«Նիկոլը Պուտինի ներկայությամբ Ալիևին բան է խոստացել, տալը ձգձգում է, Ալիևն էլ մտել է Հայաստան, որ ստանա». Արմեն Աշոտյան

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք և 14 օր է՝ գտնվում են այստեղ. Մայիսի 25-ին էլ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում՝ Վերին Շորժայի սահմանին, սպանել են հայ զինվորի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին տիրող վերը նշված զարգացումներին, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախ ցավակցեց զոհված զինծառայողի հարազատներին, ապա հավելեց՝ մահերը Հայաստանում շարունակական են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը։  «5000 մահերը բավարար գին չէին՝ վճարելու Նիկոլի դավադիր ամբիցիաների համար։ Աթոռին մնալու մոլուցքը նոր արյուն է պահանջում, և ես կանխատեսում եմ, որ նոր զոհեր կլինեն այնքան ժամանակ, որքան Նիկոլը և իր խունտան կլինեն իշխանության։ Հայաստանում ադրբեջանական զինվորի թաթը կմնա այնքան ժամանակ, որքան իշխանության է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եթե հունիսի 20-ից հետո տեղի չունեցավ իշխանափոխություն, ապա ադրբեջանական զորամիավորումներն է՛լ ավելի են մոտենալու Երևանին։ Նոր պատերազմից ու նոր զոհերից խուսափելու, ադրբեջանական սողացող ներթափանցումը դեպի Հայաստան կանխելու միակ տարբերակը դավադիր վիժվածքին գահընկեց անելն է, այլընտրանք չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա վկայակոչեց այլընտրանքի բացակայության մի շարք օրինակներ՝ նշելով․ «Օրինակ, մենք չունենք Գլխավոր շտաբի պատիվ ունեցող պետ, հետևաբար, եթե մարդ ինքը պատիվ չունի, ինչպե՞ս կարող է մտածել պետության պատվի մասին»։
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ այո՛, մենք ունենք հերոսական տղաներ, և փառք ու պատիվ մեր տղաներին, բայց դա բանակ չէ, դա պետություն չէ, և մենք չունենք պետություն։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից սպասելիքին, ապա աշխարհն այս իշխանությանը լուրջ չի վերաբերվում, դուք ուզում եք, որպեսզի աշխարհը հավատա, որ Նիկոլն ուզում է Հայաստանը փրկե՞լ, ուզում եք ռուսը հավատա՞։ Չէ՞ որ Նիկոլը բան է խոստացել Ալիևին Պուտինի ներկայությամբ, Պուտինը տեղյակ է, որ Նիկոլը խոստացել է ու ձգձգել է դրա կատարումը, Ալիևն էլ մտել է մեր տարածք, որ ստանա։ Կա ստվերային պայմանավորվածությունների փաթեթ, որը խոստացել է Նիկոլը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ռուսական կողմից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության բացակայությունը պայմանավորելով նաև Փաշինյանի տված խոստումներով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին արված կոչին՝ անհապաղ ետ քաշել զորքն ինքնիշխան Հայաստանի տարածքից, ապա Արմեն Աշոտյանն այդ հայտարարությունը պայմանավորեց 44-օրյա պատերազմում ցուցաբերած երկակի ստանդարտներից հետո մեր նկատմամբ ունեցած պարտքով։

«Արևմուտքում կա հաշվարկ՝ կազմակերպել քաղաքական վերադարձ դեպի Հայաստան՝ վերադիրքավորվելով ՌԴ-ի դեմ այս տարածաշրջանում։ Հիմա փորձում են որպես բարի «ձյաձյաներ»՝ վերադիրքավորվել։ Քաղաքական նկատառումներից ելնելով, իհարկե, այդ բարությունից պետք է օգտվել, բայց Մոսկվայից երես թեքելն ու թռնելը Վաշինգտոն կամ Բրյուսել՝ կլինի հերթական անգամ հայկական քաղաքական մտքի տկարամտություն»,- ասաց Աշոտյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի լուծումը գտնելու առնչությամբ էլ Արմեն Աշոտյանն ասաց, որ, այո՛, կարող ենք դիմել, գուցե ստանանք ՄԱԿ-ի ԱԽ-ում հայանպաստ բանաձև, բայց դա մնալու է թղթի վրա։

«Եթե աշխարհի մեծերը հետո ուժ չեն գործադրում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը գործադրելու մասով, ո՞ւմ է դա պետք. այո՛, քաղաքական հնչեղության տեսակետից այս մեխանիզմը կարող է գործարկվել ՌԴ-ի հետ խորը համագործակցության համատեքստում, իհարկե»,- ասաց Աշոտյանը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարցը հիմա շահարկվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է հայտնվել ու պետք է ցույց տա, թե գործ է անում։

«Դիմել են ՀԱՊԿ-ին, հետո ՄԱԿ-ին։ Կասի՝ ժողովուրդ ջան, տեսե՛ք, գործ ենք անում, տակից կհեղինակազրկի Մոսկվային, որովհետև Նիկոլ Փաշինյանի երկարաժամկետ ծրագիրը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ քաղաքական կենակցությունն է, որպեսզի Հայաստանը դառնա հարճ, իսկ դա անելու համար կրկնակի խաղ է տանում»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ այլ կառույցներից աջակցություն խնդրելու փոխարեն՝ նախևառաջ մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք, օրինակ՝ պետք էր բանակում մեր կրած կորուստներն արագ համալրել, սակայն այդ ուղղությամբ որևէ բան չի արվել։

«Բա՞ն է արվել. Պաշտպանության նախարարին ասում են՝ զինվոր է սպանվել, ասում է՝ ամեն ինչ իր հունով գնում է։ Իսկ կասե՞ք, հաջորդն ո՞վ է սպանվելու այդ հունի մեջ, իսկ կարո՞ղ է մի հատ էլ քաղաքական սպանություն անեք այդ հունի մեջ»,- հարցադրումներ հնչեցրեց Աշոտյանը։

Անդրադառնալով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարարի այցին՝ Արմեն Աշոտյանը նախ հիշեցրեց, որ հայ-իրանական հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում խայտառակ վատ վիճակում են, և որպես ասվածի ապացույց՝ մեկ դրվագ պատմեց. «44 օր տևած պատերազմից առաջ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն Իրանի արտգործնախարարից այց էր խնդրել, նրան համաձայնել էին ընդունել հոկտեմբերին։ Աննախադեպ խայտառակ հարաբերություններ են»։

Որպես Իրանի արտգործնախարար Զարիֆի տարածաշրջանային այցի նպատակ՝ Արմեն Աշոտյանը դիտարկեց Իրանի համար Հայաստանի սահմանների փոփոխության անթույլատրելիությունը։

«Արցախի պատերազմի ավարտից հետո աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են կործանարար լինել նաև Իրանի համար։ Իրանում հասկանում են, որ թուրքական օղակը կարող է սեղմվել Իրանի հյուսիսից, Հայաստանը հիմա մի փոքր զարկերակով է սնվում Իրանի հետ։ Եթե հանկարծ դա խցանվեց թուրքական ազդեցիկ կոմունիկացիոն նախագծերով, ապա նման զարգացումը և՛ մեր, և՛ Իրանի համար լրջագույն հետևանքներ է ունենալու»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս