Բաժիններ՝

Սահմանային խախտում ռազմական ճանապարհով․ Բունդեսթագի պատգամավորներ Վայլերը և Մանսմանը կոչ են անում դատապարտել Ադրբեջանին

Բունդեսթագի պատգամավորներ Ալբերտ Հելմուտ Վայլերը և Թիլ Մանսմանը նամակ են հղել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասին՝ Ադրբեջանի ԶՈՒ մուտքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք համարելով ռազմական սադրանք և Գերմանիային կոչ անելով որպես Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հստակ դատապարտել Բաքվի ռազմական գործողությունները։

«Ադրբեջանի զինուժը մայիսի 12-ին մուտք է գործել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք (Սյունիքի մարզ), ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան արդեն իսկ պահանջել են Ադրբեջանից դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի տարածքից:

2020թ. նոյեմբերի 10-ի զինադադարի մասին հայտարարությունը պետք է հիմք հանդիսանար տարածաշրջանում խաղաղության և խաղաղ համագոյակցության համար: Ցավոք, Բաքվի ավտորիտար կառավարությունը նորից ռազմական սադրանքների է գնում, ինչը ոչ միայն չի կարող տանել հակամարության վերջնական խաղաղ կարգավորման, այլև կարող է հանգեցնել նոր վտանգավոր սրման, ինչն, իր հերթին, նոր զոհերի պատճառ կդառնա:

Մեծարգո՛ պարոն նախարար, դաշնային կառավարությունը չի կարող սա անպատասխան թողնել: Այն չի կարող անպատասխան թողնել մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհրդի մեկ անդամ երկիր կոպտորեն խախտում է մեկ այլ անդամ երկրի տարածքային ամբողջականությունը:

Մենք խնդրում ենք Ձեզ այս մտահոգիչ իրավիճակին լուրջ վերաբերվել և հրապարակային դիվանագիտական ճնշում գործադրել Բաքվի վրա: Որպես Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ մենք պետք է հստակ դատապարտենք Բաքվի ռազմական գործողությունները: Մենք պետք է շարունակենք տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերի գործադրումը և ոչ թե թույլ տանք նոր սադրանքներ, որոնք կարող են վնասել տարածաշրջանի առանց այդ էլ փխրուն կայունությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս