«Ի գիտություն Հայաստանի ժողովրդավար արևմտամետներին»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻՆ

2005թ․ , որպես դիտորդ հրավիրված էի Նորվեգիայի պառլամենտական ընտրություններին։

Ընտրությունների ողջ ընթացքը ցնցող էր, սկսած նախընտրական շրջանից, շարունակած բուն ընտրություններով և վերջացրած ձայների հաշվարկով։ Ցնցող ասելով, նկատի ունեմ իդեալական, այնպիսի ընտրություններ, որ նույնիսկ չէի պատկերացնի։ Երկար կարելի է պատմել Նորվեգիայի ընտրությունների մասին, սակայն ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել միայն նախընտրական մեկ փաստի վրա։

Օսլոյի փողոցով քայլում էր մի մարդ։ Նա ժպտալով մոտենում էր սրճարաններում նստածներին, զրուցում, բուկլետ տալիս և շարունակում քայլել։ Նորվեգացի իմ ծանոթներն ասացին, որ այդ մարդը Նորվեգիայի գործող վարչապետն է։ Զարմանքով հարցրեցի․
-Իսկ որտե՞ղ են նրան ուղեկցող թիկնապահները, նախարարները։

Պատասխանեցին․

-Նախ, վարչապետն արձակուրդում է։ Երկրորդ, արձակուրդի ժամանակ նա զրկվում է ինչպես ծառայողական մեքենայից, այնպես էլ իրեն ուղեկցող քարտուղարից (թիկնապահի մասին խոսք չկար)։Նախարարներն աշխատանքի են, նրանք իրավունք չունեն քարոզարշավին մասնակցելու, հո պետական ապարատը չի՞ խափանվելու։ Իսկ եթե հանկարծ, նա շարունակեր օգտվել վարչապետի համար նախատեսված արտոնություններից, այն կհամարվեր կոռուպցիա և նա միանգամից կզրկվեր ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Հայաստանում, նախընտրական քարոզարշավին, պաշտոնակատար կոչեցյալին ուղեկցում են տասնյակ զրահապատ մեքենաներ, դիպուկահարներ, ոստիկանության հազարավոր աշխատողներ, պետական մարմինների հարյուրավոր ծառայողներ։ Եվ ի՞նչ է այս ամենի անունը․ անհավասար մրցապայքա՞ր, վարչական ռեսուրսի չարաշահու՞մ, կոռու՞պցիա, թե՞ այս բոլորը միասին։

Հ․Գ․ Նորվեգիան աշխարհի ամենահարուստ երկրներից է, իսկ Հայաստա՞նը․․․

Տեսանյութեր

Լրահոս