«Նիկոլի ձեռագիրն է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից. ինչպես տեղեկացանք ՀԱՊԿ հայտարարությունից՝ նա իր պայմանագրային պարտականությունները կատարում է». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սուվերեն տարածքում, պարզապես աղետ է՝ պետականաքանդություն։
«Մայիսի 12-ից թշնամու զորքը հատում է ՀՀ սահմանը, տեղակայվում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը 3-4 օրը մեկ տարածում է նույն բարդ համադասական նախադասությամբ հայտարարությունը՝ կոչ անելով թշնամուն սեփական կամքով լքել տարածքը, այլապես խոստանում է չգիտեմ ինչ անել։ Այդ չգիտեմ ինչը մենք չենք տեսնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը լրագրողներին հայտնեց, որ եղել է այն հատվածում, որտեղից գերեվարել են հայ 6 զինծառայողներին, ու սկսեց նկարագրել տեղանքը.
«Վարդենիսից դուրս ես գալիս, դա Սոթքի հատվածն է, այսինքն՝ թշնամին մտել է մեր տուն, հատուկ պաշտպանության տարածք, զինված ուժերի պաշտպանության տարածք, և գերեվարել են զինվորների։ Եթե հիշում եք, մի քանի օր առաջ, երբ խոսվում էր հայ հովիվին ծեծելու մասին, Պաշտպանության նախարարն ԱԺ-ում խրոխտ հայտարարում էր, թե ի՞նչ է եղել, որ, կարևորը՝ վիրավորներ չկան, կարևորը՝ զոհեր ու գերիներ չկան, դրանից մի քանի օր հետո եղավ զոհ, գերիներ։ Րոպեներ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել, վիճակն այլևս անկառավարելի է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա կարծիքով՝ պետք է տեղի ունենա ԱԺ արտահերթ նիստ, սակայն այդ նիստից մեծ ակնկալիքներ չունի։
«Ես շատ կուզեմ Նիկոլ Փաշինյանը չգա, առաջարկել եմ նրան չհրավիրեն, որովհետև նա օգտագործելու է ցանկացած հարթակ, որպեսզի ամեն ինչից խոսի, բացի բուն խնդրից։ Առաջարկել եմ, որպեսզի արտահերթ նիստին իմ գործընկերները հրավիրեն այս իրավիճակի կոնկրետ պատասխանատուներին՝ Պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, գուցե կորպուսի հրամանատարներ և այլք»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ձևակերպումներին, թե ստեղծված իրավիճակի պատճառը գուցե ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունն է, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Սա Նիկոլի ձեռագիրն է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից։ 44-օրյա պատերազմի համար մեղավոր էին բոլորը՝ մեղավոր էին ծնողները, զինվորները, կամավորները, պայմանագրային զինծառայողները, բոլորը մեղավոր էին, բացի իրենից։ Կարծում եմ՝ երկրի ղեկավարը, որը չի կարողանում լուծել իր զինվորի անվտանգության խնդիրը, րոպե առաջ պիտի հեռանա։ Ինչպես տեղեկացանք ՀԱՊԿ հայտարարությունից, նա իր պայմանագրային պարտականությունները կատարում է, ես չգիտեմ Նիկոլն ինչ է ուզում Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից։ Իշխանությունը, որն ի վիճակի չէ պաշտպանելու իր երկրի սահմանները և մեղադրում է բոլորին կամ կառչում է այդ իշխանությունից, րոպե առաջ պիտի հեռանա»։
Նաիրա Զոհրաբյանը դիմեց նաև ընդդիմությանը՝ նշելով, որ այսօր նրանք զբաղված են բուկլետ տպելով, չհասկանալով, որ վաղը կարող է ուշ լինել։
«Ընդդիմությունն այսօր պետք է լիներ փողոցում, արտահերթ հավաք հրավիրեր և ներկայացներ իրավիճակը և պարտադրեին Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, որովհետև նա ի վիճակի չէ ադեկվատ բանակցություններ իրականացնելու։ Ալիևն ասում է, որ Հաայստանի հետ պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր, եթե երկու կողմերը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, հասկանո՞ւմ եք՝ սա ինչ վտանգավոր հայտարարություն է։ Իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն ասում են, թե Տավուշի գյուղերը լքյալ են, եթե նույնիսկ լքյալ են, դրանք մեր անվտանգության գոտին են, մենք Ջերմուկ պետք է գնանք Ադրբեջանի տարածքո՞վ»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածից թշնամին,ըստ պաշտոնականձևակերպման՝ առևանգել է 6 հայ պայմանագրային զինծառայողների։