Ադրբեջանի կողմից արցախյան 44-օրյա պատերազմում օգտագործված սպիտակ ֆոսֆորը կարող է հայտնվել ադրբեջանական տարածքներում, Իրանում, Հայաստանում. քիմիկոս
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է մոտ 9 ամիս ու Ադրբեջանի կողմից արգելված զենք օգտագործելու փաստը մինչ օրս ամբողջ աշխարհում լայն արձագանք չի գտել, թեև առկա տեսանյութերը, վիրավորների հետազոտությունները և այլ փաստեր վկայում են սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:
ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ փորձել են նմուշներ վերցնել, ուսումնասիրություն կատարել, սակայն, երբ Արցախի շատ տարածքներ օկուպացվեցին թշնամու կողմից, այդ աշխատանքները կարծես թե կանգ առան:
«Այնպես չէ, որ խոսեցինք, և դա ավարտվեց: Մենք փորձում էինք նմուշներ վերցնել, ուսումնասիրել: Ցավոք, տեղյակ չեմ, թե պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ինչ աշխատանքներ են կատարվել: Սակայն նշեմ, որ այդ նյութը կարող է տարածվել, անցնել ստորգետնյա ջրեր ու տարածվել ամբողջ տարածաշրջանում: Կարող է այն հայտնվել ադրբեջանական տարածքներում, Իրանում, Հայաստանում: Ֆոսֆորը քիմիական տարր է, որը կարող է հանդես գալ երեք ալոտրոպ ձևերով՝ սպիտակ, սև և կարմիր։ Այս երեքից ամենավտանգավորը համարվում է սպիտակ ֆոսֆորը, որը շատ ռեակցունակ է, անմիջապես այրվում է թթվածնային միջավայրում՝ առաջացնելով մոտ 1300 աստիճան ջերմաստիճան։ Այդ նյութն այրվելով՝ առաջացնում է թունավոր գազ, որը օդի խոնավությունից վեր է ածվում ֆոսֆորական թթվի և թափվում շրջակա միջավայրի վրա։ Այն հնարավոր չէ հանգցնել։ Հետևաբար, սպիտակ ֆոսֆորի օգտագործումից հետո ֆոսֆորի թունավոր միացություններն ամբողջ շրջակայքն աղտոտում են, և դա երկար ժամանակ կարող է մնալ շրջակա միջավայրում։ Սպիտակ ֆոսֆորն արգելված է միջազգային մի շարք կոնվենցիաներով, սակայն, ցավոք, տեսանք, որ Ադրբեջանի համար դա նշանակություն չուներ»,- նշեց քիմիկոսը:
Նշենք, որ Արցախյան պատերազմում սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառության ապացույցները, ըստ պաշտոնական աղբյուրների, ուսումնասիրվում են։ Արտաքինից սպիտակ ֆոսֆորի այրումն ունի երեք հիմնական հատկանիշ՝ թանձր սպիտակ ծուխ, վառ դեղինից սպիտակի փոխվող կրակ, ճայթյունով այրում:
«Բարս Մեդիայի» նկարում երևում են բոլոր երեք հատկանիշները։