Ինչպե՞ս է ստացվել, որ առանց որևէ կրակոցի՝ 600 ադրբեջանցի ներխուժել է Հայաստան. պարզաբանում է Փաշինյանը
Այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով երեկ սոցցանցերում, ապա մամուլում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինվորականները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում հայ զինվորներին հրելով հեռացնում էին տարածքից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ տեսանյութն ի սկզբանե տարածել են ադրբեջանցիները, և դրա տևողությունը երկու ժամ է:
«Պատկերացնո՞ւմ եք՝ երկու ժամ գործողություն է տեղի ունեցել, և երկու ժամից 3 րոպեանոց մի կտոր են հրապարակել, սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել, և եթե մենք այստեղ մեր ժամանակների՝ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա անհարգալից է առաջին հերթին՝ ՀՀ հանրության նկատմամբ»,– ասաց նա:
Հիշեցնենք, թե ի՞նչ «հարգանք» են դրսևորել իր նկատմամբ պետական կառույցները: Տեսանյութը լայնորեն տարածվում էր երեկ ժամը 18:00-ից: Սկզբում՝ իշխանական ֆեյքերն ու լրատվամիջոցները, ապա՝ պատգամավորները լծվել էին տեսանյութը հերքելու գործին։ Կառավարության ՊՈԱԿ-ը հերքում տարածեց՝ հղում անելով ՊՆ-ին՝ ասելով, թե ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ:
Ավելի ուշ ՊՆ-ն հերքել էր ինքն իրեն ու իշխանական ողջ քարոզչամեքենային՝ գրելով՝ «դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում»:
Չմոռանանք նաև, որ երեկ՝ մայիսի 19-ին էր, ասել է թե՝ դեպքից անցել էր 48 ժամ, և ՊՆ-ն դրա մասին տեղյակ չէր: Սա՝ հարգանքի մասին:
Փաշինյանը պարզաբանեց նաև, թե ինչպես է ստացվել, որ 600 ադրբեջանցի ներխուժել է Հայաստան՝ չպարզաբանելով, թե ինչպե՞ս ի սկզբանե հայտարարված 250 ադրբեջանցին դարձան 600-ը:
«Նախ` ուզում եմ ասել, որ պատերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կմ-ով, մի քանի հարյուր կմ-ով, և այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ, որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի վիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը հայկական կողմից, ճշգրիտ նույն վիճակում է ադրբեջանական կողմից: Այստեղ ուրիշ խնդիր կա, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք, որովհետև, այո, մեր գնահատմամբ ադրբեջանական զորքերի շարժը ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ, և այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք և դիվանագիտական աշխատանք իրականացնենք սա արձանագրելու համար:
Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն առանց զինված դիմադրության դիմելու, դիմել է ՀԱՊԿ-ին, բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, նրանք կիմանան, որ ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու, դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու, դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու և էսկալացիան քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, և հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը, որովհետև եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսում են կրակոցները, մեծ հավանականությամբ, դա կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք, որ որոշ սցենարների դեպքում՝ նույնիսկ ավելի լայնամասշտաբ պատերազմի: Այս առումով շատ կարևոր է հասկանալ, թե, ի վերջո, ո՞րն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը:
Տարբերակներից մեկը, որի մասին խոսել ենք, պատերազմի հրահրումն էր, և մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունը, առնվազն Սյունիքի հատվածով, իրականացվում է Սյունիքի մարզի և Հայաստանի Հանրապետության տարածքի ամենանեղ հատվածում, որը մոտ 26 կմ լայնություն ունի, և եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո շատ մեծ պրոբլեմների առաջ կարող էր մեզ կանգնեցնել: Այնպես որ, մեր մոտեցումը, որ մենք որոշել ենք, որ հարցը լուծենք մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, համարում եմ ճիշտ, և այս պահի դրությամբ, համենայնդեպս, արդարացնում է իրեն, բայց քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, չենք կարող ասել, որ այդ ճանապարհով հասել ենք մեր նպատակին:
Չի կարելի բացառել նաև, այս ներքին պրոցեսները դիտարկելով, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալն է, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալը և գուցե նաև Հայաստանում գործող այդ պրոպագանդիստական, գործակալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ճշգրտումը «ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում