիում նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը լի են վճռականությամբ Ղարաբաղը խաղաղության և բարգավաճման ռեգիոն վերածելու հարցում։

Թուրք-ադրբեջանական քաղաքական հաշվարկի համաձայն, ուշագրավ է, որ նման աշխարհաքաղաքական սահմանափակումը հայկական ռևանշիզմի համար հարմար է տարածաշրջանի բոլոր խաղացողների, այդ թվում ՀՀ իշխանությունների համար անկախ նույնիսկ այն բանից, թե ով կհայտնվի իշխանության ղեկին հունիսի 20-ից հետո, քանի որ այլևս կա երկաթյա պատասխան հասարակության առջև․ «մենք կփորձեինք վերադարձնել, բայց մենք չենք կարող չէ՞ պատերազմել Թուրքիայի դեմ», որն, ի դեպ, իր գլխավոր հյուպատոսությունն է բացելու Շուշիում։ Այս հռչակագրով Ադրբեջանն ու Թուրքիան համարում են, որ փակում են ինչպես Արցախի կարգավիճակի, այլև չլուծված մի շարք հարցեր, նոր համագործակցության մեկնարկը տալով տարածաշրջանում։

Ի դեպ, ստորագրված փաստաթղթում հղում կա Կարսի պայմանագրին, ինչպես նաև, իրենց իսկ ձևակերպմամբ, Զանգեզուրյան միջանցքի ստեղծմանը, որին մեծ նշանակուըթյուն է տրվում այս փաստաթղթում, թեև այս հարցում հայկական կողմի համաձայնությունն, ըստ հայկական պաշտոնական մեկնաբանությունների, չկա։ Կողմերը այսօր ստորագրված փաստաթուղթն անվանում են Շուշիի հռչակագիր։

Տեսանյութեր

Լրահոս