Պատերազմից հետո ավելի շատ ենք աշխատելու` հանուն մեր դրոշի, ՕԽ հաղթանակի. Կարապետ Չալյան
Օլիմպիական խաղերն արդեն սարերի հետևում չեն: Հավաքական թիմերը վերջնական փուլին են անցնել Տոկիոյի 32-րդ Խաղերի նախապատրաստության համար: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանն է: Ըմբիշը ծնվել է Գյումրիում 1993 թվականին: 27-ամյա մարզիկը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր: Նա հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում:
-Կարապետ, եկեք սկսենք ամենասկզբից, ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել ըմբշամարտով:
– Ըմբշամարտով լուրջ սկսել եմ հետաքրքրվել 2003 թվականից: Շրջապատում բոլոր ընկերներս մարզվում էին հենց ըմբշամարտով, և ես էլ բացառություն չէի: Բացի այս, մարզադպրոցը շատ մոտ էր մեր տանը և առավել հարմար էր ըմբշամարտով զբաղվելը: Ընտանիքում չունենք մեկը, որը հետաքրքրված է սպորտով, միայն ես եմ:
-Սա ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ սպասելիքներով եք մեկնելու Տոկիո:
-Այո, սա կլինի իմ առաջին Օլիմպիական խաղերը և սպասելիքներս էլ շատ մեծ են: Գնալու եմ հաղթելու ձգտումով: Բայց այդ հաղթանակը կապված է իմ այս օրերին ունեցած մարզումներից, աշխատանքից, որ կատարում ենք, ինչպես նաև մարզիչներից, ուսումնամարզական հավաքներից և մի շարք այլ բաներից: Կարող եմ ասել, որ շատ լավ նախապատրաստական շրջան ենք անցկացնում: Լավ մարզավիճակում պետք է մասնակցեմ Օլիմպիական խաղերին: Բայց այս ամենի հետ մեկտեղ լավ վիճակում պետք է լինեն նյարդերս և հոգեբանորեն պատրաստ լինեմ:
-Ձեր քաշային կարգում շատ են աշխարհահռչակ և տիտղոսակիր մարզիկներ: Ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին:
– Բոլորն այս քաշային կարգում լուրջ մարզիկներ են: Սակայն յուրաքանչյուրի հետ էլ նախապատրաստվում եմ նույն կերպ` պետք է հաղթել, կապ չունի, թե ինչ տիտղոսներ ունեն մրցակիցներս: Օլիմպիական խաղերի մասնակից բոլոր 16 ըմբիշները ուժեղագույններից են:
-Ըմբշամարտը միայն ֆիզիկական աշխատանքով է, թե՞ այդտեղ տեղ ունի նաև միտքը:
-Ֆիզիկական ուժը միայն բավարար չէ լավ գոտեմարտ անցկացնելու համար: Պետք է նաև այլ տվյալներ էլ ունենալ հաղթանակի հասնելու համար: Բայց ֆիզիկականի հետ մեկտեղ պատրաստվածության աստիճան պետք է ունենաս նաև հոգեպես: Գորգ մտնելիս մրցակիցների մասին քննարկում ենք ունենում մարզիչների հետ: Նրանք մեզ ասում են, թե ինչ կարող են անել մեր մրցակիցները: Գորգ ենք մտնում` մրցակցի թույլ կողմերը հաշվի առնելով:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Ի՞նչ անդրադարձ ունեցավ այն ձեզ վրա:
-Կարծում եմ, ինչ համար միակ վատ երևույթն այն էր, որ մեկ տարի խաղերը ուշ կկայանան: Սակայն դա չի անդրադարձել մեր մարզումային գործընթացի վրա: Մարզիկները ուսումնամարզական հավաքները լավ են պլանավորել, որ անգամ այս դեպքում, երբ մեկ տարի հետաձգվեցին, մենք լավ մարզավիճակում կմոտենանք Օլիմպիական խաղերին:
-Կարապետ, մարզաշխարհի և գործող մարզիկների մեծամասնությունը Գյումրիից է: Ինչի՞ց է, որ գյումրեցին այսքան մեծ դեր ունի սպորտային կյանքում:
-Գյումրու հաց ու ջրից է (ծիծաղում է): Կամ էլ գուցե Գյումրու օդից է:
-Մեր երկիրը դժվարին ժամանակներ է ապրում: Արդյո՞ք սա կարող է ձեզ համար մոտիվացիա լինել, մեր երկիրը առավել արժանապատվորեն ներկայացնելու համար:
-Պատերազմը մեզ վրա մեծ ազդեցություն ունեցավ: Ինչպես ամեն մի հայ, այնպես էլ մենք ծանր ապրումներ ունեցանք պատերազմի ամբողջ ընթացքում և դրանից հետո էլ: Դժվարին տարի ստացվեց 2020 թվականը: Պատերազմից հետո մենք ավելի շատ ենք աշխատելու, ավելի լավ ենք աշխատելու` հանուն մեր դրոշի, հանուն նրա, որ հաղթենք Օլիմպիական խաղերում և որ հնչի Հայաստանի օրհներգը, որ բոլորը տեսնեն, որ մեր երկիրը հաղթական երկիր է:
-Մի քանի բլից հարց. լե՞ռ, թե ծով:
-Ծով:
-Նարդի՞, թե շախմատ:
-Նարդի:
-Սո՞ւրճ, թե թեյ:
-Թեյ:
-Դոլմա՞, թե խորոված:
-Խորոված։
-Պիցցա՞, թե պաղպաղակ:
-Պիցցա:
-Գի՞րք, թե ֆիլմ:
-Ֆիլմ:
-Թո՞մը, թե Ջերին:
– Ջերին:
– Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:
Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան