Արցախի ԱԳՆ-ն ողջունում է հայ գերիների վերադարձի պահանջի վերաբերյալ ԵԽ-ի ընդունած բանաձևը
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևի վերաբերյալ, որում ԵԽ-ն Ադրբեջանից պահանջել է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 44-օրյա պատերազմում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ ողջունելով ընդունված բանաձևը:
«Բարձր ենք գնահատում այս կարևոր հումանիտար հարցի լուծմանն ուղղված Եվրախորհրդարանի անդամների զգալի մեծամասնության ջանքերը՝ շարունակական ճնշման միջոցով ապահովելու Ադրբեջանի կողմից սեփական միջազգային հանձնառությունների, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Այս բանաձևը զգալիորեն կնպաստի հայ գերիների հայրենադարձմանն ուղղված միջազգային հանրության հավաքական ջանքերին։ Գոհունակությամբ ենք նշում, որ բանաձևում մեծ նշանակություն է տրվում Արցախի անվտանգությանը և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Արցախի ԱԳՆ-ն կարևորում է Եվրոպական խորհրդարանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման համար պարտադիր սկզբունքներ են ժողովուրդների հավասար իրավունքներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։
«Ողջունում ենք նաև Եվրախորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված բանաձևը, որով ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ է արվում «ռասիստական աջ ծայրահեղական» «Գորշ գայլեր» շարժումը դասակարգել որպես ահաբեկչական, ինչպես նաև արգելել այդ շարժման միությունների ու կազմակերպությունների գործունեությունը ԵՄ անդամ երկրներում: Բանաձևն էական քայլ է տարածաշրջանում ծայրահեղականության և ռասիզմի դեմ պայքարում։ Այն նաև հստակ և կարևոր ուղերձ կլինի վտարյալ պետություններին առ այն, որ միջազգային հանրությունը դիմակայում է նրանց ցեղասպան քաղաքականությանը»,- ասված է հայտարարության մեջ։