Դժվար է պատկերացնել Փաշինյանից բացի  այլ ղեկավար, որը նման ձևով կկառչեր իշխանությունից. Դուբնով

«Փաշինյանը գրագետ ձևով է խաղում բոլոր նախկին իշխանությունների թույլ տված սխալների վրա, դժգոհությունը կարողանում է կենտրոնացնել և այն ատելությունը, որը որչափ կարողացել է պահպանել նախկին իշխանությունների նկատմամբ, նրա քաղտեխնոլոգիական հաղթանակն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ծավալվող նախընտրական պայքարին և տեղեկությանը, որ Փաշինյանը ընտրությունների հաջորդ օրվանից 4 օր զբաղեցնելու է Հանրապետության հրապարակը:

Նա ասաց, թե կասկածում է, որ ընտրություններից հետո հնարավոր են ուժային սցենարներ, լուրջ զարգացումներ: Սակայն, ըստ Դուբնովի, ամեն դեպքում Փաշինյանը դիտարկում է, որ ամեն ինչ հնարավոր է, բայց հիմնական նպատակն է՝ վերադարձնել հաղթանակի ժանրը, որը կարևոր է քաղաքականապես և էսթետիկ առումով Փաշինյանի համար: «Նրա համար կարևոր է լինել հրապարակի առաջնորդը, նրա համար կարևոր է ոչ միայն հաղթանակն ընտրատեղամասերում, ոչ միայն կարևոր է շատ ձայներ ստանալը, նրա համար կարևոր է իրեն դիրքավորել՝ որպես տրիբունա, որն ամբոխի ղեկավար է, փողոցի լիդեր և այդ քաղտեխնոլոգիան նրա համար ոչ պակաս կարևոր է, քան ձայների հաշվարկը»,- ասաց Դուբնովը:

Նրա կարծիքով, համընդհանուր քաղաքական հանելուկ է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում իշխանությունը պահպանել, պատասխանը պետք է փնտրել նրա անձնական պսիխոմոտորային առանձնահատկություններում:

«Ինձ համար դժվար է պատկերացնել մեկ այլ ղեկավար, որը նման ձևով կկառչեր իշխանությունից այն բանից հետո, երբ այդ իշխանության ղեկին լինելով, նման կերպ իրեն ցույց տվեց: Մեզ հայտնի քաղաքական գործիչներից շատերը չէին փորձի իրենց ճակատագիրը և չէին շարունակի ձգտել իշխանության, ուստի սա անձնական ընկալման հարց է: Բայց, ըստ իս, առավել կարևոր է այն, որ այդ իշխանության աննախադեպ ձգտումը գտնում է արձագանք հասարակության ներսում, չնայած դա արձագանք չէ, այլ Փաշինյանը գրագետ ձևով է խաղում բոլոր նախկին իշխանությունների թույլ տված սխալների վրա, դժգոհությունը կարողանում է կենտրոնացնել և այն ատելությունը, որը որչափ կարողացել է պահպանել նախկին իշխանությունների նկատմամբ, նրա քաղտեխնոլոգիական հաղթանակն է»,- ասաց Դուբնովը:

Տեսանյութեր

Լրահոս