Ադրբեջանը 2 նպատակ ունի՝ իր ԶՈՒ ներկայությունը մեր տարածքում դարձնել սովորական բան և հրահրել ռազմական բախում. Նիկոլ Փաշինյան

Այսօր առավոտյան հայ հանրությունը կրկին ադրբեջանական աղբյուրներից տեղեկացավ Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից 6 հայ զինծառայողի գերեվարելու մասին:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց այդ տեղեկությունը, հրապարակեց նաև գերեվարված զինծառայողների անունները։ 

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե զինծառայողները գերեվարվել են սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնելու ժամանակ՝ հավելելով, թե դա ոչ թե գերեվարում է, այլ հայ զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից: Փաշինյանը նաև ընդգծեց, թե Ադրբեջանը երկու նպատակ ունի, ու պետք է արձանագրել այդ նպատակներն ու կառավարել դրանք:

«Նպատակներից մեկը, արդեն ասացի, այն է, որ տարբերակ կա իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի ինքնին ենթադրվող և սովորական բան: Երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ՝ հրահրել ռազմական բախում, իրադարձությունն ամբողջությամբ և իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք:

Առաջինը՝ հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերն անվերապահորեն պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Եվ երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք առավել շրջահայացորեն: Եվ կրկնում եմ՝ զինված ուժերը պիտի շարունակեն կատարել Հայաստանի սահմանների պահպանության և ամրության, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները: Եվ ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, ներվային և չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքները այստեղ ամենևին տեղին չեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս