«Դա գերեվարում չէ. տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից». Նիկոլ Փաշինյան

Այսօր առավոտյան հայ հանրությունը կրկին ադրբեջանական աղբյուրներից տեղեկացավ Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից 6 հայ զինծառայողի գերեվարելու մասին:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց այդ տեղեկությունը, հրապարակեց նաև գերեվարված զինծառայողների անունները։ 

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հայ զինծառայողները գերեվարվել են սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնելու ժամանակ։

«Տեղյակ եք, անշուշտ, որ այսօր առավոտյան միջադեպ ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, և ես կարևոր եմ համարում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել: Հայաստանի ԶՈՒ 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ: Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով սահմանի, պետական սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականացվել են ականապատման աշխատանքներ: Ընդ որում՝ ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն՝ դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Իհարկե, հետագայում արդեն եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են: Գերեվարման հանգամանքները, իհարկե, դեռ պետք է պարզվի, բայց մի բան հստակ է, որ դա ըստ էության գերեվարում չէ, և տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում Հայաստանի Հանրապետության տարածքից:

Դուք տեղյակ եք, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ, և հարցը հենց այս համատեքստում է: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար, և այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող:

Էլի եմ ասում՝ դեպքի ավելի մանրամասն հանգամանքները կպարզվեն, բայց պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում, և 6 զինվորները, զինծառայողները ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը, ըստ էության, շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման տեսակետից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, իհարկե, չմոռացավ այս նուրբ հարցի մասին խոսելիս՝ անդրադառնալ նաև երկրի ներքաղաքական վիճակին ու իբրև այդ հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն:

«Եվ շատ կարևոր եմ համարում այս դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցն ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով, սա կարևոր եմ համարում: Ընդ որում, կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողները, զինվորները, բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հանրությունը, այսօր՝ առավել ևս, պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր ԶՈՒ շուրջ, պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի «այս իրադրությունը հետևողական և հանգիստ հաղթահարենք»:

«Նաև միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերը արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակներն իրադրությունը շտկելու և կարգավորելու համար, և մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք: Այստեղ շատ կարևոր է նաև, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցած դեպքի մանրամասների և համատեքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, այդ թվում՝ հայկական լրատվական տիրույթում»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս