«Անվտանգության գոտին երբեք չի ենթադրում մեր հաշվին ստեղծելը, եթե նման բան եղավ՝ նշանակելու է՝ նոր տեղահանված մարդի՞կ ենք ունենալու». ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ այն, որ Սև լիճը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, իրենից մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ այնտեղից է ձևավորվում ոչ միայն ոռոգման համակարգը, այլև մի շարք բնակավայրերի խմելու ջուրը։
«Երբ այցելեցինք Գեղարքունիքի մարզ, Վերին Շորժա և այլ բնակավայրեր, բնակիչների հետ զրույցում արձանագրեցինք, որ այնտեղ կա խոշոր ավազան, որը հայտնվել է ադրբեջանցի զինվորների վերահսկողության տակ։ Այստեղ, իհարկե, լուրջ խնդիր է՝ ջրային պաշարների հետ կապված։ Մենք այստեղ երկու տեսակի իրավիճակ ունենք, առաջինը՝ երբ ադրբեջանցի զինվորականները ֆիզիկապես ներկա են կոնկրետ մեր արոտավայրերում, տարածքներում կամ ջրային պաշարների վայրում։ Երկրորդը՝ երբ նրանք նշանառության տակ են պահում իրենց դիտարկման ներքո գտնվող արոտավայրերը։ Շատ վատ է, որ մարդու իրավունքների կոմպոնենտը չունի այն ուշադրությունը, որը պետք է ունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածում դիտորդական առաքելություն իրականացնելուն և երկու կողմերից զորքերի հայելային հետքաշմանը, Արման Թաթոյանը նկատեց՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ունենալով մանդատ՝ պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին, կարծում է՝ այդ մոտեցումը չի ապահովելու Հայաստանի քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը։
«Մարդիկ, որոնք այդ վայրերում նստած են, ասենք՝ միջազգային դիտորդը գա, այնտեղ նստի, բա մեր քաղաքացիների իրավունքները մնալու են չվերականգնված։ Ես ասում եմ՝ ադրբեջանցիները, ցեղասպան քաղաքականության հաշվին, եկել հասել են այնտեղ, ապօրինի, նրանք այդ վայրերից պետք է հեռանան, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան իրենց տներից, արոտավայրերից անարգել օգտվել։ Այո, նորմալ է, որ դա լինի, օրինակ, 10 կիլոմետր այն կողմ, որ նրանք ընդհանրապես կապ չունենան մեզ հետ, հակառակ պարագայում մեր քաղաքացիների այսօրվա խախտված իրավունքները շարունակելու են մնալ խախտված»,- շեշտեց նա։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում անվտանգության գոտու ստեղծմանը, Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ այժմ կոնկրետ հայեցակարգ են մշակում։
«Մյուս շաբաթ մենք կոնկրետ տեղերում կրկին աշխատանքներ ենք անելու։ Անվտանգության գոտին երբեք չի ենթադրում մեր հաշվին ինչ-որ գոտի ստեղծելը, ոչ։ Այդ սահմանն անցնում է մեր բնակավայրերի միջով, ճանապարհներով՝ Որոտան, Շուռնուխ և այլ գյուղեր։ Եթե հանկարծ անվտանգության գոտի կամ նման բան եղավ մեր հաշվին, ապա դա նշանակելու է՝ մենք նոր տեղահանված մարդի՞կ ենք ունենալու, իհարկե ոչ»,- ընդգծեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում