«Ներկայիս իշխանության վարկանիշն ընկնում է, «Հայաստան» դաշինքինը՝ կտրուկ աճում». Արամ Վարդևանյան

Այսօր քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ նախընտրական ցուցակները:

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ նման ճգնաժամային իրավիճակներում կառավարման փորձ և անհրաժեշտ գիտելիքներ ունեցող մարդիկ կան իրենց թիմում: Դաշինքն իր ցուցակի առաջին 20 անունները հրապարակել էր ավելի վաղ: Լրագրողի հարցին, թե հետընտրական շրջանում ո՞ր քաղաքական ուժի հետ են բացառում  կոալիցիա կազմել, քանի որ, ըստ սոցհարցումների՝ որևէ ուժ ձայների 50+1 տոկոս չի հավաքելու, Վարդևանյանը պատասխանեց.

««Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որ ներկայիս իշխանության և այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որևէ տեսակի համագործակցություն, որը, կարծում եմ, առավել քան ողջամիտ և տրամաբանական արձագանք է՝ հաշվի առնելով, թե մենք ինչ ենք տեսնում այս 3 տարիների ընթացքում և հատկապես ինչ ենք տեսնում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ինչը մինչև օրս շարունակվում է:

Մի հետաքրքիր հանգամանք նշեմ, որը, կարծում եմ, որևէ մեկը չի կարող հերքել կամ չհամաձայնել. սոցհարցումների վերջին տվյալները փաստում են, որ ներկայիս իշխանության վարկանիշն ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը, նույնիսկ մերձիշխանական կամ իշխանական աֆիլացում ունեցող կազմակերպությունների կողմից կատարված հարցումներով, կտրուկ աճում է»,- ասաց Վարդևանյանև և նշեց, որ սա՝ այն դեպքում, երբ դեռ չեն սկսել լիարժեք նախընտրական քարոզարշավը:

Տեսանյութեր

Լրահոս