Ալեն Սիմոնյանի հեղինակած ԶԼՄ օրենքում հերթական փոփոխության նախագիծը Կառավարությունն ընդունել և ուղարկել է ԱԺ
Կառավարությունը երեկ հերթական նիստում, հերթական անգամ օրակարգում որպես չզեկուցվող հարց ընդգրկված նախագծին հավանություն տվեց: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կառավարությանը ներկայացրած օրենսդրական նախաձեռեռնությամբ առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական, քրեական դատավարության, Զանգվածային լրատվության և Քաղաքացիական օրենսգրքերում։
Իշխանության ներկայացուցիչ խորհրդարանականը հիմա էլ առաջարկում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ համացանցում դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը կեղծանվան միջոցով պատժել.
–եթե նույն արարքը կատարվել է 5 և ավելի կեղծանվան միջոցով, ապա պատժել նվազագույն աշխատավարձի 1000-2000 պատիկի չափով կամ որոշակի պաշտոն կամ գործունեությունից զրկել առավելագույնը 2 տարի ժամկետով,
–եթե նույն արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ապա պատժել ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով,
–եթե որոշակի պաշտոն զբաղեցնողի կողմից է այս արարքը կատարվել, ապա զրկել գործունեությունից նվազագույնը 4 տարի ժամկետով։
Սիմոնյանի ներկայացրած այս նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ առաջարկվող հոդվածում օգտագործվող «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր» արտահայտությունը խնդրահարույց է իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից, քանի որ ո՛չ օրենսգիրքը և ո՛չ էլ նախագիծը չեն սահմանում այս հասկացությունը, ինչի արդյունքում լրացվող հանցագործության հատկանիշ համարվող տեղեկությունների շրջանակը ոչ հստակ և գնահատողական է թվում։
Հասկանալի չեն նաև այն չափանիշերը, որոնց հիման վրա պետք է գնահատվի՝ արդյոք կոնկրետ հարցը ներկայացնո՞ւմ է հանրային հետաքրքրություն, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին շրջանառության մեջ էր դրվել Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով հասարակական անվտանգությանը և անձի արժանապատվությանն ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականությունը առաջարկվում էր խստացնել։
Առաջարկվել էր սահմանել՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ (մասնավորապես՝ սոցիալական կայքերում գրանցված կեղծ օգտատերերի միջոցով) անձանց վիրավորելը, վարկաբեկելը, զրպարտելը, բարի համբավը ոտնահարելը, ատելություն տարածելն իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում, ու սահմանել պատժաչափեր 50.000 դրամ տուգանքից մինչև 6 տարի ազատազրկում։
Սիմոնյանի այս նախագիծն Ազգային ժողովն ընդունեց, բայց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և ուղարկեց Սահմանադրական դատարան: Եվ մինչև ՍԴ-ն Սիմոնյանի նշված նախաձեռնության վերաբերյալ կկայացնի որոշում, ԱԺ փոխխոսնակը նույնաբովանդակ, խստացված պատժաչափերով նոր նախագիծ է ուղարկել Կառավարություն, որն էլ չզեկուցվող հարցերի շրջանակում արժանացել է գործադիրի հավանությանը և ճանապարհվել դեպ Ազգային ժողով։