Ի՞նչ է նախազգուշացնում ԱՄՆ-ը Սյունիքում. ԱՄՆ-ը զգուշացնում էր նաև 44-օրյա պատերազմից առաջ

Ադրբեջանական զինված ուժերի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներխուժման 8-րդ օրն ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ իր քաղաքացիներին խորհուրդ չտալով գալ Հայաստան:

Նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

Ըստ հայտարարության, նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի, և որպես պատճառ՝ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։ Մասնավորապես կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ Կառավարությունն այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար: Նույնաբովանդակ հայտարարություն տարածվել է նաև Ադրբեջանի հետ կապված: Հայաստանում այս հայտարարությունները տագնապով են ընդունում, քանի որ ամերիկյան կողմի բոլոր նախազգուշացումները, հատկապես վերջին շրջանում, համընկնում են հայ-ադրբեջանական լուրջ սրացումների և պատերազմի հետ:

Այս հայտարարությունը ևս պատահական չէ, քանի որ հայ-ադրբեջանական սահմաններին Ադրբեջանի ԶՈՒ ոտնձգությունը շարունակվում է, իրավիճակը պայթյունավտանգ է, իսկ նախօրեին ՊՆ-ն, արդեն 2 օր է, հանդես է գալիս ավելի կտրուկ հայտարարություններով: Այսօր տարածված հաղորդագրությունում ասվում է.

«Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։

Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում՝ նաև ուժային տարբերակով»։

Սրանից հետո հայտնի դարձավ նաև այն, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։

Ուշագրավն այն հանգամանքն է, որ Միացյալ Նահանգները նմանատիպ նախազգուշացումներ էր տարածել թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ հուլիսյան սրացման ընթացքում:

Մասնավորապես հարկ է հիշեցնել, որ 44-օրյա պատերազմից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Միացյալ Նահանգները կոչ էր արել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով:

ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նաև կոչ էր արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այցելությունից Լեռնային Ղարաբաղ:

ԱՄՆ-ը մասնավորապես հորդորել էր խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից՝ ներառյալ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը:

Նույն օրը հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը` կոչ անելով իր քաղաքացիներին, ինչպես նաև դեսպանատան աշխատակիցներին ու նրանց հարազատներին՝ դուրս չգալ Ապշերոնյան թերակղզուց, չայցելել Թովուզի և Ղազախի շրջաններ` հայ-ադրբեջանական սահմանի լարվածության և վերջին բախումների պատճառով:

Բացի այս, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ից բռնկված մարտերի ժամանակ՝ հուլիսի 15-ին ևս զգուշացում էր արել. կոչ էր արվում խուսափել մարտական գործողությունների գոտուն հարակից Թովուզի և Ղազախի շրջաններ այցելելուց։

Նշենք նաև, որ նմանատիպ Security alert-նախազգուշացումներ ամերիկյան կողմը ժամանակ առ ժամանակ տարածում է նաև ներքաղաքական անկայուն փուլերում:

Տեսանյութեր

Լրահոս