Բաժիններ՝

Մուն Չժե Ինը ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երկու երկրների դաշինքը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Կոնգրեսի այլ ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդել է Կորեայի Հանրապետության (ԿՀ) նախագահի վարչակազմը:

Նիստում, որը տեղի է ունեցել Կապիտոլիումի բլրում, Մուն Չժե Ինը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշինքը համարել է «ամենակատարյալն աշխարհում», պատմել է ՀԿ-ի նախագահի վարչակազմի՝ հասարակայնության հետ կապերի գծով ավագ քարտուղար Չոն Ման Հոն: «Ես խոստանում եմ, որ մենք կշարունակենք միասին նույն այդ ուղղությամբ ընթանալ նաև ապագայում»,-Չոն Ման Հոնը մեջբերում է ՀԿ-ի նախագահի խոսքը:

Նշվում է, որ Մուն Չժե Ինը խնդրել է շարունակել աջակցությունը ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծման հասնելու և Կորեական թերակղզում մշտական խաղաղության հաստատմանը, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերին: Հանդիպմանը միացած մյուս կոնգրեսականների թվում եղել են Ներկայացուցիչների պալատում մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը, արտաքին գործերի հարցերի կոմիտեի նախագահ Գրեգորի Միքսը, Ներկայացուցիչների պալատում խորհրդարանական կազմակերպիչ Սթիվեն Սքելիսը և հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը:

Հարավային Կորեայի նախագահն ԱՄՆ է ժամանել մայիսի 19-ին: Մայիսի 21-ի ցերեկը նա կմասնակցի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ տեղի ունեցող գագաթնաժողովին: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, գագաթնաժողովի ընթացքում Մուն Չժե Ինը և Բայդենը կհաստատեն երկու երկրների դաշինքի հաստատունությունը և կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի միջուկազերծումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս