«Հերի՛ք է, Զորիկ Մնացականյան, Արա Այվազյան, բանակցեք, վիժվածքի ջեբը մտնեք, հակահայկական լուծումներ բերեք, վերջին պահին փորձեք ծլկել»․ Արմեն Աշոտյան
«Մենք այսօր գիտենք, որ այս վիժվածքը պատրաստվում է ստորագրել նոր հակահայկական փաստաթուղթ, որի գոյության մասին մենք իմացանք դրսից, մենք իմացանք կառավարության պատերից դուրս, իմացանք մեր ընկերներից, Վատիկանում մեր նախկին դեսպանից, ո՛չ Նիկոլ Փաշինյանից»,- Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հավաստիացրեց, որ այն նախագիծը, փաստաթուղթը, որն ակտիվ շրջանառվում է, ունի գաղտնի մաս, և այն վերաբերում է ՀՀ մի քանի մարզից նոր տարածքներ հանձնելուն․
«Այդ գաղտնի մասն իրոք վերաբերում է Տավուշին, Գեղարքունիքին, Արարատին, Վայոց Ձորին, Սյունիքին, քանի՞ մարզ մնաց, Հայաստան։ Միայն Կոտա՞յքն է, որ արտաքին սահման չունի։ Արմավի՛ր, Շիրա՛կ, ձեզ թվում է, որ ադրբեջանական սահման չունեք, թուրքական սահմանից վտանգ չի՞ գալու․․․ Մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք հերթական ծածկադմփոցը։ Լրատվամիջոցները հաղորդում են, թե արգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը «վդրուգ» այնքան հայրենասեր է դարձել, որ որոշել է այս ազգային խայտառակության նախաշեմին հրաժարական տալ․․․»։
Արմեն Աշոտյանը ներկայացրեց, թե ինչ պահանջներով են հավաքվել հենց ԱԳՆ շենքի մոտ․
«Առաջինը՝ դադարեցնել ցանկացած բանակցություն, որևէ փաստաթղթի շուրջ այս իշխանությունների օրոք, որը վերաբերում է Հայաստանի և Արցախի կենսական շահերին։ Երկրորդը՝ պահանջում ենք, որ արտգործնախարարը, որը դեռ Երևանում չէ, վաղն է վերադառնալու կամ այս գիշեր, վաղը հրաժարական չտա, մինչև մեզ չընդունի։ Հերի՛ք է, Զորիկ Մնացականյան, Արա Այվազյան, գաք բանակցեք, վիժվածքի ջեբը մտնեք, հակահայկական լուծումներ բերեք, հետո վերջին պահին փորձեք ծլկել, իբր դուք մաքուր էիք, իբր դուք հայրենասեր էիք, ո՛չ, հրաժարական չե՛ք տալու, պարոն նախարարի ԺՊ, մինչև վաղը քաղաքական կուսակցություններից բաղկացած պատվիրակությանը ժամը 1-ին կամ այլ ժամի, որը ձեզ ավելի հարմար կլինի, մեր պատվիրակությանը չընդունեք, բաց տեքստով չպատմեք, ինչ է բանակցել Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ց եք դուք տեղյակ, ի՞նչ եք դուք թաքցնում, ինչո՞ւ եք դուք հրաժարական տալու։ Արա՛, դու պարտավոր ես, հիշում ես, որ նախարար էի, գալիս էիր մոտս՝ Պրիբալտիկա, ոնց էիր կողքս վազում, լավ դեսպան էիր, բալա, բայց վատ նախարար ես, դու ոչ մի տեղ փախնելու չունե՛ս․․․»։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած հակահայկական փաստաթղթին, որը, ըստ Մինասյանի՝ պատրաստվում է ստորագրել Փաշինյանը։ «Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սևով փակած է: Եվ դա ներկայացվում է՝ որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում: Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն է: Որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից: Այն լուծումները, որոնք, մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստում Փաշինյանի այս ելույթից հետո Միքայել Մինասյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ «Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում