Այդպիսի նախադասություն թույլ տվողը բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ է նշանակում՝ գերության մեջ հայորդի, զինվոր․ Իրավապաշտպան
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ «գերիները մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը» հայտարարությունը հանրային զայրույթի, քննադատության հերթական ալիքը բարձրացրեց։
Այս արտահայտությունն անփութորեն ու ծափերով մարսվեց միայն Փաշինյանին սատարողների կողմից։
«Իրեն այդպիսի նախադասություն թույլ տվողը բացարձակապես տեղյակ չէ և չի պատկերացնում, թե ինչ է նշանակում՝ գերության մեջ հայորդի, զինվոր, թշնամական երկրում մնալը՝ չեմ ասում օրերով ու ամիսներով, այլ անգամ ժամերով,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, ապա մանրամասնեց,- Մենք դեպք ունեինք, երբ ընդամենը երեք օր էին մնացել պատանդության մեջ, երբ ինքնաթիռը ստիպված իջել էր Բաքվում, և այդ մարդիկ, որոնց վերականգնումով էինք զբաղվում, ասացին, որ թե՛ երեք ժամը, թե՛ երեք տարին մեզ համար նույնն է, և ոչ թե որովհետև զուտ ֆիզիկական տանջանքի են ենթարկվում, այլ անորոշության և թշնամական միջավայրից իրենց կյանքի կախվածության պատճառով։ Հիմա պետք չի ասել այդպիսի բաներ․ եթե իմացություն չունեն, դրական բան չունեն ասելու, թող չխոսեն դրա մասին»։
Իրավապաշտպանը շեշտեց, որ թեման, առհասարակ, չի կարելի քաղաքական դաշտ տեղափոխել, ապա հորդորեց նման հարցերում լինել նրբանկատ․
«Հնարավոր չէ հասկանալ այդ նախադասությունը․ դա նման է «ապագա կա ապագա» անիմաստ, կամ միայն մի քանի մարդու հայտնի իմաստով արտահայտությանը։
Չի՛ կարելի դիմել գերիներին և ասել՝ դու համբերի ևս մեկ-երկու ամիս․ նրանք սպասում են, որ իրենցով կզբաղվեն, իսկ այդ հայտարարությունը նշանակում է, որ մեկ-երկու ամիս իրենցով չեն զբաղվելու։
Ես դատապարտում եմ նման արտահայտությունները․ պետք չէ գերիների անունը տրվի այդ համատեքստում, պետք չէ խոստումներ տալ գերիների վերաբերյալ․ գերիների հարցով միայն ու միայն աշխատանք է անհրաժեշտ, որը չի արվում»։
Լարիսա Ալավերդյանը շեշտեց գերիների հարցով աշխատանքների առնչությամբ այն մեթոդների կիրառման անհրաժեշտության մասին, որոնք նաև ընդունված են միջազգային պրակտիկայում․
«Այդ շտեմարանը բավականին հարուստ է․ մի քանի անգամ ասել եմ՝ պետք է դիմել ամենատարբեր պետությունների, այդ թվում՝ այն պետություններին, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, որոնք կախվածություն չունեն ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից, և նրանց, ովքեր պարտավոր են՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Պետք է աշխատել․ ոչ թե ասել՝ մենք կդիմենք, պետք է հտակեցնել մոտեցումները։
Եթե դա դառնում է քաղաքական ճառի, նախընտրական արշավի նախադասություն, կորցնում է ամբողջ իմաստը, և մարդու կյանքի, ճակատագրի գինը դարձնում է զրո»։