Փաշինյանը հաղթելու դեպքում գնալու է ռեպրեսիաների՝ իշխանությունը պահելու նպատակով. Տարասով

«Ռուսաստանին  անհանգստացնում է, որ Հայաստանը սկսել է ինքնաոչնչացման օպերացիա: Դա է սարսափելի»,- 168.am-ի հետ զրույցում  ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր-խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և հետընտրական հնարավոր իրադարձություններին:

Տարասովը նշեց, որ խուսափում է անդրադառնալ ՀՀ ներքաղաքական իրավիճակին, քանի որ բավականին բարդ իրադրություն է ստեղծվել: Փորձագետն ասաց, որ ՀՀ-ում հետպատերազմյան իրավիճակն այնպիսին է, որ ուժերը, որոնք մտել են խորհրդարանական ընտրապայքարի մեջ, կարող են երկիրն արդյունավետորեն, կայուն կերպով վերահսկել այն դեպքում, երբ ստանան ձայների բացարձակ մեծամասնությունն այնպես, ինչպես Փաշինյանը 2018 թվականին: Նրա խոսքով, ներկայիս հայաստանյան նախընտրական պայքարը ոչ միայն գաղափարների, ծրագրերի, այլև հռետորաբանության, հայտարարությունների մակարդակում է: «Բավականին լարված, ոչ ստանդարտ մթնոլորտ է, անդրադառնում են ամենատարբեր թեմաների, Ղարաբաղյան հակամարտությանը, մանիպուլյացիաների դիմում, դա մեկնաբանելը բարդ է, քանի որ լուրջ մեղադրանքներ են հնչում, բայց դրանք պետք է ունենան փաստաթղթային հիմք:

Բարդ է նաև այն պատճառով, որ յուրաքանչյուր կողմ, որը կհաղթի (սոցիոլոգիական վերջին հարցումների տվյալների համաձայն՝ ներկայումս Քոչարյանն առաջ է Փաշինյանից, թեև կան նաև այլ արդյունքներ), բացարձակ մեծամասնություն չի ստանա: Իսկ այդ դեպքում ի՞նչ է լինելու հետո՝ դառնալու է գլխավոր հարցը»,- ասաց նա՝ շարունակելով, որ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ հետընտրական փուլում կարող են լինել բազում սցենարներ, որոնցից ամենասպասելին՝ երբ պարտված կողմը կհայտարարի, որ ընտրությունները կեղծված են, կլինեն հավաքներ:

Եվ ՀՀ իշխանությունների կողմից Հրապարակը 4 օրով զբաղեցնելը, նրա դիտարկումների համաձայն, այդ սցենարներից մեկը կարող է լինել:

«Աստված չանի, որ լինեն զինված բախումներ: Չափազանց ոչ ստանդարտ իրավիճակ է ու բարդ: Այնուամենայնիվ, իմ դատողություններում ես ելնում եմ նրանից, ինչ լսում եմ: Փաշինյանը հաղթելու դեպքում գնալու է ռեպրեսիաների՝ իշխանությունը պահելու նպատակով, մյուս կողմը ևս այս կամ այն ձևաչափով հաշիվներ է փորձելու մաքրել, դա ևս բացառել չի կարելի: Արդյունքում՝ կողմերից մեկը հաղթելու է աննշան առավելությամբ, իսկ Հայաստանում նման ցուցանիշներով իշխանությունը պահելը չափազանց բարդ է լինելու»,- ասաց Տարասովը:

Նրա խոսքով, իրենց կանխատեսումներն անհանգստացնող են՝ կարևոր չէ՝ ով կհաղթի, իրենք հասկանում են, որ ցանկացած ուժ,  որպեսզի սկսի ղեկավարել երկիրը, պետք է ստանա մեծամասնություն: «Իսկ մեր տվյալներով՝ բացարձակ մեծամասնություն ոչ ոք չունի: Անհաժեշտ է գոնե 60-70%»,- ասաց Տարասովը:

Մյուս կողմից՝ նա նաև նշեց, որ Հայաստանի դիրքերն աշխարհում չափազանց թույլ են, քանի որ պարտություն եղավ Ղարաբաղի հարցում: «Պարտվեցին արտաքին քաղաքականության մեջ, ընդհանրապես չկա արտաքին քաղաքականություն, պատահական չէ, որ նույնիսկ ԱԳ նախարար չկա։ Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանը սկսել է ինքնաոչնչացման օպերացիա: Դա է սարսափելի»,- նման կարծիք հայտնեց Տարասովը:

Տեսանյութեր

Լրահոս