«Պատիվ» ունեմ» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

«Պատիվ» ունեմ» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։ Այն ներկայացնում ենք ստորև․

ՅՈ՞ ԵՐԹԱՍ,  ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։

2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերի և սպիտակների»: Ստով ու կեղծիքով եկան իշխանության և դրանք դարձրին իշխանությունը պահելու միջոցներ:

Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն:

Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական  համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքում ունեցանք ծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:

Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:

Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալու, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Առկա իրողություններում մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:

Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։

Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:

Մենք համոզված ենք՝ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականությա՞ն մեջ, թե՞ վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ

Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:

Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը երկրի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու  պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:

«Հայրենիք» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում: «Հայրենիք» կուսակցությունը հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն:

Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում:

Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։

ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ

Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մեր գործունեության մեջ եղել են ինչպես  բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնելու մեր Հայրենիքին ու ժողովրդին:

Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ 

  • Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:
  • Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքը «Ազգ-բանակ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է:
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:
  • Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:
  • Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացման և սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։
  • Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:
  • Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ՝ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:

Պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

1.    Արդյունավետ պետական կառավարում

Դաշինքի նպատակը արդյունավետորեն գործող պետական կառավարման համակարգի մարմինների երաշխավորումն է։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

  • երկրի բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության անշեղորեն կատարում և ժողովրդավարության ու ժողովրդի անվան ներքո դրանց շրջանցման անթույլատրելիություն,
  • պրոֆեսիոնալ և թափանցիկ հանրային կառավարման իրականացում,
  • պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավում։

Նշված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է բարեփոխումների տևական ու բարդ փուլ՝ ուղղված պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը։  Մասնավորապես.

1. Պետք է բարձրացնել պետական կառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը, այդ թվում` հանրապետական և տարածքային մարմինների և դրանց ղեկավար կազմի լիազորությունների ու պարտավորությունների ծավալի օպտիմալացման, կրկնվող լիազորություններն ու պարտավորությունները վերացնելու, աշխատանքի մեթոդների փոփոխության, պատշաճ պլանավորման և կատարողականի գնահատման ժամանակակից համակարգերի ներդրման, թվային համակարգերի զարգացման միջոցով։

2. Պետական ծառայության համակարգը պետք է համալրվի բացառապես պրոֆեսիոնալ կադրերով՝ զուգորդված հանրային ծառայողների մասնագիտական պատրաստականության շարունակական կատարելագործումն ապահովող գործուն մեխանիզմներով։

3. Միաժամանակ, պետական ծառայողներին ներկայացվող բարձր պատասխանատվությունը պետք է ապահովված լինի համաչափ երաշխիքներով, այդ թվում՝ արժանապատիվ վարձատրություն, պարգևավճարների ողջամիտ և թափանցիկ կառուցակարգեր, կենսաթոշակային և սոցիալական երաշխիքներ, պաշտոնում կայունություն և առաջխաղացման կանխատեսելիություն։

4. Պետք է ներդնել պետական միջոցների տնօրինման արդյունավետ մեխանիզմներ, առաջին հերթին` պետական գնումների ոլորտում՝ որոշումների կայացման արդյունավետ և ինքնաշխատ մեխանիզմների գործարկման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման միջոցով։

5. Պետք է բարձրացնել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակն ու հասանելիությունն այնպես, որ քաղաքացիները, տնտեսավարող սուբյեկտներն ու շահառու այլ անձինք նշված ծառայությունները ստանան ողջամիտ կարճ ժամկետներում, առանց բյուրոկրատական քաշքշուկների, հնարավորինս ինքնաշխատ ու առցանց եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանրապետության բոլոր բնակավայրերի համար համադրելի ֆիզիկական հասանելիությամբ։

6. Պետք է վերանայել կառավարության կառուցվածքը և վերականգնել գյուղատնտեսության, սփյուռքի և մշակույթի նախարարությունները:

Այս և այլ բարեփոխումներն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով

  • Առաջնորդվել երկրի բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության գերակայության և դրանով հանրային իշխանության կաշկանդված լինելու սկզբունքով,
  • Ապահովել պետական մարմինների կողմից միմյանց նկատմամբ և յուրաքանչյուրին վերապահված իրավասության ոլորտի նկատմամբ հարգանքի սկզբունքը։

2. Արդարադատություն և դատական իշխանություն

Դաշինքը հավատացած է, որ իրավական պետության մեջ մարդու իրավունքների ու ազատությունների առաջնային երաշխավորը անկախ և արդյունավետ դատական համակարգն է: Առավել ևս խորհրդարանական կառավարման ձևում, դատական իշխանությունը քաղաքական մեծամասնությանը հավասարակշռող և զսպող միակ գործուն իշխանությունն է։ Ուստի, մեր նպատակը արդյունավետ, անկախ և թափանցիկ արդարադատության համակարգի երաշխավորումն է։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

  • անկախ և հանրության առաջ հաշվետու դատական իշխանության կայացումը,
  • դատավորների բարձր մասնագիտական պատրաստականության ապահովումը,
  • դատարանների հասանելիությունը և դատավարական ընթացակարգերի պարզեցումը,
  • դատական ակտերի արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ապահովումը,
  • դատավորի պաշտոնի և արդարադատության նկատմամբ հասարակության վստահության և հարգանքի բարձրացումը։

Նշված խնդիրները լուծելու նպատակով.

1. Անհրաժեշտ է ամրապնդել և գործնականում իրացնել դատական իշխանության ներքին և արտաքին անկախության ապահովման սահմանադրական պահանջները և կարգավորումները։ Դա ենթադրում է Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավորի լիազորությունների և դերի վերաիմաստավորում։

2. Դատավորների ընտրության, նշանակման, կարգապահական պատասխանատվության ընթացակարգերը, ինչպես նաև դատավորների համար նախատեսված սոցիալական երաշխիքների վերաբերյալ կարգավորումները պետք է ստանան օրենսդրական այնպիսի ամրագրումներ, որոնց արդյունքում նվազագույնի կհասցվի դատավորի գործունեությանը միջամտելու ցանկացած հնարավորություն:

3. Անհրաժեշտ է իրականացնել դատավորների օպտիմալ քանակի և տեղաբաշխվածության որոշում և այս հարցին պարբերաբար պարտադիր անդրադարձի ապահովում։

4. Պետք է նախաձեռնել դատարանների բեռնաթափմանն ուղղված շարունակական միջոցառումներ, այդ թվում՝ վարչական, քաղաքացիական և ֆինանսական բնույթի գործերի համար ներդնելով վեճերի լուծման այլընտրանքային, պարզեցված և արագացված  մեխանիզմներ:

5. Անհապաղ բարձրացնել դատավորների պատրաստման, գիտելիքների ու հմտությունների ստուգման և նրանց գործունեության գնահատման մեխանիզմների արդյունավետությունը։

Արդարադատության ոլորտում Դաշինքի որդեգրած սկզբունքներն են․

  • Բոլոր ատյանների դատարանները և դատավորները անկախ են միմյանցից և այլ սուբյեկտներից:
  • Ոչ պրոֆեսիոնալ, աչառու դատավորները դատական համակարգում տեղ չունեն:
  • Առանց անկախ, պրոֆեսիոնալ և հանրության առաջ հաշվետու դատական իշխանության՝ որևէ այլ բարեփոխման արդյունավետությունն անհնարին է։

3. Պայքար կոռուպցիայի դեմ

Դաշինքի համոզմունքն է, որ կոռուպցիան շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացումը արգելակող հիմնախնդիրներից մեկը:

Այս առնչությամբ անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները․

  • Զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ և ապահովել դրա գործնական կիրառությունը:
  • Ձևավորել կոռուպցիա երևույթի նկատմամբ հանրային բարձր անհանդուրժողականություն և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը:

Նշված խնդիրները լուծելու նպատակով.

  • Բացառել կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով և շահարկմամբ այնպիսի նոր ինստիտուտների նախատեսումը, որոնց արդյունավետությունը ոչ միայն ապացուցված չէ միջազգային պրակտիկայում, ենթադրում է հսկայական ֆինանսական ծախսեր, այլև խնդրահարույց է Սահմանադրության տեսանկյունից (հակակոռուպցիոն դատարան, անցումային արդարադատություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում) և հանգեցնելու են միջազգային դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության դեմ կայացվող բազմաթիվ վճիռների՝ պետության համար առաջացնելով թե՛ ֆինանսական հետևանքներ, թե՛ միջազգային հեղինակության ու ներդրումների անկման ռիսկեր։
  • Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առանցքում պետք է լինեն անկախ և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դատական, դատախազական և քննչական համակարգեր։ Մյուս կողմից՝ պետք է մեծացնել կոռուպցիա երևույթի նկատմամբ հանրային անհանդուրժողականությունը և կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Դաշինքի որդեգրած սկզբունքներն են՝

  • Սահմանադրության, ՀՀ վավերացրած միջազգային փաստաթղթերի և կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձի արմատավորումը,
  • կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը։

4. Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում 

Դաշինքի նպատակը տարածքների համաչափ զարգացումն ու սեփական կարիքները սեփական կարողություններով հոգացող համայնքների կայացումն է։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

  • տարածքների զարգացման համաչափության ապահովումը,
  • համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը և կարողությունների հզորացումը,
  • համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը,
  • համայնքային ծառայությունների ընդլայնումն ու որակի բարելավումը։

Այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է.

1. Արագացնել և արդեն առկա փորձի հաշվառումով ավարտին հասցնել վարչատարածքային փոփոխությունների իրականացումը։

2. Բարձրացնել տարածքային կառավարման արդյունավետությունը, փոխակերպել տարածքային կառավարման մարմինների լիազորությունների բովանդակությունը, տնտեսական ու վարչական կառավարման գործառույթներից անցնել հեռանկարային զարգացմանն ուղղված գործառույթների իրականացմանը, ապահովել արդյունավետ ու գործընկերային հարաբերություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։

3. Ձևավորել համայնքներում անհրաժեշտ կարողություններ և դրան համընթաց իրականացնել իշխանական լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։

4. Ավելացնել համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի զարգացման հնարավորությունները, ապահովել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում դրանց ներկայացվածության ու մասնակցության լրացուցիչ երաշխիքներ։

5. Իշխանական լիազորությունների ապակենտրոնացմանը զուգահեռ իրականացնել ֆինանսական ապակենտրոնացման գործընթաց (հնգամյա հեռանկարում համայնքային ֆինանսական ռեսուրսների ծավալը համախմբված բյուջեում՝ մինչև 15 %)։

6. Ապահովել համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը, համամասնական ընտրակարգի պարագայում առանց կուսակցական ցուցակներում ընդգրկման բնակիչների ընտրվելու իրավունքը։

7. Համայնքային ծառայության համակարգը ամբողջապես ներդաշնակեցնել հանրային ծառայության համակարգի հետ, ապահովել համայնքային ծառայողների մասնագիտական առաջխաղացման և սոցիալական երաշխիքների ամբողջական իրացումը։

5. Ընտրական և կուսակցական համակարգ

Դաշինքի նպատակը հանրային տրամադրությունները հնարավորինս պատշաճ արտացոլող ընտրական համակարգի ներդրումն է։

Այս նպատակի իրագործման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները

  • Ապահովել ընտրությունների ազատ, մրցակցային, արդար և կասկած չհարուցող բնույթը:
  • Ապահովել առողջ ու անկաշկանդ քաղաքական մրցակցության միջավայր:
  • Ապահովել ընտրությունների բազմազանությունը և իրական ընտրության հնարավորությունը:
  • Ապահովել ընտրական օրենսդրության կանոնակարգումների որոշակիությունն ու կայունությունը։

6. Մարդը որպես բարձրագույն արժեք, նրա իրավունքներն ու ազատությունները

Դաշինքը որպես առանցքային նպատակ է դիտարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների  հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության բոլոր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

  • Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող դրույթների իրացումը օրենսդրության մեջ,
  • Հիմնական իրավունքների սահմանափակումներին ներկայացվող խստագույն սահմանադրական պահանջների անխտիր պահպանումը և իրացումը գործնականում՝ համաչափություն, իրավական որոշակիություն և հիմնական իրավունքների էության անխախտելիություն։

Նշված խնդիրները լուծելու նպատակով.

1. Պետք է երաշխավորել հիմնական իրավունքների անմիջական գործողությունը և դրանց պաշտպանությունն ապահովող կառուցակարգերի անխափան ու արդյունավետ աշխատանքը, հատկապես՝ ի դեմս դատական համակարգի և սահմանադրական արդարադատության երաշխիքների:

2. Մարդու հիմնական իրավունքները հատկապես խոցելի են քրեական վարույթի շրջանակներում, որտեղ պետք է նախատեսել պաշտպանության լուրջ և գործուն երաշխիքներ ու կառուցակարգեր։ Այս առումով  անհրաժեշտ է ուժեղացնել դատախազության և քննչական մարմինների ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անկախությունը՝ զերծ ցանկացած միջամտությունից, քաղաքական հանձնարարականներից, ցուցումներից կամ ճնշումից։

3. Պետք է կատարելագործել հատկապես քաղաքացիական և վարչական իրավունքների ոլորտում կարգավորումներն ու դատավարական օրենսգրքերը այնպես, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունենա ողջամիտ ժամկետում վերականգնելու իր խախտված իրավունքը։

4. Պետք է իրականացնել կրթության, վերապատրաստման, մասնագիտական որակների զարգացման և վերահսկողության համակարգված, համալիր միջոցառումներ՝ ուղղված հանրային ծառայողների և ընդհանրապես՝ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի արմատավորմանը։ Միաժամանակ, պետք է նպաստել այն գիտակցության ձևավորմանը, որ մարդու իրավունքները բացարձակ չեն, և անհատի կամ խմբի իրավունքներն ու ազատությունները կարող են համաչափորեն սահմանափակվել այլոց իրավունքների, Սահմանադրությամբ նախատեսված այլ հիմնարար արժեքների պաշտպանության նկատառումներով։

5. Պետք է ներդնել և կիրառել մարդու իրավունքների պաշտպանության արտադատական արդյունավետ գործիքներ, որոնց միջոցով մարդիկ հնարավորություն կունենան ողջամիտ կարճ ժամկետում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները։

6. Պետք է ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես մարդու հիմնական իրավունքների կարևոր առաջամարտիկի ինստիտուտը, նախատեսել վերջինիս անկախությունը և արդյունավետ գործունեությունը երաշխավորող անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը։ Պետք է մտածել նաև այլ ոլորտներում գործող համարժեք ինստիտուտների կայացման կամ դրանց աջակցության մասին (ֆինանսական ոլորտ, զանգվածային լրատվության միջոցներ, վարչարարություն, ճանապարհային ոստիկանություն, համայնքային կառույցներ և այլն)։

7. Պետք է գործարկել հատուկ մեխանիզմներ, որոնց միջոցով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների կիրառմամբ կբացառվեն մարդու իրավունքների ոլորտում հանրային հանձնառություն ստանձնած կազմակերպությունների կողմից ազգային արժեհամակարգին հակադրվելու շարժառիթներն ու գործելակերպը։ Պետք է նպաստել նաև քաղաքացու նոր տեսակի ձևավորմանը՝ անհատի, ով արմատներով ազգային է, պաշտում է հայրենի հողը, իր երջանկությունը չի պատկերացնում առանց հայրենիքի, օրինապաշտ է։

8. Պետք է բացառել սահմանադրական արդարացում չունեցող որևէ արտոնյալ դիրք, օրենքի տարբերակված կիրառում, կոռուպցիոն ռիսկեր ստեղծող և արհեստականորեն որևէ սուբյեկտի համար առավելություններ նախատեսող օրենսդրական երկիմաստություններն ու այլ անորոշությունները։

Մարդու իրավունքների ոլորտում Դաշինքի որդեգրած սկզբունքներն են․

  • Հայաստանի Հանրապետությունում մարդը և նրա արժանապատվությունը բարձրագույն արժեք են:
  • Մարդու հիմնական իրավունքները իրավական պետության անօտարելի բաղադրիչն են, և դրանցով կաշկանդվածությունը, դրանց հարգումն ու պաշպանությունը՝ ողջ հանրային իշխանության պարտականությունը:
  • Բոլոր մարդիկ իրավահավասար են և հավասար են օրենքի առջև:
  • Պետության մեջ պետք է երաշխավորված լինեն և անխափան գործեն մարդու իրավունքների պաշտպանության իրապես արդյունավետ կառուցակարգեր։

7. Քաղաքացիական հասարակություն

Դաշինքի նպատակն ազգային օրակարգ ունեցող զորեղ քաղաքացիական հասարակության կերտումն է։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները

  • Ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի ընդհանուր շահ ունեցող քաղաքացիները կարողանան արդյունավետ իրացնել իրենց միավորվելու իրավունքը։
  • Խթանել քաղաքացիների միավորումների արդյունավետ գործունեությունը՝ պետական դրամաշնորհային ծրագրերի, առանձին մասնագիտացված կառույցներին պետական դոտացիաների և նույնիսկ պետական ու համայնքային ծառայությունների լիազորությունները պատվիրակելու միջոցով։
  • Կերտել ազգային օրակարգ, որի իրացման ուղղությամբ հատկապես երիտասարդներն ու կենսաթոշակառուները կամավորության սկզբունքով արդյունավետ աշխատանք կկատարեն։

Նշված խնդիրները լուծելու համար.

1. Պետության և համայնքների օժանդակությամբ պետք է կայացնել համատիրությունների ինստիտուտը՝ որպես քաղաքացիական հասարակության առանցքային միավոր։ Համատիրությունները, թեև ֆորմալ առումով միավորում են հանրապետության բնակչության մեծ մասին, սակայն բովանդակազուրկ են և ոչ մի կերպ չեն ընկալվում որպես քաղաքացիների՝ սեփական խնդիրները լուծելու նպատակով ստեղծված միավորումներ։ Անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ օրինակներ և դրանց կառավարման փորձը փոխանցել մյուսներին։

2. Պետք է օրենսդրական համապատասխան կարգավորումների միջոցով մասնավոր հատվածին խրախուսել, որպեսզի դրսևորի սոցիալական բարձր պատասխանատվություն և խթանի քաղաքացիական հասարակության գործունեությունը։

8. Պետություն-եկեղեցի հարաբերություններ

Դաշինքը, ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետություն լինելը, խղճի ու դավանանքի ազատությունները, բոլոր կրոնական կազմակերպությունների իրավահավասարությունը, այնուամենայնիվ, ճանաչում է հայ ժողովրդի պատմության, հայապահպանության, հայության հանրային կազմակերպման, սոցիալական, կրթական ու հոգևոր-մշակութային կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարևոր և առանցքային դերակատարությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։

Ուստի, Դաշինքի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ փոխադարձ համագործակցության միջոցով ապահովել հայության ազգային և հոգևոր անվտանգությունը։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները

  • Սահմանադրական կարգավորումների ներքո մշակել և ստորագրել երկկողմ համաձայնագիր, որով կսահմանվեն ՀՀ-ՀԱՍԵ փոխհարաբերությունների սկզբունքներն ու ծավալները:
  • Ստեղծել նպաստավոր միջավայր, որի պայմաններում ՀԱՍԵ-ն կարողանա արդյունավետ ծառայություններ մատուցել անվտանգության ապահովման, կրթական, սոցիալական և հոգևոր ծառայությունների մատուցման ոլորտում:
  • Պետության կողմից աջակցության միջոցով նպաստել եկեղեցու արդիականացմանը, որի արդյունքում ՀԱՍԵ-ն կկարողանա արդյունավետորեն տնօրինել սեփական ռեսուրսներն ու դրանք ծառայեցնել հանուն Հայաստանի և հայության շահերի։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Անվտանգություն

Դաշինքի նպատակը ՀՀ անվտանգային և պաշտպանունակության այնպիսի ներուժի ստեղծումն է, որը կապահովի երկրի, նրա բնակչության անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանության պաշտպանությունը։

Այս նպատակի ապահովման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

  • անընդհատ ավելացնել Զինված ուժերի կարողությունները, այդ թվում` սպառազինությունների և տեխնիկայի շարունակական և հետևողական արդիականացման, ռազմաքաղաքական ռեսուրսների և ռազմավարական զսպման արդյունավետ համակարգերի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով,
  • անընդհատ բարձրացնել Զինված ուժերի մարտունակությունը, մարտական պատրաստականությունը, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ կատարելագործելով զորքերի մարտական վարպետությունը,
  • բարելավել թիկունքային ապահովումը, այդ թվում` անհրաժեշտ նոր ենթակառուցվածքների ստեղծման, նյութատեխնիկական ռեսուրսների ճշգրիտ պլանավորման, դրանց արդյունավետ կառավարման և արդիականացման միջոցով,
  • զարգացնել ասիմետրիկ և հատուկ գործողություններ իրականացնելու, լայնածավալ մարտական գործողությունները կոնվենցիոնալ միջոցներով զսպելու, «պատշաճ հեռավարությամբ» հարվածներ հասցնելու և մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղակայված կերպով վարելու ունակությունները,
  • ընդլայնել և զարգացնել սահմանապահ ծառայության կարողություններն ու ռազմատեխնիկական ռեսուրսները,
  • գործողության մեջ դնել և կատարելագործել սահմանների պաշտպանության և մարտի վարման միասնական ավտոմատ կառավարման համակարգեր՝ տեխնիկական հարցերում մարդու գործոնը հասցնելով նվազագույնի,
  • խորացնել հասարակություն-բանակ երկխոսությունը, ներդնել զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ, զարգացնել ակտիվ պահեստազորի և պայմանագրային ծառայության կարողությունները, պրոակտիվ դարձնել զորակոչի, զորահավաքի և կամավորների հավաքագրման գործընթացները,
  • զարգացնել ռազմական և ռազմավարական դաշնակցությունը գործընկեր երկրների հետ՝ փոխադարձաբար ամրապնդելով ռազմաքաղաքական պարտավորությունների իրավական և կիրառական հիմքերը,
  • զարգացնել և ամրապնդել ոչ ավանդական ուղղություններով պաշտպանունակությունը (այդ թվում՝ կիբեռտարածքում, տեղեկատվական և քարոզչական միջավայրում, հակաահաբեկչության առումով և այլն)։

Վերոհիշյալ խնդիրների լուծման համար.

  • Պետք է կերտել անվտանգային և պաշտպանական այնպիսի համակարգ, որի պայմաններում սահմանափակ ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային ուժի, հնարավոր կլինի առավելագույն խնդիներ լուծել։
  • Պետք է կիրառել այնպիսի ճկուն համակարգ, որի պայմաններում ժամկետային և պայմանագրային զինծառայողների հարաբերակցությունն ու տեղաբաշխվածությունը կլինեն այնպես, որ մի կողմից՝ ժամկետային զինծառայողների թվի կրճատումը չի սպառնա սահմանների պաշտպանությանն ու բանակի մարտունակությանը, իսկ մյուս կողմից՝ նորակոչիկները և զինապարտ քաղաքացիները չեն զրկվի մարտական փորձի պարբերաբար կուտակման հնարավորությունից։
  • Պետք է համապարփակ միջոցներով զարգացնել մարդկային կապիտալն այնպես, որ բանակի թե՛ շարքային, թե՛ սպայական կազմի համալրումներում բանիմաց, մտավոր ու ֆիզիկական բարձր զարգացում և կրթական բարձր ցենզ ունեցող զինծառայողների տեսակարար կշիռն աստիճանաբար աճի։
  • Պետք է պայմանագրային հիմունքներով ծառայության մեջ գտնվող անձանց համար ներդրվեն գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման ու կատարելագործման, պաշտոնեական ու դիրքային առաջխաղացման, սոցիալական երաշխիքների արդյունավետ մեխանիզմներ, ինչի արդյունքում զինվորական ծառայությունը կդառնա առավել գրավիչ մասնագիտություն։
  • Պետք է վերանայել տարկետման ինստիտուտը և կիրառել համապարտադիրության սկզբունքը։
  • Պետք է կիրառել զինծառայության մեջ հաշմանդամություն և այլ սահմանափակումներ ունեցող անձանց, ինչպես նաև կանանց ներգրավման արդյունավետ մեխանիզմներ, որոնց շնորհիվ նրանք կարող են ծառայությունն անցկացնել ոչ մարտական (օրինակ՝ նյութատեխնիկական և համակարգչային ապահովում, կապ և հեռահաղորդակցություն, կիբեռտիրույթ և տեղեկատվական տիրույթ և այլն) և ոչ զորանոցային պայմաններում։
  • Պետք է ներդնել պահեստազորի պարբերական վարժանքների գործիքներ, ինչը հնարավորություն կտա մարտական հմտությունները կատարելագործել հատկապես այն մասնագիտությունների դեպքում, որոնցում տեխնիկական միջոցների ու տեխնոլոգիաների զարգացումը կարող են կարճ ժամկետում հմտությունների վրա ազդեցություն ունենալ։
  • Պետք է մեծ ուշադրություն դարձնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական առաջնահերթություններին, պարբերաբար վերանայել զինծառայողների աշխատավարձերը՝ սահմանելով արդար և արդյունավետ տարանջատման մեխանիզմներ:
  • Պետք է առաջնորդվել բացառապես արժանիքների և կրթական բարձր չափանիշների վրա հիմնված անձնակազմի կառավարման սկզբունքներով:

Զինված ուժերի զարգացման և արդիականացման  գործում հիմնական սկզբունքներն  են.

  • Բանակում ծառայելը հարկադրված զբաղմունք կամ զուտ պարտականություն չէ, այլ պատվաբեր աշխատանք, մասնագիտություն և պարտք հայրենիքի հանդեպ:
  • Բանակը մարդու սոցիալիզացիայի, զարգացման և նոր հմտությունների ձեռքբերման առողջ (անփոխարինելի) միջավայր է:
  • Զինծառայողը և հատկապես սպան հասարակության հայելին են, նրա զարգացածության ու ուժի չափման միավորը:
  • Զինված ուժերը շարունակում են մնալ հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը և պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում:
  • Բանակը հասարակության առաջնորդության, նորարարության, առաջադիմության և ներառականության ամենամեծ դարբնոցն է:
  • Զինված ուժերի զարգացումը և արդիականացումը ոչ թե նպատակ է, այլ անհրաժեշտություն:

2․ Արտաքին քաղաքականություն

Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային և անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում և եղանակներով Հայաստանի և հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է։

Արտաքին քաղաքականության խնդիրներնեն․

  • Գործընկեր կառույցների ու երկրների, դաշնակիցների հետ հարաբերությունների հետագա խորացումը, գործընկերության նոր ուղղությունների մշակումը, հակոտնյա շահեր հետապնդող երկրների հետ արդյունավետ երկխոսության հաստատումը, մասնավորապես.

1. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Երկու ժողովուրդների բարեկամության վրա հենվող մեր հարաբերությունները պետք է բնականոն կերպով զարգանան և խորանան բոլոր ոլորտներում՝ միտված լինելով փոխադարձ շահերի առաջմղմանն ու միմյանց համար տարածաշրջանային մարտահրավերների չեզոքացման հարցում սերտ համագործակցությանը: Անվտանգային ոլորտում համագործակցությունը պետք է բարձրացվի նոր մակարդակի: Երկու երկրների քաղաքական կյանքում ժամանակավոր վայրիվերումները չեն կարող հարցականի տակ դնել անվտանգային, քաղաքական, տնտեսական առումներով անկյունաքարային կարևորություն ունեցող հայ-ռուսական հարաբերությունները, փոխվստահությունն ու բարեկամությունը: Անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է հիմնված լինի իրական կարիքների լիարժեք բավարարման և փաստացի առկա ու պոտենցիալ սպառնալիքներին օպերատիվ արձագանքման սկզբունքների վրա՝ անկախ այլ գործոններից:

2. ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանը պետք է հանդես գա որպես դրանց լիարժեք, ակտիվ և նախաձեռնող անդամ: Հայաստանը պետք է հնարավոր ջանքերը ներդնի՝ ի նպաստ կառույցների զարգացման, դրանց միջազգային հեղինակության ամրապնդման և մեծացման: Արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ պետք է լինի Հայաստանի համար կարևոր հարցերի ներառումը կառույցների օրակարգերում:

3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանին կապում են դարերից եկող երկու հարևան ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, որոնք խորացման մեծ ներուժ ունեն: Բոլոր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը մշտապես պետք է լինի օրակարգում: Իրանի հետ գործակցությունը պետք է միտված լինի երկկողմ հարաբերությունները երրորդ երկրների ազդեցությունից զերծ պահելուն և աշխարհի համար քաղաքակրթությունների շարունակական երկխոսության լավագույն օրինակներից մեկը լինելուն: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում հայ-իրանական համագործակցությունը պետք է հաշվի առնի փոխադարձ շահերը: Պետք է խորացվի համագործակցությունը Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ ձևաչափի ներքո, Հայաստանը պետք է նախաձեռնի Հայաստան-Իրան-Ռուսաստան կայուն համագործակցության ձևաչափ:

4. Վրաստանի հետ սերտ գործընկերային, բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունի: Տարբեր ինտեգրացիոն գերակա վեկտորներ ունեցող երկու հարևան երկրների միջև փոխլրացման սկզբունքով կառուցվող հարաբերությունները պետք է մշտապես միտված լինեն զարգացմանն ու խորացմանը և զերծ մնան արտաքին դեստրուկտիվ ազդեցությունից: Բաց ու անկեղծ երկխոսությունը պետք է լինի մեր հարաբերությունների հիմքը, որը կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

5. Եվրամիության հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը՝ դրա համար հիմք ապահովող իրավապայմանագրային դաշտի շարունակական արդիականացմամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություն պետք է լինի: Եվրոպական երկրների հետ երկկողմ, եվրոպական (և եվրաատլանտյան) կառույցների հետ բազմակողմ համագործակցությունը պետք է հենված լինի ընդհանուր արժեքների վրա և ծառայի Հայաստանում ոլորտային բարեփոխումների շարունակականությանն ու մեզ համար կարևոր օրակարգերի առաջմղմանը: Հարաբերվելով ազգային պետությունների այդ ընտանիքի հետ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են ունենալ իրենց ուրույն ներդրումն այդ բազմազանության մեջ՝ հիմք ունենալով հայ ժողովրդի քաղաքակրթական արմատները, ազգային արժեքներն ու ավանդույթները:

6. ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություն է: Հարաբերությունները պետք է ունենան իրական հագեցած օրակարգ, ներառեն համագործակցության հնարավոր բոլոր ոլորտները՝ մշտական զարգացման դինամիկա ապահովելով բոլոր այն հարցերում, որոնք հակասության մեջ չեն մտնում Հայաստանի այլ պարտավորությունների հետ:

7. Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կառուցվելով պատմական կապերի հենքի վրա, պետք է ունենան հագեցած և բազմազան օրակարգ: Ներկայիս հարաբերությունների մակարդակը չի արտացոլում երկկողմ համագործակցության իրական ներուժը: Հայաստանը պետք է նախաձեռնող լինի Չինաստանի հետ հարաբերություններին իրական բովանդակություն հաղորդելու հարցում:

8. Ադրբեջանը պետք է առերեսվի երեք անգամ Արցախի դեմ պատերազմ հրահրելու փաստի և դրա հետևանքների հետ: Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության համատեքստում իր առավելապաշտական քաղաքականությունից: Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումն ու տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է բացառապես Արցախի բնակչության անվտանգության ու բոլոր հիմնարար իրավունքների հարատև ապահովման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների ճանաչման միջոցով: Ադրբեջանը պետք է վերադարձնի պատերազմի ընթացքում օկուպացված տարածքները:

Հայաստանը, միջազգային հանրության աջակցությամբ, պետք է կանխի ՀՀ ինքնիշխանտարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած հավակնություն և/կամ ոտնձգություն: Երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը և տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր են, բայց իրական կլինեն, եթե Ադրբեջանի իշխանությունը հրաժարվի իր առավելապաշտությունից, հայատյացությունից և շանտաժի քաղաքականությունից: Տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերի կյանքի կոչումը պետք է հիմնված լինի միմյանց հանդեպ վստահության, կառուցողական երկխոսության և իրապես բարիդրացիական հարաբերությունների վրա:

9. Անկախությունից ի վեր՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ուղղակի աջակցությունը, այդ թվում՝ ահաբեկիչների տեղափոխումը տարածաշրջան, հերթական անգամ ցույց տվեցին, որ Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման համար: Թուրքիայի թշնամական կեցվածքը Հայաստանի հանդեպ՝ շրջափակումը, Ադրբեջանին անվերապահ սատարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, Հայոց ցեղասպանության հարցում սեփական պատմությանն առերեսվելու և դրա հետևանքների չեզոքացման անկարողությունն ու ցանկության բացակայությունը, Թուրքիայում առկա քաղաքական առաջնորդության պարագայում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որևէ լավատեսության տեղիք չեն տալիս:

Չնայած դրան՝ պետք է մշակվի և իրականացվի Թուրքիայի հասարակության հետ ուղիղ շփման, մեր մոտեցումների և պատկերացումների ներկայացման գործիքակազմ, որը կնպաստի հանրությունների միջև երկխոսության հաստատմանը:

10. Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի ուրույն կարևորություն: Պատմական ծանր փուլերում հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցությունը չի կարող մոռացվել: Միմյանց աջակցելու ու սատարելու ամուր ավանդույթ է ձևավորվել, որը պետք է շարունակվի: Արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը, համատեղ օրակարգերի առաջմղումը պետք է մշտապես լինեն Հայաստանի ուշադրության կենտրոնում:

11. Հայաստանը պետք է նախաձեռնող լինի և ակտիվ քաղաքական հարաբերություններ զարգացնի բոլոր տարածաշրջաններում՝ յուրաքանչյուրի հետ իր առանձնահատկություններից և գերակայություններից ելնելով: Գլոբալ նախագծերից դուրս մնալը կնշանակի բաց թողնել հնարավորությունները և զիջել մրցապայքարում: Ուշադրության կենտրոնում պետք է լինեն ավանդական հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների, Աֆրիկամայրցամաքի և Հեռավոր Արևելքի երկրների հետ: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն ցուցաբերել Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը:

Արտաքին քաղաքականության ոլորտում սկզբունքներն են՝

  • Հայաստանի՝ բոլոր գործընկերների համար կանխատեսելի ու վստահելի երկիր լինելը,
  • արտաքին քաղաքականության մեջ ակտիվությունն ու նախաձեռնողականությունը,
  • արտաքին միջավայրում շահերի առաջմղման բազմաշերտությունը։

3. Արցախյան հիմնախնդիր

2018-20թթ. Հայաստանի Հանրապետության իշխանությունների տգետ և անպատասխանատու արտաքին քաղաքականության արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան առիթ ստացան Արցախի Հանրապետության դեմ կազմակերպելու լայնածավալ ռազմական ագրեսիա, որի արդյունքում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կրեցին ծանր մարդկային, բարոյական և նյութական վնասներ և հայտնվեցին խոր ճգնաժամում: Գլխավոր խնդիրն այդ ճգնաժամի հաղթահարումն է և Արցախյան հիմնախնդրի վերադարձը կարգավորման բնականոն գործընթաց՝ հետևյալ մոտեցումների հիման վրա.

1. Ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով 44-օրյա պատերազմի արդյունքները չեն կարող փոխել հիմնախնդրի կարգավորման ձևաչափը, տրամաբանությունն ու սկզբունքները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա:

2. Ինչպես արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները, միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ, թեև Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հաջողվել է հաստատել հրադադար, սակայն հիմնախնդիրը կարգավորված չէ: Դա պետք է իրականացվի Մինսկի խմբի ձևաչափով՝ բանակցային փաստաթղթի հիմք հանդիսացող երեք սկզբունքների և վեց տարրերի հիման վրա՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

3. Հայաստանյան համապատասխան կառույցները միջազգային կազմակերպություններում պետք է ակտիվ գործունեություն ծավալեն՝ ապահովելու համար 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի, դրա ընթացքում ահաբեկչական խմբավորումների ներգրավման, քաղաքացիական օբյեկտների՝ բնակելի շենքերի, հիվանդանոցների, սրբավայրերիհրթիռակոծումների, չթույլատրված զինատեսակների կիրառման, այդ ամենի արդյունքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փորձի  դատապարտումը:

4. Միջազգային կառույցներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության, այլ պետական մարմինների գործունեության արդյունքում պետք է այդ կառույցների ճնշումների միջոցով Արցախին վերադարձվեն օկուպացված Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքները, Շուշի և Հադրութ քաղաքները:

5. Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանը Արցախում՝ հասնելով դրանց ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի հաստատմանը:

6. Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի Արցախի ենթակառուցվածքների ու շինությունների վերականգնմանը, Պաշտպանության բանակի վերակառուցմանը, պաշտպանական դիրքերի ձևավորմանն ու ամրապնդմանը, բոլոր փախստականների՝ բնակության վայրեր վերադարձին, նրանց համար կենսպայմանների ու անվտանգության երաշխիքների ձևավորմանը:

7. Հայաստանը պետք է առավելագույն նպաստ բերի Հայաստանի և Արցախի հանրությունների միասնության ամրապնդմանը:

4. Ժողովրդագրություն

Ժողովրդագրության ոլորտում Դաշինքի նպատակը ՀՀ մշտական բնակչության բնական հավելաճի կայուն դրական պահպանումն է։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

  • խրախուսել ծնելիությունը,
  • նվազեցնել արտագաղթի միտումները և բնականոն ներգաղթի պայմաններ ստեղծել,
  • նպաստել կյանքի միջին տևողությաներկարացմանը,
  • ապահովել կյանքի որակի շեշտակի բարելավումը:

Նշված խնդիրները լուծելու համար.

1. Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել իր ձևով և ընդգրկմամբ աննախադեպ` «ՀՀ ժողովրդագրական միտումների շտկման ազգային ծրագիր», որի գերնպատակը պետք է լինի ապահովել, որ Հայաստանի բնակչությունը 2040թ. կազմի առնվազն 4 մլն. մարդ։ Ծրագիրը պետք է հստակ սոցիալական երաշխիքներ նախատեսի ծնելիության կտրուկ աճ ապահովելու համար, այդ թվում՝ միայնակ կանանց աշխատանքային և սոցիալական իրավունքների երաշխիքների սահմանման, առաջին և երրորդ երեխաների ծննդյան համար միանվագ և շարունակական օժանդակության, ֆերտիլության տարիքի անձանց ներգաղթի խրախուսման, աշխատող անձի համար սեփական աշխատանքի և եկամտաստեղծ գործունեության միջոցով իր ընտանիքի բավարար կենսամակարդակ և սեփական բնակարան ձեռք բերելու խնդիրը լուծելու համար հնարավորություն ստեղծելու և այլ եղանակներով։

2. Անհրաժեշտ է մշակել և իրագործել ներգաղթի կազմակերպման համալիր ծրագիր, որի նպատակը կլինի հատկապես գյուղական բնակավայրերի բնակչության կազմի երիտասարդացումը։

3. Պետք է գործարկել հայրենադարձության համալիր ծրագիր, որի շրջանակներում պայմաններ կստեղծվեն հատկապես ռիսկային տարածաշրջաններում և սոցիալական ծանր կացության մեջ գտնվող հայրենակիցների հայրենադարձման, Հայաստանում և Արցախում կարճաժամկետ հատվածում բարեկեցիկ կյանքի կազմակերպման համար։

4. Պետք է գործարկել առողջ ապրելակերպի և առողջության պահպանման համալիր ծրագիր, որի շրջանակներում էապես կնվազի մահացության ցուցանիշն ու կաճի կյանքի ակնկալվող տևողությունը։

5. Սփյուռք

Արմատապես պետք է վերանայվեն «Հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունները՝ հաշվի առնելով հետևյալ հիմնական իրողությունները. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բազմակողմանի ճգնաժամը 44-օրյա պատերազմից հետո, հայկական երկու պետությունների հետխորհրդային փորձառությունը՝ ձեռքբերումների և թերությունների ու սխալների  համատեքստում, հայկական սփյուռքի խորքային տրանսֆորմացիան ԽՍՀՄ փլուզումից հետո՝ «աշխատանքային սփյուռք» ազդեցիկ բաղադրիչի ձևավորմամբ, գլոբալացման պայմաններում սփյուռքի մարտահրավերների սաստկացումը՝ ի վնաս ազգային համախմբմանև ինքնության պահպանման:

 Այդ խնդիրների լուծման նպատակով պահանջվում է.

1. Հայրենիք-սփյուռք հարաբերությունների արդյունավետության մեծացման նպատակով մշակել «Հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունների կառուցման ու զարգացման մասնագիտական ծրագիր՝ ժամանակակից տեսությունների կիրառմամբ, հաջողված միջազգային փորձի օգտագործմամբ և համապատասխան մասնագետների ներգրավմամբ։

2. Սփյուռքի ինստիտուցիոնալ ներուժի մեծացում սփյուռքյան ինստիտուտների և դրանց հետ համագործակցությունն ապահովող հայրենական կառույցների գործունեության արդյունավետության առարկայացմամբ՝ դրանք դիտարկելով որպես ցանցային համակարգի հանգույցներ։

3. Հայկական գիտակրթական ներուժի որակական բարելավում՝ համատեղելով հայրենիքի ինստիտուցիոնալ հնարավորությունները, սփյուռքի և հայրենիքի մարդկային կարողություններն ու ֆինանսական հնարավորությունները՝ որպես հեռանկարային ներդրումային ուղղություն։

4. Հայրենիք-սփյուռք հարաբերությունների մոդելավորում՝ հաշվի առնելով, որ հայկական սփյուռքն այլևս համասեռ «զոհ-սփյուռք» չէ, այլ վերափոխվել է «աշխատանքային սփյուռք» ազդեցիկ բաղադրիչ ունեցող հանրության, ինչպես նաևայն բաղկացած է միմյանցից զգալիորեն տարբերվող հատկանիշներ ունեցող չորս հիմնական խմբերից՝ հետխորհրդային, եվրոպական, ամերիկյան և մերձավորարևելյան, որոնք պահանջում են դիվերսիֆիկացված քաղաքականություն, համագործակցության մեխանիզմներ, նպատակներ, ակնկալիքներ ու պարտավորություններ։

5. Հայկական սփյուռքի վերոհիշյալ 4 խմբերի անձնագրերի և, ըստ այդմ, դրանց հետ վարվող քաղաքականությունների տարբերակված ծրագրերի մշակում՝ ելնելով դրանց բնույթից, առանձնահատկություններից, հնարավորություններից:

6. Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև սփյուռքի հետ վարվող քաղաքականության մշակման և իրագործման կառույցի գործառույթների և լիազորությունների ու պարտականությունների հստակ տարանջատում։

7. Սփյուռքյան կառույցների ու հայաստանյան պետական կառույցների համագործակցության արդյունավետության մեծացում՝ պետական կառույցների դերաբաշխման սկզբունքների հստակեցման խիստ տարանջատման միջոցով։

8. Հայաստան-սփյուռք խորհրդաժողովների ձևաչափի, աշխատակարգի ու կիրառվող մեթոդների վերանայում և գործունեության հայեցակարգի մշակում՝ հայկական սփյուռքի տրանսֆորմացիայի արդյունքները, համագործակցության արդյունավետության մեծացման հրամայականը հաշվի առնելով:

9. Սփյուռքի ավանդական կառույցների հետ համագործակցության արդյունավետության մեծացման դժվարությունների բացահայտում և դրանց հաղթահարման մեխանիզմների մշակում և կիրառում։

10. Հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ  ներուժի մեծացման նպատակով նպատակային մասնագիտական կառույցների ձևավորում՝ գործունեության ուղղությունների հնարավորինս հստակ տարանջատմամբ, դրանցում ներգրավելով բարձրակարգ մասնագետների այն մեծաթիվ հատվածը, որը խուսափում է ավանդական կուսակցական կառույցների շրջանակում գործող հաստատությունների կազմ ընդգրկվելուց։ Այս խնդրի իրագործման նախապայման է իրենց գործունեության ոլորտներում հաջողություններ արձանագրած սփյուռքահայերի տվյալների բանկի ստեղծումը։

11. Սփյուռքն ունի կարևոր դերակատարություն համազգային իղձերի իրականացման գործում, սակայն հստակորեն պետք է արձանագրվի, որ առաջնորդող դերակատարությունը պետք է դրսևորի Հայաստանը՝ որպես պետություն, որի գործունեության հիմնական նպատակներից պետք է լինեն ոչ միայն երկրի արդյունավետ կառավարումը, հասարակությանը հավաստի ու հիմնավոր հաշվետվության ներկայացումը, այլև սփյուռքի մարդկային, ֆինանսատնտեսական և բարոյական աջակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

12. Սփյուռքի չօգտագործվող հնարավորությունների մեծ պոտենցիալ է ավանդական կառույցների մեջ չներգրավված հատվածը, որի ինքնակազմակերպումը, ինստիտուցիոնալացումն ու ակտիվ գործունեությունը մեծապես կպայմանավորեն նոր որակի «Հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունների կառուցումը։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դաշինքի առաջնային նպատակն է տնտեսության կայուն աճի պայմաններում ապահովել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը և կյանքի որակի, բնակչության կենսամակարդակի շեշտակի բարելավումը։

 Տնտեսական քաղաքականության խնդիրներն են՝

  • հարկաբյուջետային կայունության ապահովումը,
  • ներդրումային միջավայրի բարելավումը,
  • մրցունակ ճյուղերի արդիականացումն ու առաջանցիկ զարգացումը,
  • տնտեսական արդյունքի արդյունավետ և արդարացի բաշխումը։

Այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի առանձնահատկությունները և այն գործոնները, որոնք երկարաժամկետ կտրվածքով սահմանափակում են Հայաստանի մրցակցային առավելությունները, այդ թվում՝

  • բնական ռեսուրսների սակավությունը,
  • դեպի ծով ելքի բացակայությունը,
  • շրջափակումն ու լոգիստիկ դժվարությունները,
  • աշխատունակ տարիքի բնակչության՝ նաև արտագաղթի հետևանքով սակավությունը,
  • ռազմական և սոցիալական ծախսերի մեծությունը,
  • տեղական շուկայի սահմանափակ լինելը,
  • ինստիտուցիոնալ համակարգի անկատարությունը,
  • աղքատության բարձր մակարդակը,
  • մարդկային կապիտալի ցածր զարգացածությունը։

Տնտեսությունը, վերջին երեք տարիների վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքով, կազմաքանդվել է, իսկ նոր արժեք ստեղծելու ներուժը՝ կրճատվել: Երկու տարի անընդմեջ ներդրումները նվազում են, աճում է գործազրկությունը, փակվում են գործող ընկերություններ, փոխարենը աննախադեպ աճում է պարտքը՝ վտանգելով հարկաբյուջետային կայունությունը:

Իրավապահ մարմինների անհարկի, որպես կանոն՝ քաղաքական պատճառներով թելադրված, ներխուժումները տնտեսավարողների կյանք, առանց շոշափելի արդյունքների անհիմն քրեական գործերը էապես թուլացրել են բիզնեսի նոր նախաձեռնություններով և ծրագրերով հանդես գալու շահագրգռվածությունը, որի արդյունքում հազարավոր պոտենցիալ աշխատատեղեր այդպես էլ մնում են չբացված:

Հետևաբար, տնտեսության առջև ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հրաժարվել ամբոխահաճո, սակայն տնտեսական հենքերըխարխլող կառավարման մոդելից՝

  • արագ կարգաբերել տնտեսական միջավայրը,
  • ուժեղացնել տնտեսական աճի ներուժը,
  • կառավարելի դարձնել պետական պարտքը,
  • բարելավել ներդրումային միջավայրը:

Այս տեսանկյունից տնտեսական քաղաքականությունում առաջին քայլերը պետք է ուղղված լինեն հարկաբյուջետային և որպես արդյունք՝ տնտեսական կայունության վերականգնմանն ու ամրապնդմանը, քանի որ միայն կայուն տնտեսական միջավայրի առկայության դեպքում կարելի է խոսել ներդրումների ներհոսքից, տնտեսականաճից և զարգացումից:

Հարկաբյուջետային քաղաքականության կայունության վերականգնումը և պարտքի աճի տեմպերի էական դանդաղեցումը լինելու են մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Ուստի մեծ է անհրաժեշտությունը  արագ կարգաբերելու հանրային ֆինանսները, վերանայելու վերջին ժամանակներում ի հայտ եկած աննպատակ և ոչ էական ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող ապօրինի պարգևավճարները: Փոխարենը մեծ շեշտադրում պետք է կատարվի ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերին, հատկապես՝ հարավային ուղղությամբ պաշտպանական դիրքերն ամրացնող շինարարական աշխատանքներին:

Սպառման աճի վրա հիմնված տնտեսական զարգացման մոդելը պետք է արմատապես վերափոխվի ներդրումների և արտադրողականության աճի վրա հիմնված մոդելի: Դրա համար հարկաբյուջետային կայունության վերականգնման և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի ավելացման հենքի վրա անհրաժեշտ է արագ վերականգնել տնտեսական միջավայրը և բիզնեսի համար ապահովել կանխատեսելիություն: Կառավարությունը պետք է կանխատեսելի լինի, և բիզնեսը պետք է վստահ լինի, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարվում, այսօր որտեղ է կանգնած, և վաղը ինչ է լինելու: Դրա հետ մեկտեղ, պետք է բացառել բիզնեսի գլխին կախված օր օրի ավելացող քրեական գործերի դամոկլյան սուրը:

Տնտեսական աճը պետք է դարձնել ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ  հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։

Մրցունակ տնտեսության հասնելու համար մեր առաջնային գերակայությունները եղել և մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը: Պետք է ստեղծել հարթակներ և անհրաժեշտ գործիքակազմ «գաղափար-փոքր բիզնես-կայացած միջին կամ խոշոր ձեռնարկություն» բանաձևի անխոչընդոտ իրագործման համար: Բիզնեսը պետք է չկաշկանդվի կատարելու ծախսեր ինովացիաների և նորագույն տեխնոլոգիաների վրա՝ ստանալով դրանց համար պետական օժանդակություն:

Ներդրումային միջավայրի որակապես բարելավման և ծավալուն ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է՝

  • սեփականության իրավունքի և բանկային գաղտնիքի պաշտպանության երաշխավորում, այդ նպատակով գործուն, հուսալի և վստահելի գործիքների կիրառում,
  • երկիր կապիտալի ներկրման պայմանների ազատականացում, փողի ծագման հսկողության նվազեցում,
  • բանկային համակարգում ճկուն գործիքների ներդրում, ինչը հնարավորություն կտա երկարաժամկետ ներդրումների համար մրցունակ պայմաններ առաջարկել,
  • կապիտալի տեղաշարժի կանոնակարգում (կարգավորումների մեղմացում)՝ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները,
  • պետության մատուցած ծառայությունների բարելավում, վարչական և վարչարարական խոչընդոտների վերացում, ընթացակարգերի դյուրինացում,
  • մրցակցային միջավայրի բարելավում, քաղաքացիական իրավունքի ոլորտում պարզ նորմերի կիրարկում, վարչական և քաղաքացիական դատավարության բարելավում,
  • միջազգային պարտավորությունների շրջանակներում պրոտեկցիոնիստական այնպիսի գործիքների կիրառում, որոնք հնարավորություն կտան ազգային կապիտալին ամրանալ մի շարք, հատկապես՝ ռազմավարական, ոլորտներում, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, ավիացիա, վառելիքաէներգետիկ ոլորտ, սննդի արդյունաբերություն և առևտուր, գյուղատնտեսություն և այլն,
  • հարկային ոլորտում պարզ, հասկանալի, թափանցիկ և կայուն խաղի կանոնների ապահովում և երաշխավորում, որտեղ տեսանելի հեռանկարում սահմանված կանոններն էական փոփոխությունների չեն ենթարկվելու։

Անհրաժեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ, ցուցաբերել տեխնիկական և խորհրդատվական աջակցություն, իրականացնել օժանդակության ծրագրեր, ինչը ենթադրում է.

  • Պետական մասնագիտացված կառույցների և շտեմարանների ստեղծում, որոնց միջոցով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ներդրողները, առանց հավելյալ ծախսերի, հնարավորություն կունենան սեփական հայեցողությամբ արդյունավետ տնօրինել իրենց միջոցները։
  • Հատուկ շտեմարանների և հարթակների ստեղծում, որոնցում մրցունակ գործարար նախագծերը կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողներին։
  • Հեռանկարային նախագծերին պետական էական աջակցության ցուցաբերում (օրինակ՝ առաջադեմ սարքավորումների ձեռքբերման նպատակով լիզինգի սուբսիդավորում, ներդրումներ՝ մասնաբաժնի դիմաց և այլն)։
  • Այնպիսի ինստիտուտների և գործիքների կիրարկում, որոնք հնարավորություն կտան, որ անհատ քաղաքացիներն իրենց համեստ խնայողություններն ուղղեն ոչ թե սպառմանը, այլ ներդրումներին (պարտատոմսեր, բաժնետոմսեր, փայեր և այլն)։
  • Ձեռնարկատիրական գործունեությանն ու ներդրումներին առնչվող օրենսդրության պարզեցում և բյուրոկրատական կարգավորումներից ձերբազատում, իրավակիրառական պրակտիկայի բարելավում և իրավական կանխատեսելիության բարձրացում այնպես, որ ՀՀ քաղաքացիները, երկրում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները, իրավաբանական այլ անձինք հստակ պատկերացում կազմեն իրավունքների և պատասխանատվության ծավալի մասին։

Անհրաժեշտ է խրախուսել տնտեսության այն ճյուղերի զարգացումը, որոնք կապահովեն սահմանափակումների պայմաններում մրցունակ արտադրանքի կամ ծառայության մատակարարում, զբաղվածության ապահովում, անվտանգության (այդ թվում՝ պարենային) ապահովում.

  • Գյուղատնտեսության ոլորտում արտահանմանը միտված ֆերմերային տնտեսություններից բացի անհրաժեշտ է զարգացնել նաև բնատնտեսությունները, որոնք գյուղական բնակավայրերում կապահովեն զբաղվածություն և կայուն եկամուտներ։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ենթակառուցվածքներ (սպանդանոցներ, կաթի մթերման կայաններ, գյուղմթերքի իրացման շուկաներ, միկրովարկավորման գործիքներ և այլն)։
  • Կրթության, առողջապահության, ծրագրային ապահովման և ճարտարագիտության ոլորտներում անհրաժեշտ է օժանդակել այնպիսի տնտեսավարող մրցունակ սուբյեկտների ի հայտ գալուն, որոնք ի վիճակի կլինեն ծառայություններ մատուցել արտաքին շուկայում։ Նշված ոլորտներում պետական օժանդակությամբ աշխատող կազմակերպություններին ու ընկերություններին պետք է հնարավորություն տալ գործարար կապեր հաստատել արտերկրի շուկաներում։
  • Զբոսաշրջության ոլորտում արդիական է այնպիսի ուղղությունների զարգացումը, որոնք պոտենցիալ զբոսաշրջիկներին կստիպեն Հայաստանում ավելի շատ միջոցներ ծախսել (առողջապահական տուրիզմ, մշակութային տուրիզմ, փառատոներ և այլն)։

Այս հնարավորությունները ստեղծվում են տնտեսական քաղաքականությունից բխող՝ էական ինտեգրացիոն և ենթակառուցվածքային ծրագրերի հետևողականիրացմամբ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ հետևենքներառական գործարարության և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված մեր քաղաքականության իրագործմանը։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

1. Սոցիալական ապահովություն

Վերջին 30 տարիներին երկրի խնդիրներից առաջնայինը թերևս գործազրկությունն է, որն իր հերթին ստեղծում է սոցիալական և ժողովրդագրական բնույթի բազմաթիվ այլ մարտահրավերներ։ Սրան զուգահեռ` երկրում շարունակում է բարձր լինել աղքատության տոկոսը։ Լրջագույն բեռ է օրեցօր ավելացող գնաճը, բժշկական ծառայությունների անհասանելիությունը կամ թանկությունը։ Պետությունը չի ապահովում քաղաքացիների սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացում,  խնդիրների պատշաճ ախտորոշում և դրանց հաղթահարման արդյունավետ ռազմավարության մշակում։ Դաշինքը առաջարկում է բարեփոխումների հստակ և գործունակ տեսլական, որը հնարավորություն կտա արդյունավետ կերպով սպասարկել բնակչության սոցիալական կարիքները։

Սոցիալական ապահովության ոլորտում քաղաքականության խնդիրները պետք է լինեն՝

  • պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների, ինչպես նաև իրենց հիմնական բնակության վայրը կորցրած և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների կարիքների ամբողջական գնահատումն ու սոցիալական աջակցության համալիր ծրագրի իրականացումը,
  • բնակչության խոցելի և կարիքավոր խմբերի սոցիալական բեռի մեղմումը,
  • աղքատության հաղթահարումը և սոցիալական բևեռացման նվազեցումը,
  • զբաղվածության և աշխատանքի խթանումը,
  • սոցիալական արդյունավետ ծառայությունների մատուցումը,
  • սոցիալական պայմանների բարելավումը և կենսամակարդակի ավելացումը։

Նշված խնդիրները լուծելու համար.

1. Պետք է բարձրացնել պետության մատուցած ծառայությունների արդյունավետությունը, ինչի համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն.

  • Հասցեական. ծառայությունները պետք է տրամադրվեն այն մարդկանց, ովքեր իրապես դրա կարիքը ունեն։ Մատուցվող ծառայությունների ծավալը պետք է պայմանավորված լինի ոչ թե շահառուի պահանջներով, այլ կարիքներով։
  • Որակյալ. ծառայությունների ծավալն ու արդյունավետությունը պետք է բավարարեն խոցելի և կարիքավոր անձանց խնդիրների լուծմանը։
  • Հասանելի. ծառայությունները պետք է մատուցվեն լայն հանրության համար հասկանալի չափորոշիչների հիման վրա՝ հիմնականում ինքնաշխատ եղանակով, առանց խտրականության և արհեստական խոչընդոտների։
  • Արդարացի. ծառայությունների մատուցման չափորոշիչները, գործընթացը, ընթացակարգերը, ծավալը մշակելու, ներդնելու և իրականացնելու փուլերում պետք է լինեն հնարավորինս թափանցիկ և հասկանալի՝ թե՛ գործող, թե՛ պոտենցիալ շահառուների համար։

2. Պետք է գործարկել թիրախային և հասցեական ծրագրեր, որոնք պետք է միտված լինեն՝

  • կրթության, աշխատանքի, գործարարության խրախուսմանը և նպաստները վարձատրությամբ ու եկամտով փոխարինելուն,
  • սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտ հոգևոր-կրոնական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը, համայնքներին և մասնավոր հատվածին ներգրավելուն,
  • սոցիալական ապահովության ավանդական ինստիտուտների, առաջին հերթին՝ եռասերունդ ընտանիքի ամրապնդմանը, ինչպես նաև նոր, առաջին հերթին՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի արդյունավետ աշխատանքին,
  • խոցելի և կարիքավոր խմբերի ներկայացուցիչների պահանջմունքների ճիշտ գնահատմանն ու ռեսուրսների արդյունավետ տնօրինմանը,
  • բնակչության տարբեր խմբերի (սեռային, տարիքային, մասնագիտական, սահմանամերձ, բարձր լեռնային և այլն) ներկայացուցիչների համար հավասար հնարավորությունների ապահովմանը,
  • ծառայությունները շահառուին մոտեցնելու նպատակով կարիքների գնահատման, որոշումների կայացման և ծառայությունների մատուցման գործառույթները շահառուին մոտ գտնվող ինստիտուտներին (սոցիալական աշխատող, համատիրություն, համայնք և այլն) պատվիրակելուն,
  • երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, հատկապես՝ խրախուսելով նոր ընտանիքների ստեղծումը և առաջին երեխայի ծնունդը՝ սոցիալական աջակցության միջոցով, իսկ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդները՝ աշխատանքի վարձատրության կամ եկամտաստեղծ գործունեության իրականացումը խթանելու և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված եկամտի աճի ապահովման միջոցով,
  • քաղաքացիներին տրամադրվող դրամական տիպի սոցիալական ծառայությունների առցանց տարբերակով մատուցմանը՝ հնարավորինս բացառելով քաղաքացու այցելությունը տարածքային մարմին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1. Կրթություն

Վերջին 30 տարիներին կրթական համակարգը հնարավոր չի եղել վերածել 21-րդ դարի հայրենասեր, գիտակից  քաղաքացիների և միաժամանակ` բարձրորակ ու մրցունակ կադրերի պատրաստման դարբնոցի։ Կրթական համակարգի հայաստանակենտրոն, այսինքն` հայկական պետականության խնդիրներին համապատասխանող և ազգակենտրոն բարեփոխումները անխուսափելի են ու հրատապ։

Կրթության ապագայի տեսլականը

1. Կրթությունը մարդու հիմնարար իրավունք է: Պետությունը պետք է ապահովի համընդհանուր հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն: Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի մարդու անձնային և մասնագիտական լիարժեք զարգացմանը, խթանի ազգային և համամարդկային արժեհամակարգ՝ խարսխված հայրենասիրության, հանդուրժողության փոխըմբռնման և համագործակցության գաղափարների վրա:

2. Կրթությունը հանրային արժեք է, որի պատասխանատուն պետությունն է: Հասարակությունը կիսում է կրթության քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատվությունը, որը ենթադրում է ներառական հանրային գործընթաց: Քաղաքացիական հասարակությունը, ուսուցիչներն ու դասախոսները, մասնավոր հատվածը, համայնքը, ընտանիքը, երիտասարդներն ու երեխաները կարևոր դեր ունեն որակյալ կրթության իրավունքի իրացման գործում: Պետության դերը վճռորոշ է կարգավորող սկզբունքների և նորմերի սահմանման համար:

3. Կրթության զարգացման գլխավոր նպատակն է կրթական այնպիսի համակարգի ձևավորումը, որը յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալու իր պահանջմունքներին, մտավոր կարողություններին ու ձգտումներին համապատասխան որակյալ կրթություն, բավարարում է տնտեսության ու հասարակության պահանջները, լիարժեք ծառայում է ազգային շահերին:

Կրթության ապագայի ռազմավարությունը 

1. Կրթության զարգացման գլխավոր նպատակի իրականացման համար կորդեգրվեն հետևյալ ռազմավարությունները.

  • 1. Կարիքներին միտված պլանավորում. կբազմազանեցվեն կրթական ծրագրերը, կրթության կազմակերպման ձևերն ու մեթոդները, կրթություն ստանալու հնարավոր ճանապարհները:
  • 2. Կապահովվի կրթական ծրագրերի ճկունությունը, դրանք սովորողների, նրանց ընտանիքների, համայնքի և տնտեսության կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությունները, կընդլայնվեն դպրոցական պարտադիր բաղադրիչով նախատեսված դասընթացները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհատական ուսումնական պլանների, մոդուլային ծրագրերի, հոսքային ուսուցման կիրառությունը:
  • 3. Միաժամանակ կզարգացվեն կրթության կազմակերպման ձևերը. կընդլայնվեն հեռավար կրթության հնարավորությունները, կներդրվի ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմ, կապեր կստեղծվեն կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերի միջև, ինչը հնարավորություն կտա կրթական ցանկալի վերջնարդյունքներին հասնելու համար ընտրել առավել հարմար, սեփական հնարավորություններին համապատասխանող ճանապարհ:Կն երդրվեն ուսումնական պարապմունքների կազմակերպման ժամանակակից մեթոդներ՝ հնարավորություն ստեղծելով օգտագործել արտադպրոցական ռեսուրսները՝ մշակութային կենտրոններ և այլն:
  • 4. Կրթության համակարգի բազմազանեցումը կառնչվի նաև ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևերին: Արդեն իսկ որոշ ուսումնական հաստատություններ վերակազմակերպվել են հիմնադրամների: Կխթանվի ուսումնական հաստատությունների համատեղ հիմնադրման, կառավարման համակարգում սոցիալական գործընկերների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը:
  • 5. Կարիքներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով կամրապնդվեն հետադարձ կապի և սոցիալական երկխոսության մեխանիզմները. պարբերաբար կանցկացվեն հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, կստեղծվեն հանրային քննարկման հարթակներ, կբարելավվեն որոշումների կայացման մասնակցային մեխանիզմները:
  • 6. Գործընկերային համագործակցություն. մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ կամրապնդվի գործընկերային համագործակցությունը: Որոշ գործառույթների իրականացումը, կրթաօժանդակ ծառայությունների մատուցումը կփոխանցվի մասնագիտական ոլորտում արհեստավարժ և հասարակության վստահությունը վայելող կազմակերպությունների, պետական աջակցություն կցուցաբերվի կրթության զարգացման գերակայություններին և սկզբունքներին համապատասխանող միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից նախաձեռնված ծրագրերին, որոնք մասնագիտական փորձաքննության արդյունքներով կներառվեն կրթության զարգացման ծրագրերի փաթեթում:
  • 7. Նշված ուղղություններով ծրագրերի իրականացման արդյունավետության ապահովման նպատակով պարտադիր պայման կլինի դրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կիրականացվեն խիստ վերահսկողություն և մոնիթորինգ՝ ներգրավելով ինչպես պետական, այնպես էլ հասարակական կառույցները: Կշարունակվի գիտելիքների գնահատման և որակի ապահովման համակարգերի կատարելագործումը և ամբողջական ներդրումը:

Հայաստանի կրթական համակարգը պետք է․

  • Կրթի և դաստիարակի Հայաստանի իրապես արժանապատիվ և լիիրավ քաղաքացիների:
  • Յուրաքանչյուր քաղաքացու հնարավորությունընձեռի ստանալու մատչելի, որակյալ կրթություն, ժամանակակից աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ:
  • Ապահովի, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր ստացած մասնագիտությամբ ինքնադրսևորվել և կայանալ գլոբալ մասնագիտական շուկայում:
  • Հնարավորություն տա քաղաքացիներին՝ ըստ անհրաժեշտության, արագ և արդյունավետ վերամասնագիտանալ, ադապտացվել ժամանակակից աշխարհի փոփոխվող իրողություններին:
  • Դառնա առնվազն տարածաշրջանի մակարդակով առաջատար և օրինակելի։ 10 տարվա ընթացքում հասնի նրան, որ հայկական երկու համալսարան ներառվի աշխարհի լավագույն 1000-յակի վարկանիշային ցուցակում:

Հանրակրթության ոլորտում.

  • Անհրաժեշտություն է վերջ տալ հանրակրթության քաոսային, չմտածված, չփորձարկված, ազգային մտածելակերպին չհամապատասխանեցված, կուրորեն ներմուծվող և նեղ խմբային շահեր սպասարկող բարեփոխումներին, վերանայել ու վերաբաշխել կրթական ծրագրերն ու ծանրաբեռնվածությունը։
  • Աշակերտների մեջ պետք է սերմանել հայրենասիրություն և բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն, այդ թվում՝ սեփական պարտականությունների ու իրավունքների, ինչպես նաև՝ ժողովրդավարական արժեքների լիարժեք ըմբռնում, ժողովրդավարության մեխանիզմների աշխատանքի հստակ գիտակցում։ Ընդ որում՝ պետք է գիտակցել, որ հայրենասիրությունն ու քաղաքացիական ինքնագիտակցությունը չի կարելի իրարից տարանջատել։
  • Աշակերտներին պետք է տալ բավականաչափ բազային գիտելիքներ ապագա մասնագիտության ընտրության համար, ապահովել, որ մասնագիտության ընտրությունը հնարավորինս կատարվի գիտակցաբար ու նպատակադրված։
  • Պետք է ապահովել աշակերտների անհատական հետաքրքրությունների ու նախասիրությունների զարգացումը, այդ թվում՝ արտադասարանական խմբակների ու միջոցառումների, միջդպրոցային միջոցառումների և այլ հնարավոր ձևաչափերով։
  • Բարեփոխումները պետք է լինեն երկբևեռ՝ ուղղված մի կողմից աշակերտներին, մյուս կողմից՝ մանկավարժներին։

Մասնագիտական կրթության ոլորտում.

  • Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում պետությունը պետք է երաշխավորի աշխատել և սովորել ցանկացող յուրաքանչյուր երիտասարդի՝ իր ընտրած մասնագիտությունը ստանալու հնարավորությունը՝ անկախ իր ֆինանսական ու սոցիալական կարգավիճակից։
  • Պետությունը պետք է ապահովի ուսանողի ու գործատուների միջև կապը, որ մի կողմից՝ուսանողը ճիշտ պատկերացնի իր ընտրած մասնագիտության հեռանկարները, մյուս կողմից՝ մասնագիտությունն ընտրելու դեպքում հետագայում ունենա որոշակի երաշխիքներ այդ մասնագիտությամբ արժանապատիվ եկամուտ ապահովելու հարցում:
  • Մասնագիտական կրթության համակարգը պետք է անընդհատ մեթոդապես զարգանա, այդ թվում՝ նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաների ինտենսիվ կիրառման ճանապարհով, որպեսզի հետ չմնա ժամանակակից, նաև միջնաժամկետ ապագայի համաշխարհային միտումներից։

Բարձրագույն կրթության ոլորտում.

Դաշինքը նախևառաջ արձանագրում է, որ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը ծանր հիվանդ է ոչ թե մեկ, այլ մի քանի այնպիսի «հիվանդություններով», ինչպիսիք են՝

  • ձևական կրթությունը, երբ ուսանողները զանգվածաբար 4-6 տարի վճարում են՝ ձեռք չբերելով գիտելիք և գիտելիքներ ձեռք չբերելու համար,
  • գրագողությունը,
  • նոր գիտելիք չստեղծելը և կտրվածությունն ու հետ մնալը ժամանակակից գիտության նվաճումներից,
  • կտրվածությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներից,
  • կոռուպցիա (օրինակ՝ ոչ արժանի գիտական կոչումներ, բուհը՝ զուտ որպես պարտադիր զինծառայությունից խուսափելու միջոց և այլն)։

Դաշինքը համոզված է, որ Հայաստանը առաջատար գիտակրթական երկիր դարձնելու համար անհրաժեշտ է անհապաղ լուծել հետևյալխնդիրները, և դրա համար պետք են վիրահատական բնույթի լուծումներ.

  • Բուհերը պետք է լինեն ոչ թե ներկայի նման զուտ եղած, ինչ-որ տեղ արդեն հնացած գիտելիքը փոխանցող, այլ նոր գիտելիք ստեղծող ու եղածի հետ նոր գիտելիքը փոխանցող գիտակրթական համալիրներ:
  • Բուհերի ֆինանսավորման մեխանիզմները պետք է վերանայվեն այնպես, որ բուհը ստիպված չլինի չսովորող ուսանողին պահել հանուն ուսման վարձի։ Այդ նպատակով անհրաժեշտ է մեծացնել գիտության ֆինանսավորումը, իսկ բուհերը դարձնել գիտական արտադրանքի հիմնական գեներացնողներ, ինչպես զարգացած գիտակրթական համակարգեր ունեցող երկրներում է։ Եթե բուհերը զուտ դասախոսություն լսելու վայրից վերածվեն իրական գիտական կենտրոնների, դա մի կողմից հնարավորություն կտա ուսանողներին հենց սովորելու ընթացքում ընդգրկվելու նորարարական նախագծերում, որոնցով հետաքրքրված է բիզնես ոլորտը, իսկ մյուս կողմից էլ բիզնեսին հնարավորություն կտա գտնելու իրեն անհրաժեշտ երիտասարդ կադրեր և ներդրումներ անելու իրեն անհրաժեշտ նորարարական նախագծերում:
  • Ժամանակակից աշխարհում գիտական և տնտեսական լուրջ հաջողությունների համար վճռորոշ նշանակություն ունի տարբեր մասնագետների արդյունավետ համագործակցությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է միջդիսցիպլինար կապերի ստեղծումը բուհերում:
  • Յուրաքանչյուր ուսանող պետք է հնարավորություն ունենա ըստ իր մասնագիտական հետաքրքրության ոլորտների՝ բուհում անցնելու նաև այլ մասնագիտություններից իրեն անհրաժեշտ դասընթացներ։ Մենք համոզված ենք, որ կենսական անհրաժեշտություն է առաջացել տեխնիկական և հայագիտական կրթական համակարգերի զարգացումը` կրթական բոլոր մակարդակներում:

2. Գիտություն

Պետությունների տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը գիտության և բարձր տեխնոլոգիաների այնպիսի ուղղությունների կայացումն է, որոնք ստեղծում են հավելյալ արժեք: Հայաստանում արտադրված կիրառական գիտական արդյունքները պետք է մրցունակ լինեն համաշխարհային նորարարությունների շուկայում: Այդ իսկ պատճառով գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվի նաև դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: Ստեղծված իրավիճակում մեր երկրի համար մեծ կարևորություն է ունենալու գիտական նորարարությունների կիրառումը ռազմարդյունաբերության ոլորտում: Մենք պետք է ձևավորենք խրախուսական միջավայր գիտությամբ զբաղվելու և որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար:

Մեր ախտորոշմամբ Հայաստանի Հանրապետության գիտության համակարգում տեսանելի են հետևյալ խնդիրները՝

  • գիտությունը սրընթաց ծերանում է, առկա է մարդկային ներուժի շատ մեծ հոսունություն, այդ թվում՝ ուղեղների արտահոսք,
  • գիտական ենթակառուցվածքների և գիտության զարգացման արդի պահանջների միջև անհամապատասխանություն,
  • ճարտարագիտական և կիրառական հետազոտությունների ընդհանուր ծավալը շատ փոքր է ֆինանսավորվող գիտական հետազոտություններում,
  • գիտության ֆինանսավորման անբավարար ծավալ, ֆինանսավորման մեխանիզմների ցածր արդյունավետություն,
  • բուհ-գիտահետազոտականկազմակերպություն-աշխատաշուկա համագործակցության ոչ բավարար մակարդակ։

Առկա խնդիրները լուծելու համար պետք է՝

  • օրենքով ամրագրել և երաշխավորել պետական բյուջեի միջոցներից գիտության ֆինանսավորման նվազագույն ծավալը,
  • գիտության բնագավառում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ,
  • գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ ավելացնել շուկայական պահանջից և պետության զարգացման տեսլականից բխող կիրառական հետազոտությունների մասնաբաժինը,
  • նոր ռազմավարություն մշակել հասարակագիտական, հատկապես՝ հայագիտական հետազոտություններին պետական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով,
  • իրականացնել գիտության, գիտական կարիերայի հանրայնացման, գիտնականների աշխատանքի լուսաբանման, գիտական կարիերա ընտրելու խրախուսման լայնածավալ ծրագրեր:

ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակույթի ոլորտում հիմնարար շերտերի հստակեցումը

Վերջին շրջանում Հայաստանի մշակութային կյանքում նկատվող բազում հիմնախնդիրներ պայմանավորված են երկրում հստակ մշակութային քաղաքականության բացակայությամբ:

Հասարակության մեջ արմատավորվող ազգային և համամարդկային հիմնարար արժեքների հարացույցը, գոնե հիմնական դրույթներով, հստակեցված չէ: Այսինքն՝ պարզ չէ, թե Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի՞ արժեքներ է պատվաստում և արմատավորում իր հասարակության մեջ, ինչպիսի՞ արժեքների կրող է ցանկանում տեսնել իր քաղաքացուն։ Այսօր, խիստ մոտավոր ընկալմամբ, ենթադրվում են՝ «լավ արժեքներ», այն էլ «Արևմուտքի» կամ «Արևելքի»՝ լղոզված, մասնավոր և սուբյեկտիվ ըմբռնումներով։ Ձևակերպված չեն պետության և հասարակության մշակութային անհրաժեշտությունները։

Մինչդեռ այն, ինչ հստակ չէ պետության համար, կանոնակարգվում է առանձին անհատների, շրջանակների, հասարակական կազմակերպությունների կամ խավերի շահերով՝ հենց պետության անունից, և միշտ չէ, որ դա «հասարակական բարիքի» աղբյուր է։ Մեր իրականության մեջ այսօր արդեն ակնհայտ է նման գործունեություն վարող շրջանակների «մշակութային նպատակների» ներհակ բնույթը։

Հասարակության մեջ արժեքային համակարգերի ձևավորումը քաղաքական նշանակության խնդիր է, որը պետք է ենթադրի՝

  • հայ հասարակության համար ազգային և համաշխարհային մշակույթի առաջնային նշանակության շերտերի հստակեցում,
  • ազգային, ավանդութային և համամարդկային արժեքների ներդաշնակ որդեգրման հանձնառություն,
  • հոգևոր-մշակութային արժեքների և պետական ու ազգային շահերի համադրում:

Նշված խնդիրների լուծման համար․

Պետք է ձևակերպվի հայ հասարակության և պետության համար մշակութային արժեքների այն հարացույցը, որ առաջացել է պատմական տրամաբանությամբ և նպաստում է պետության առաջընթացին։

Այն ենթադրում է՝

  • Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության հոգևոր-մշակութային առաջնահերթությունների հստակեցում և հաստատագրում,
  • համապատասխան հիմնարար փաստաթղթերի մշակում,
  • ոլորտային մասնագետների մասնակցությամբ հայ ավանդական մշակույթի խորքային շերտերի հստակ սահմանում,
  • հայ մշակույթի ինքնութենական նշանակության որոշարկում՝ ըստ ավանդական և պրոֆեսիոնալ արվեստի ճյուղերի,
  • համաշխարհային արվեստի և հոգևոր արժեքների այն շրջանակի որոշարկում, որը համահունչ է հայ հասարակության և հայկական պետականության առաջընթացին, դրանց արտացոլումը մշակութային քաղաքականություն իրականացնող պետական մարմինների քաղաքական և կանոնակարգային փաստաթղթերում,
  • ոլորտին առնչվող ժամանակակից համաշխարհային տեղաշարժերի հանդեպ խիստ զգայուն, բայց և խտրական ընկալունակություն պետական համակարգում։

Մշակույթի հասարակական գործառույթների իրականացումը ոլորտային մարմինների կողմից

Այս գործառույթները այսօր հստակեցված չեն, որի արդյունքում լայն առումով մշակութային գործունեությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, արվեստի ստեղծումը, մշակութային կրթությունը, ժամանցը, զվարճալիքի ինդուստրիան և այլ ոլորտներ առ այսօր որոշարկված չեն։ Ավելին, շփոթելու աստիճան խառնված են։ Դրա արդյունքում պետական կառավարման մարմինների գործողությունները, կառավարումն ու ֆինանսավորումը  որևէ ձևով պատճառականացված չեն։

Այդ խնդիրները առաջադրում են՝

  • մշակութային շերտերի և գործունեության ձևերի տարանջատում,
  • մշակութային գործունեության ոլորտների հստակեցում,
  • մշակույթի կառավարման մարմինների գործունեության կանոնակարգում,
  • մշակութային կազմակերպությունների գործունեության կանոնակարգում:

Նշված խնդիրների լուծման համար․

Անհրաժեշտ է հստակեցնել ոլորտի պետական կառավարման մարմինների կառուցվածքն ու գործունեությունը՝ հետևյալ բաղադրիչներով.

  • Վերոհիշյալ հիմնարար փաստաթղթերի պահանջներից ելնելով՝ սահմանել ոլորտի կառավարման մարմինների գործունեության թիրախային նպատակները։
  • Դրանց իրականացման համար հաստատել կառավարչական օպտիմալ ստորաբաժանումներով հագեցած կառուցվածք։
  • Սահմանել ոլորտային կառավարման մարմինների և մշակութային կազմակերպությունների գործառույթները, գործունեության ձևերն ու հստակ շրջանակը։
  • Դրանց պատասխանատվության շրջանակը սահմանել ըստ մշակույթի հիմնարար շերտերի՝ դուրս թողնելով զուտ շուկայական բնույթ ունեցող ոլորտներն ու արտահայտությունները։
  • Որոշարկել և համակարգել մշակույթի ոլորտում կրթական բաղադրիչը և կրթության ոլորտում մշակութային բաղադրիչը ոլորտային մարմիններիաշխատանքներում՝ հստակ սահմանելով այդ մարմինների  պարտավորություններն ու պատասխանատվությունը։
  • Գործունեության մշակութային բաղադրիչ ունեցող կազմակերպությունների (մեդիա միջոցներ, հեռարձակողներ, հրատարակիչներ և այլն) մշակութային քաղաքականության հստակեցում և որոշակի պատասխանատվության աստիճանի ամրագրում։
  • Ոլորտային կառավարման մեջ (ծրագրում, ֆինանսավորում) սահմանել տարբերակված ռեժիմներ պետության համար առաջնային նշանակության շերտերի և մշակութային կենցաղի արտահայտություն հանդիսացող իրողությունների դեպքում։

Մշակույթի ազգային անվտանգության բաղադրիչը

Արդի իրականության մեջ մշակույթի տարբեր արտահայտություններ հաճախ  կարևոր քաղաքական շեշտառություն ունեն։ Թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային աշխարհաքաղաքական իրողություններում մշակութային գործոնը վերաիմաստավորվում է որպես քաղաքական գործիք։ Մշակույթի անվտանգային բովանդակության գիտակցված չլինելը և պետության կողմից չկանոնակարգվելը առաջացնում է տարածաշրջանում հայկական ներկայության, Հայաստանի շահերի պահպանության, հայ ժողովրդի պատմական ժառանգության համար լրջագույն խնդիրներ։

Մշակույթի անվտանգային բովանդակությունից են բխում՝

  • հայ մշակույթի ինքնութենական շերտերի հստակեցումը,
  • հայ մշակույթի պետական նշանակության գնահատումը,
  • հայ մշակույթի հանրահռչակման քաղաքականության մշակումը:

Դրանց լուծման քայլերն են.

  • Հաշվառել հայ մշակութային ժառանգության քաղաքական նկատառումներով դեֆորմացվող և նման ռիսկեր պարունակող շերտերը։
  • Մշակել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքական հիմնարար փաստաթղթերում մշակութային բաղադրիչները՝ որպես գործոն և գործիք։
  • Արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանը միտված պետական ձեռնարկների ծրագրումն իրականացնել նաև պետական անվտանգային հայեցակարգերի հետ համակարգված։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության ոլորոտում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ։ Վերջին երկու տարիներին առողջապահության համակարգը հայտնվել է  բարոյալքված վիճակում։ Մի կողմից՝ հեղինակավոր և անվանի բժիշկների դեմ իրականացված անպարկեշտ հարձակումներն ու անտրամաբանական պաշտոնանկություններն առաջ բերեցին համակարգից որակյալ կադրերի արտահոսքի, մյուս կողմից էլ բարեփոխումների անվան տակ իրականացված անհեթեթ փոփոխությունները քանդեցին առանց այդ էլ խարխուլ համակարգը։ Անտեսելով պատերազմական երկիր լինելու հանգամանքը` իշխանությունը փակեց մի շարք մարզային հիվանդանոցներ, մի մասն էլ հայտնվել են փակման վտանգիառջև։ Շարունակում է չլուծված մնալ առողջապահական ծառայությունների հասանելիության խնդիրը, հատկապես` մարզային բնակավայրերում։ Հայաստանին անհրաժեշտ է առողջապահության նոր քաղաքականություն, որի նպատակը  անհատի և հանրային առողջության պահպանումն ու բարելավումն է, հիվանդացության ու մահացության կրճատումը, հաշմանդամության նվազեցումը:

Առողջապահության ոլորտում քաղաքականության խնդիրները պետք է լինեն՝

  • բնակչության առողջ ապրելակերպի խթանումը,
  • կադրերի պատրաստումն ու համակարգը բարձրորակ կադրերով ապահովումը,
  • հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը,
  • վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխարգելող արդյունավետ համակարգի ներդրումը,որակյալ, ժամանակակից, համապարփակ բժշկական ծառայությունների մատուցումը։

Այս խնդիրները լուծելու համար.

  1. Պետք է ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, ինչը ենթադրում է՝
  • առողջապահության առաջնային օղակի բուժհաստատությունների արմատական բարեփոխում, այդ թվում՝ կազմակերպաիրավական և սեփականության ձևերի, ֆինանսավորման և կառավարման եղանակների, գործառութային ծանրաբեռնվածության և մատուցվող ծառայությունների վերանայում,
  • կանխարգելիչ ծառայությունների մատուցման լայն ցանցի ստեղծում և բնակչության, հատկապես՝ խոցելի խմբերի (երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդություն ունեցողներ և այլն) ներկայացուցիչների, պարբերական հետազոտությունների իրականացում,
  • առաջնային օղակում ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում, կարիքավոր անձանց համար աջակցության ճկուն մեխանիզմների ներդրում։

1. Պետք է արդիականացնել բուժհաստատություններն ու մատուցվող ծառայությունները, ընդլայնել առողջապահական ծառայությունների աշխարհագրությունը, ինչը ենթադրում է`

  • գործող բուժհաստատությունների տեխնիկական վերազինում և արդիականացում,
  • նոր բուժհաստատությունների ստեղծում այն տրամաբանությամբ, որ քաղաքացիների համար հիմնական առողջապահական ծառայությունները լինեն հասանելի ու մատչելի,
  • բարձրորակ կադրերի պատրաստում և ներգրավում,
  • մրցունակ ծառայությունների տրամադրում և պետության աջակցությամբ առողջապահական ծառայությունների արտահանում,հատկապես` բուժառուներիներգրավում Հյուսիսային Կովկասից, Մերձավոր և Միջին Արևելքից, Կենտրոնական և Հարավային Ասիայից։

2. Պետք է պետության աջակցությամբ գործարկել այնպիսի ծրագրեր, որոնք միտված լինեն՝

  • առողջապահական ծառայությունների մատուցման ոլորտում պետության միջամտության և մասնակցության աստիճանական նվազմանը,
  • առողջապահական ծառայությունների ձեռքբերման գործառույթը շահառուին (սոցիալական աշխատող, համայնք, առողջապահության առաջնային օղակ) մոտեցնելուն,
  • քաղաքացիների շրջանում պրոակտիվ վարքագծի խթանմանը, հատկապես` հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման փուլում (առողջության ապահովագրության ինստիտուտի ներդրման, պետության այլ ծառայություններից օգտվողների համար պարտադիրության սկզբունքի կիրառման և այլ եղանակներով),
  • այնպիսի ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք կապահովեն բուժծառայությունների պատշաճ, ժամանակին և լիարժեք մատուցմանը,
  • առանձին հիվանդությունների բուժման կամ հաղթահարման, բնակչության խոցելի ու կարիքավոր խմբերի ներկայացուցիչներին պատշաճ ծառայություններ մատուցելու գործում քաղաքացիական հասարակության, համայնքների և մասնավոր հատվածի կարողությունների ներգրավմանը,
  • բժշկագիտության, բժշկական կրթության և դեղագործության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը։

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ

1. Երիտասարդություն

Այսօր երկրի երիտասարդության առջև ծառացած հիմնական մարտահրավերների լուծման համար անհրաժեշտ է երիտասարդ հայ մարդու ազգային դիմագծի, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդ մարդու սոցիալական և մասնագիտական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել արդյունավետ օգտագործելու իրավական, քաղաքական, կրթական, սոցիալական, տնտեսական, հոգևոր և մշակութային մասնակցային պայմաններ և երաշխիքներ ստեղծելը։

Երիտասարդության ոլորտում քաղաքականության հիմնական խնդիրները պետք է լինեն՝

  • երիտասարդների մասնակցության մեխանիզմների մշակում և նրանց մասնակցության մակարդակի բարձրացում,
  • երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման մեխանիզմների մշակում,
  • երիտասարդական աշխատանքի խթանում, «երիտասարդները երիտասարդների համար» մեխանիզմների գործարկում,
  • երիտասարդների ազգային, հոգևոր և մշակութային արժեքների պահպանում և զարգացում, ռազմահայրենասիրական դաստիարակության խրախուսում:

Նշված խնդիրները լուծելու համար․

1. Պետք է մշակել և գործարկել երիտասարդների քաղաքացիական, սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և թվային մասնակցության արդյունավետ մեխանիզմներ: Դրա համար անհրաժեշտ է՝ 

  • զարգացնել երիտասարդական հասարակական կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի ներուժը, ցուցաբերել համակողմանի փորձագիտական և ռեսուրսային աջակցություն,
  • ծրագրային և ֆինանսական ռեսուրսները ապակենտրոնացնել մայրաքաղաքից դեպի մարզեր, հատկապես՝ գյուղական համայնքներ,
  • աջակցությունը պետք է ուղղված լինի հատկապես ներառումից դուրս մնացած երիտասարդներին, որոնց ներառմանը խանգարում են օբյեկտիվ և սուբյեկտիվ ինտեգրման խնդիրները,
  • ստեղծել նոր և զարգացնել արդեն առկա թվային մասնակցության հարթակները, բարձրացնել տեղեկատվության ընկալման և վերլուծության գրագիտության մակարդակը:

2. Երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի զարգացման համար անհրաժեշտ է՝

  • աջակցել և փորձագիտական աջակցություն ցուցաբերել երիտասարդներին, այդ թվում՝ ավագ դպրոցի աշակերտներին և ուսանողներին, մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրելու գործում,
  • խթանել հատկապես խոցելի խմբերի երիտասարդների շրջանում փոքր և միջին ձեռներեցության, ինչպես նաև գյուղաբնակ երիտասարդների կողմից գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը,
  • ապահովել երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանային պայմաններով,
  • մշակել և գործարկել «երիտասարդները երիտասարդների համար» արդյունավետ նորարար հարթակներ:

3. Երիտասարդների ազգային, հոգևոր և մշակութային արժեքների պահպանման, զարգացման և ռազմահայրենասիրական դաստիարակության խրախուսման համար պետք է՝

  • ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ հոգևոր-մշակութային և ռազմահայրենասիրական զարգացման ծրագրերի իրականացման համար,
  • աջակցել երիտասարդներին պատմական իրողությունների, մշակութային ժառանգության վերարժևորման, դրա դերի կարևորության ճիշտ ընկալման և դրա լիարժեք կրողը դառնալու դրդապատճառային համակարգի զարգացման հարցում։

4. Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի՝

1) ազգաբնակչության բոլոր տարիքային և սոցիալական խմբերում առողջ ապրելակերպի կայուն զարգացման մշակույթի և արժեքների ձևավորմանը, բնական ճանապարհով առողջության պահպանման, ամրապնդման և անընդհատ զարգացման համար պայմանների ստեղծմանը,

2) կրթության բնագավառում նախադպրոցական, դպրոցական և ուսանողական սպորտի զարգացման նորարարական ծրագրերի մշակմանը՝ ապահովելով դպրոցական և ուսանողական մարզիկների ակտիվ մասնակցությունը աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային գիմնազիադաներին և ունիվերսիադաներին, վերանայել և արդիականացնել ուսումնական հաստատությունների ֆիզիկական կուլտուրա առարկայի ծրագրերը և չափորոշիչները՝ ապահովելով ուսումնական հաստատություններին ժամանակակից նյութատեխնիկական բազաներով,

3) վերամշակել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի իրավական հիմքերը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, մշակել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարությունը,

4) յուրաքանչյուր մարզաձևի համար մշակել մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված ծրագրեր և չափորոշիչներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար,

5) ստեղծել պայմաններ ՀՀ տարածքում միջազգային միջոցառումների կազմակերպման և սպորտային տուրիզմի զարգացման համար,

6) պետական հովանավորության տակ վերցնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հատուկ ընդունակություններ ունեցող մարզիկներին,

7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ բարձրացնելով ազգաբնակչության իրազեկվածության մակարդակը,

8) մշակել մարզումների քառամյա ծրագրեր՝ օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականների մասնակցությունը պատշաճ կերպով ապահովելու նպատակով,

9) մշակել զանգվածային սպորտի զարգացման ռազմավարություն, ստեղծել պայմաններ ըստ բնակության վայրի ազգաբնակչության ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար,

10) նպաստել ազգային ֆեդերացիաների, ակումբների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործող այլ հասարակական կազմակերպությունների ինտեգրմանը միջազգային համապատասխան կազմակերպությունների ակտիվ գործունեությանը,

11) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործող տնտեսավարող սյուբեկտներին ներգրավել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործընթացի կազմակերպման աշխատանքներում և ստեղծել պայմաններ դրանց զարգացման և գործող կազմակերպությունների հետ համատեղ փոխշահավետ համագործակցության համար:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանությունն ավանադաբար եղել է ամենաարհամարհված ուղղությունը։ Տասնամյակներ շարունակ անխնա օգտագործվել են երկրի բնական ռեսուրսները՝ շատ հաճախ առանց կանոնների պահպանման և վտանգավոր հետևանքների վերացման։ Պետությունը, մասնավորն ու քաղաքացին հիմնականում սպառել են բնությունը։

Բնապահպանության ոլորտում պետության նպատակը բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման միջոցով շրջակա միջավայրն անաղարտ պահելն ու հաջորդ սերունդներին փոխանցելն է։

Դաշինքի համոզմամբ խիստ առաջնահերթություն է Սևանի հիմնահարցի լուծումը: Սևանն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ, և խնդիրը պետք է լուծել հետևյալ քայլերով.

  • Սևանում բարձր է ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, ինչը ծաղկման գլխավոր պատճառներից է, իսկ դրանց աղբյուրը կոյուղաջրերը և պարարտանյութերն են, որոնք գետերի միջոցով լցվում են Սևան: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է լիճ թափվող գետերի վրա կենսաբանական մաքրման կայաններ տեղադրել:
  • Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել ափամերձ տարածքների աղտոտված կենսազանգվածներից և սևահողերից: Մաքրված տարածքները պետք է ծածկել ավազով կամ մանր քարերով: Այսօր Սևանի ափամերձ հատվածներում առկա են ճահճացած հսկայական տարածքներ, և այս հատվածներից կենսազանգվածի մաքրման աշխատանքները հրատապ են ու օրախնդիր։
  • Սևանի էկո համակարգի վերականգնում. որքան հարուստ է էկո համակարգը՝ իր բաղադրիչներով, այնքան կայուն է: Սևանի էկո համակարգում առկա են ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Ցավոք, Սևանի պարագայում մենք ունենք կենսաբազմազանության կրճատում, ինչը հանգեցնում է էկո համակարգում նյութերի շրջանառության ցիկլի խախտման: Էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակները ճահճացման հետևանքով կանգնում են վերացման վտանգի առաջ, իսկ որոշ տեսակներ արդեն վերացել են: Հստակ պետական քաղաքականությամբ անհրաժեշտ է վերականգնել Սևանի էկո համակարգը:

Բնապահպանական բնույթի այլ խնդիրների դեպքում.

1. Հանքարդյունաբերության ոլորտում պետք է ներդնել շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ: Բաց հանքարդյունաբերության հետևանքով վտանգի տակ է դրվում տվյալ տարածքի մակերևութային և գրունտային ջրային պաշարները, մշակովի հողատարածքները, ինչպես նաև հարակից տարածքների կենսաբազմազանությունը: Հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու վրա կարող է լինել ուղղակի կամ անուղղակի ձևով (աղտոտված օդը շնչելով կամ ծանր մետաղներով հարուստ սնունդ օգտագործելով): Արդյունավետորեն շրջակա միջավայրին պակաս վնաս հասցնել կարելի է, օրինակ՝ հանքարդյունաբերողին պարտադրել թափոնների երկրորդային վերամշակում իրականացնել և ժամանակակից ստանդարտներին համապատասխան ֆիլտրեր կիրառել: Լուծման մյուս եղանակը այն է, որ հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոնների համար սահմանադրորեն արձանագրված, բայց չկիրառվող և հանքարդյունաբերողին թափոնների դիմաց վճարելու պարտավորությունից ազատելու արտոնությունը վերացվի:

2. Անհրաժեշտ է իրականացնել անտառապատման և անտառների պահպանության աշխատանքներ։ Անտառապատումների և անտառների պաշտպանության աշխատանքներն անուշադրության են մատնված: Դա են վկայում թրթուրների վնասած՝ հազարավոր հեկտարներով անտառները, ինչպես նաև անտառահատումները և ծառը որպես վառելափայտ դիտարկելու հանրային մտածելակերպը, որը, կարելի է ասել, բնապահպանության առանձին և ամենակարևոր ճյուղերից մեկն է (էկոդաստիարակություն):

3. Անհրաժեշտ է էկոլոգիան ներմուծել մարդկանց ապրելակերպ։ Մարդիկ ունեն պատասխանատվության ցածր զգացում շրջակա միջավայրի հանդեպ, ուստի դպրոցներում և մանկապարտեզներում պետք է ներառվեն էկոդաստիարակության և էկոկրթական դասեր: Իսկ էկոդպրոցների և էկոճամբարների հաճախակի կազմակերպումը հանրությանն ավելի տեղեկացված և գիտակից կդարձնի, ինչի արդյունքում կունենանք էկոլոգիական տեսանկյունից գիտակից հասարակություն:

4. Անհրաժեշտ է մշակել ջրային պաշարների պահպանության և արդյունավետ շահագործման մեխանիզմներ։

Տեսանյութեր

Լրահոս