Մի հերքում-բացատրություն էլ թող Գլխավոր շտաբը գրի

Ադրբեջանական և հայկական սոցցանցային ու մեդիահարթակում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ  հայկական ԶՈւ համազգեստով զինծառայողին ադրբեջանցի զինծառայողները հրում են և հեռացնում ինչ-որ տեղից:

Մեկնաբանություններ եղան, որ տեսանյութում կատարվողը Վարդենիսում է, քանի որ 2 օր առաջ նմանատիպ միջադեպի մասին տեղեկություններ էին տարածվել:

ՀՀ ՊՆ-ից լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են,  որ մեծ տարածում գտած այդ տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով: Բայցև հավելել են, թե «տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ»:

Մինչդեռ կան տեղեկություններ, որ ադրբեջանցի զինվորները իրապես օրեր առաջ Վարդենիսի գուղերից մեկի հատվածում հայ զինվորներից զենքերը վերցրել են, իսկ ավելի ուշ՝ վերադարձրել:

Նաև սա հաշվի առնելով, կան տեսակետներ, որ այս ամենը ծրագրված է Հայաստանի իշխանությունների կողմից, որպեսզի ժողովրդի մոտ հիասթափություն և հուսալքություն առաջանա, նաև` բացարձակ անօգնականության զգացում: Այսինքն՝ սա հստակ և հերթական տեխնոլոգիան է կիրառվում, որպեսզի ժողովրդից «խլեն», բթացնեն պայքարելու ցանկությունը, որն առանց այն էլ վերջնականապես արթնացած վիճակում չէ:

Նպատակը՝ ժողովուրդը թողնի-հեռանա, ոչ մի բանի համար չպայքարի: Ավելին, ըստ փորձագետների՝ դա նաև շատ ծեծված ու մաշված տեխնոլոգիա է, Սիրիայում նույնպես կիրառում էին այդ տեխնոլոգիան, սակայն ավելի դաժան տեսարաններով տեսանյութեր տարածելով` մարդկանց վիզ կտրել, և այլն:

Իհարկե, կան նաև տեսակետներ, որ սա սարքած-բեմադրված տեսանյութ է ադրբեջանական կողմից՝ ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ, քանի որ նրանց մոտ հայկական բանակի համազգեստներ են մնացել:

Մյուս կողմից, եթե հաշվի առնենք տեղեկությունը, որ տեսանյութը զայրույթ է առաջացրել Վարդենիսում, ինչի մասին հենց Վարդենիսից հայտնել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, կարելի է ենթադրել, որ սա դիտմամբ ուղղված է մթնոլորտի թեժացմանը, որը կարող է կտրուկ գործողությունների հանգեցնել՝ անցանկալի հետևանքներով: Այսինքն, թույլ է տրվել անգործություն, որոնք հանգեցնում են նման միջադեպերի:

Թե կոնկրետ ինչ նպատակ է այս ամենը իրականում հետապնդում, պարզ կդառնա ավելի ուշ: Մի բան է կասկածելի՝ եթե ՊՆ-ն դեռ պիտի ստուգի տեսանյութում ցուցադրվող միջադեպի տեղն ու ժամանակը, ապա ինչպե՞ս է միանգամից եզրակացնում, որ այն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ:  Եվ եթե վերջին դեպքերի հետ առնչություն չունի, ապա ո՞ր դեպքերին է առնչվում: «Հրապարակ» թերթի լրագրողը փորձել է նաև ՊՆ-ից պարզաբանում ստանալ, սակայն ասել են, թե խոտածածկից ենթադրում են, որ հին տեսանյութ է՝ նկարահանված ուշ աշնանը, և ՊՆ-ն շուտով հերքում կտարածի։

Մինչ Պաշտպանության նախարարությունը, խոստումի համաձայն, պաշտոնապես հերքում կտարածի, հորդորում ենք պատասխանել նաև մյուս հարցին՝ արդյո՞ք իրենց պատասխանը ենթադրում է, որ աշնանը ևս նման բան է տեղի ունեցել:

Ի դեպ, այս հարցերին պետք է պատասխանի ոչ միայն Պաշտպանության նախարարությունը, այլ նաև Գլխավոր շտաբը:

Տեսանյութեր

Լրահոս