
Արա Այվազյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 27-ին ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին։ Արա Այվազյանը և Կիշան Դան Դեվալը վերահաստատել են երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, ինչը նաև կնպաստի տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմագրավելուն։
«Հանդիպման առանցքում էր Հայաստանի սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համատեքստում։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մանրամասն ներկայացրեց մայիսի 12-ից առ այսօր տիրող լարված իրավիճակը, որը զուգորդվում է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների կողմից սադրիչ գործողություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հատուկ անդրադարձ է կատարվել մայիսի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Արա Այվազյանը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը։