Պուտինը Ալիևի հետ հեռախոսով քննարկել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական առաջադրանքների լուծման վրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն ամբողջությամբ համապատասխան», – ասված է Կրեմլի հայտարարության մեջ:

Պուտինը և Ալիևը մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի կարևոր հարցերի շուրջ: Ադրբեջանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել ռուսական պատվաստանյութերի շարունակական մատակարարումների համար:

«Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ օրակարգի հիմնական ասպեկտների վերաբերյալ», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ղեկավարները երկուստեք հետաքրքրություն են հայտնել բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս