
Լեհաստանն արգելել է բելառուսական ինքնաթիռների թռիչքն իր տարածքով

Լեհաստանի կառավարությունն արգելել է բելառուսական ինքնաթիռների թռիչքը երկրի օդային տարածքով: Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պետր Մյուլլերը:
Նա հայտնել է, որ դա Բելառուսի դեմ ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի կողմից հայտարարված պատժամիջոցների մաս է կազմում:
Ryanair-ի ինքնաթիռը, որը մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս էր թռչում, արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում: Պատճառն ինքնաթիռում ականի մասին տեղեկությունն էր, որն այդպես էլ չհաստատվեց: Ինքնաթիռում է գտնվել նաև Բելառուսում ծայրահեղական որակված Ռոման Պրոտասևիչը, ով փաստաթղթերի ստուգման ժամանակ իր դեմ ավելի վաղ հարուցված քրգործերի շրջանակում ձերբակալվել է: Նրան ներկայացված մեղադրանքների շարքում է նաև «զանգվածային անկարգությունների հրահրումը»: Պրոտասևիչին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
ԵՄ առաջնորդները որոշում են կայացրել արգելել բելառուսական ինքնաթիռների թռիչքները եվրոպական օդային տարածքում, ինչպես նաև խորհուրդ տվել եվրոպական ավիաընկերություններին՝ խուսափել թռիչքներ իրականացնել Բելառուսի տարածքով: