Ռուսաստանի որոշումը շարունակում է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի զբոսաշրջությանը

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսաական «S7» և «Aeroflot» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հիշյալ որոշումից հետո Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խորացնել համագործակցությունը և մոտ 500 չարտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Այս ուղղությունների շարքում ամենաշատ թռիչքների թույլտվություն ունեցող երկրներն են Բուլղարիան, Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրող Ժալե Օզգենթյուրքը թեմայի վերաբերյալ հարզազրույցներ է վերցրել ռուս գործարարներից և վերլուծական անդրադարձ կատարել իր սյունակում:

Լրագրողը նշել է, որ հիշյալ որոշումն ավելի շատ քաղաքական և փոքր-ինչ պատժիչ բնույթ է կրում, քան կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ:

Ռուսը գործարարներից մեկն Օզգենթյուրքին հայտնել է, որ Թուրքիայի դեմ սահմանված արգելքի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լուրեր շրջանառվեցին, որ Անկարան ԱԹՍ-ներ է վաճառել Ուկրաինային:

Օզգենթյուրքը, մեջբերելով ռուս գործարարի խոսքերը, գրել է. «Եթե նույնիսկ ռուս զբոսաշրջիկների կողմից պահանջարկը մեծանա էլ, կառավարությունը զգուշացրել է՝ «ծրագրեր մի կազմեք»»:

Նշվում է, որ ամառային արձակուրդների համար Ռուսաստանի մոտ 20 շրջաններից թռիչքներ են լինելու տարբեր ուղղություններով:

Լրագրողի հաղորդմամբ՝ Ռուսաստանից պատվիրակություն է մեկնելու Թուրքիա՝ ուսումնասիրություններ կատարելու:

Թուրքիայում զբոսաշրջային ոլորտի աշխատողները հույս չունեն, որ մինչև հունիսի 30-ը կբացվի հաղորդակցությունը Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։

Տեսանյութեր

Լրահոս