Փաշինյանի՝ անտեսանելի ճանապարհային քարտեզը
Ուղիղ 6 ամիս առաջ՝ նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը խոսեց 44-օրյա պատերազմի «անհաջողությունները» հաղթահարելու ուղիների, մեթոդների ու ծրագրերի մասին՝ ներկայացնելով 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ:
Փաշինյանի խոսքով՝ այդ 15 կետերում նշված միջոցառումների իրագործումն ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը տևելու էր 6 ամիս:
Ապրիլի 29-ին, երբ Փաշինյանի նշած 6-ամսյա ժամկետին մնացել էր մոտ 3 շաբաթ, 168.am-ն անդրադարձել էր Փաշինյանի՝ իրականություն չդարձած ճանապարհային քարտեզին, ու ներկայացրել էինք քարտեզի յուրաքանչյուր կետով նախատեսված ու չիրականացված միջոցառումները։
Այդ չիրականացված միջոցառումները վերաբերում էին Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի վերականգնմանը՝ ԵԱՀԿ ՄՊ ձևաչափով, արցախցիների՝ իրենց հայրենի օջախներ վերադառնալուն, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովմանը, հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքներին, գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց «շուտափույթ վերադարձին», պատերազմին մասնակցած անձանց ու ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորմանը, ԶՈՒ բարեփոխումներին, կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանը, տնտեսական ակտիվ միջավայրի ձևավորմանը, ժողովրդագրական խնդիրների լուծմանը, մասնագիտացված դատարաններ ստեղծելու հարցին, Ընտրական օրենսգրքի փոփոխությանն ու կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունմանը, անգամ սփյուռքի հետ հարաբերություններին: Այս ցանկից քիչ թե շատ իրականացված կարելի է համարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Ճանապարհային քարտեզի մնացած կետերի դիմաց դատարկ վանդակներ են, որոնք խոսում են չիրականացված միջոցառումների մասին:
Իսկ գուցե այս միջոցառումները ևս կա՞ն, բայց տեսանելի չեն հայ հանրության համար, ինչպես Գեղարքունիքի ու Սյունիքի մարզում առաջնագծի կահավորումն էր, որը, Փաշինյանի խոսքով՝ արված էր, մի բան էլ ավել, հսկայական աշխատանք էր արված, մեծամասնությունը գաղտնի էր, պարզապես տեսանելի չէր հայի, առավել ևս՝ ադրբեջանցու համար, ու գուցե հենց տեսանելի չլինելու պատճառո՞վ՝ արդեն 6 օր է, ինչ ադրբեջանցիները հենց այս երկու մարզի հատվածում հատել են Հայաստանի պետական սահմանը ու մխրճվել ներս:
Ճանապարհային քարտեզի «իրականացված» միջոցառումների մասին որևէ տեղեկություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ:
Սակայն աշխատանքային ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերը կա՛մ մնում էին անպատասխան, կա՛մ անջատվում էին՝ առանց հետ զանգ ստանալու:
Քանի որ ճանապարհային քարտեզը կազմվել էր 44-օրյա պատերազմի հետևանքով, ու դրա մի քանի կետերն առնչվում էին հենց Արցախյան հիմնահարցին, փորձեցինք դրանց «իրականացման» մասին տեղեկություն ստանալ իշխող «Իմ քայլը» խմբակցության ադրբեջանագետ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանից:
Սակայն աշխատանքային ողջ օրվա ընթացքում իշխանական պատգամավորին ուղղած բազմաթիվ հեռախոսազանգեր նույնպես մնացին անպատասխան: