Թրամփը հայտնել է, թե որտեղից է տարածվել կորոնավիրուսը
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «խելացի մարդկանց համար ի սկզբանե պարզ էր», որ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից, փոխանցում է New York Post-ը։
«Խելացի մարդկանց, այդ թվում՝ ինձ համար դա պարզ էր հենց սկզբից, բայց ինձ, ինչպես միշտ, շատ էին քննադատում։ Այժմ բոլորն ասում են՝ ճիշտ էի, երբ հայտարարեցի, որ կորոնավիրուսը տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից»,- ասել է Թրամփը։
Սպիտակ տան նախկին առաջնորդը նաև քննադատել է ամերիկյան ԶԼՄ-ներին՝ իր տեսությունն ամիսներ շարունակ հերքելու և դա «կեղծիք» որակելու համար։
«Մամուլն ինձ քննադատում էր, մարդիկ չէին ցանկանում Չինաստանին մեղադրել։ Սովորաբար նրանք Ռուսաստանին են մեղադրում։ Ռուսաստանն է մեղավոր, Ռուսաստանը, Ռուսաստանը, բայց հենց սկզբից ասել եմ, որ այն տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից»,- հավելել է Թրամփը։
Ամերիկյան հայտնի լրատվամիջոցներն Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի մասին տեսությունը երկար ժամանակ որակում էին որպես «ապատեղեկատվություն»։ Սակայն օրերս The Wall Street Journal-ը գրել էր, որ Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի երեք չինացի գիտնականները կորոնավիրուսի համավարակի բռնկումից որոշ ժամանակ առաջ ծանր հիվանդացել են։ Ընդ որում, նրանք ունեցել են նմանատիպ ախտանիշներ, ինչ կորոնավիրուսով հիվանդները։
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, որը նույնպես քննադատում էր Թրամփի հիշյալ տեսությունը, օրերս հայտնել է՝ «վստահ չէ, որ կորոնավիրուսը կենդանիներից է փոխանցվել մարդկանց»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։
Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝ կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել։