
Կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը

Հունիսի 15-ին, ժամը 12։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ բնակարանում տեղի է ունեցել ինքնահրկիզման փորձ, որը կանխվել է տեղի ուժերով։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։
Դեպքի վայրում գտնվող հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսուչը և Կենտրոն ՈԲ աշխատակիցը, փորձելով օգնություն ցուցաբերել ինքնահրկիզվողին, ստացել են տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ և հոսպիտալացվել ԲԿ։