Առաջին տեղում է «Բոքոնիկը» գիրքը
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին Սյուժեն հանդիպում է ռուսական,ուկրաինական, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ մուկիկը» երկրորդ տեղում է: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր բոլորին:
Երրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը երեխային կօգնի բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց համար հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Չորրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործությունը որքա՜ն սերունդների է ուղեկցել կյանքում ու իմաստություն պարգևել:
Հինգերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
«Շունն ու կատուն» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Յոթերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Ութերորդ տեղում կրկին «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է՝ այս անգամ մեկ այլ հրատարակչության լույսընծայած գրքով:
Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» իններորդն է: Մանկապատանեկան ֆենթըզի, որտեղ հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելները։ Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահանգը պետք է պատահաբար օգներ կյանքի վերադառնալ վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար հետը։ Բայց ոչ բոլոր վիշապներն են, ինչպես կպարզվի հետագայում, նույնքան բարիդրացիական տրամադրված մարդկանց նկատմամբ, որքան Վահագնի նոր ընկերը…
Լուսինե Ալեքսանյանի «Իլոն Մասք. երազներն իրականանում են» մանկական գիրքը տասներորդ տեղում է: Ո՞վ չի երազել թռչելու մասին. ոչ թե ուղղակի սավառնելու, այլ հեռու մոլորակներ հասնելու և, ո՞վ իմանա, մեզ նման կամ մեզնից տարբեր բանական էակների հանդիպելու մասին: Իսկ ի՞նչ է պետք, որ երազն իրականություն դառնա։ Բոլորիս նման այս երազներով էր տարված և Իլոն Մասք անունով մի փոքրիկ տղա: Բայց նա աշխատում էր նաև դրանք իրագործել…