ՈՒՐՑԱՁՈՐ. «Իրական Հայաստան»՝ ոչ ֆեյսբուքյան Հայաստան

«168 Ժամի» ստեղծագործական խումբը սկսում է նոր հաղորդաշար՝ «Իրական Հայաստան»՝ ոչ ֆեյսբուքյան Հայաստան։

Հաղորդման շրջանակներում մենք կլինենք մարզերում, Հայաստանի տարբեր բնակավայրերում, և տեղում՝ մեր համերկրացիների հետ զրույցներով, կփորձենք վեր հանել իրական Հայաստանի իրական խնդիրներն ու մարտահրավերները, մարդկանց իրական մտահոգությունները։

Հաղորդման հյուրերն ու հերոսները լինելու են մեր քաղաքացիները՝ առանց փողկապների ու ձևականությունների, առանց քաղաքական հաշվարկների ու կոնյունկտուրային շահերի։

Մեր առաջին կանգառն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքն էր, որը բազմաթիվ հարվածներ ստացավ՝ թե հեղափոխությունից, թե 44-օրյա պատերազմից….

Ուրցաձոր կենտրոնով համանուն բազմաբնակավայր համայնքը ձևավորվեց 2016 թվականին երեք գյուղերի՝ Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ, միավորման արդյունքում:  Մոտ 4500 բնակչությամբ համայնքում հիմնականում զբաղվում են  գյուղատնտեսությամբ, խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Տղամարդիկ նաև ժամանակ առ ժամանակ մեկնում էին արտագնա աշխատանքի, ինչը, համավարակի պատճառով, թերևս, կրճատվել է:

Համայնքում մեզ հանդիպած մարդիկ հոգսաշատ էին, տխուր ու հուսահատ աչքերով: Երկրի վիճակից, վաղվա օրվա հանդեպ անորոշությունից, դրական փոփոխությունների սպասումներից հոգնած մարդիկ կարծես թևաթափ էին եղել: Համավարակի արդյունքում ստեղծված դժվարությունները քիչ էին, վրա հասավ պատերազմն ու դրա  հետևանքները:

Համայնքն ունեցել է 3 զոհ և 5 վիրավոր:

Համայնքի հիմնախնդիրները, ինչպես մեր երկրի գյուղական շատ բնակավայրերում, գրեթե նույնն էին՝ ոռոգման ջրի խնդիր, աշխատատեղերի բացակայություն, ճանապարհների վերանորոգում: Դրանց ավելացել է գնաճը. կյանքը դժվարացել է, ապրուստը, սնունդը՝ թանկացել:

Հեղափոխական դըմփ-դըմփ-հուն ամիսներ անց հասավ նաև Ուրցաձոր. իրավիճակը սրվեց համայնքում: 19 տարվա համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, պահանջում էին նրա հրաժարականը, հարուցվեցին  քրեական գործեր:

 

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը, ի վերջո, որոշում կայացրեց 2019 թվականի փետրվարի 17-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում նշանակել և անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Ի վերջո 2019թ. փետրվարին անցկացվեցին Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրություններ. hրաժարական տված գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը կրկին առաջադրվեց ու հաղթեց:

Հեղափոխության թևերով մարզպետ կարգված Գարիկ Սարգսյանն ու նրան սատարող քաղաքական ուժը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», նախկիններին հեռացնելու  իրենց փայփայած նպատակին չհասան:

«Այդ բոլորը սարքած էր։ Դուք էլ, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ սարքված ու հրահրված էր այդ ամենը»,- այդ ժամանակ համոզված  ասում էր Ռաֆիկ Անդրեասյանը, և  որպես հրահրող՝ նկատի ուներ 2018 թվականի հունիսից մինչև 2020թ. դեկտեմբեր Արարատի մարզը ղեկավարող Գարիկ Սարգսյանին:

Հիշեցնենք՝  Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը հանրության շրջանում հատկապես հայտնի դարձավ կոկորդիլոսաբուծության, կոկորդիլոսի ձուն որպես թռչնի ձու ներմուծելու և այլ անհեթեթ ծրագրերով:

Իսկ Արարատի մարզի համայնքի ղեկավարների ու բնակիչների հետ Փաշինյանի այցի ընթացքում էլ մարզում կաթիլային ոռոգվող այգիների թիվը նա չէր կարողացել ներկայացնել. 40 հեկտարի փոխարեն՝ ասել էր՝ 40 հազար հեկտար, ու ծիծաղի առարկա դարձել:

Ի վերջո,  ժողովրդի խոսքը մի փոքր խմբագրելով՝ ասենք՝  չտաշած քարը գետնից վերցրեցին, և  Նիկոլ Փաշինյանը որոշեց  մարզպետի պաշտոնից հետո Գարիկ Սարգսյանի ուժերը փորձարկել  պետական գույքի կառավարման ոլորտում: 2021թ. փետրվարին նա նշանակվեց Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի հետ այցելեցինք Վեդու ջրամբար: Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է նախորդ իշխանությունների օրոք՝  հիմնարկեքը տեղի է ունեցել 2017թ.:

Վեդու ջրամբարի հիմնարկեքին 2017թ. մասնակցել է անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շինհրապարակում ծանոթացել էր շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ:

Ջրամբարի կառուցումը խիստ կարևոր է Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների, ավելի քան 50 հազար գյուղացիական տնտեսությունների ոռոգումը, բնականաբար, նաև գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար: Ջրամբարը նախագծել են  ֆրանսիական և բելգիական ընկերություններ: Շինարարությունն իրականացնում են հայկական «Սահակյանշին» կապալառու և ենթակապալառու կազմակերպությունները:

Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խորանարդ մետր, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խորանարդ մետր: Ջրամբարը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով՝ ոռոգման շրջանից դուրս: Վեդու ջրամբարի համար նախատեսված է կառուցել երկու պատվար, թասի մակերեսը 120 հեկտար է: Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել են շուրջ 250-400 նոր աշխատատեղեր՝ ամսական 220-250 հազար դրամ միջին աշխատավարձով: Արարատի մարզի 8 համայնքները՝ Ուրցաձոր, ներառյալ՝ Շաղափը և Լանջանիստը, Ավշար, Դաշտաքար, Գոռավան, Փոքր Վեդի, Նոյակերտ, Այգեվան և Արարատ համայնքները ոռոգվելու են Վեդիի ջրամբարից:

Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները նախատեսված էր ավարտել այս տարվա մարտին:

Հեղափոխությունից հետո  Փաշինյանի կառավարությունն անհասկանալի պատճառներով անընդհատ փոխում է մեկ՝ Ջրային կոմիտեի ղեկավարին, մեկ՝ Ջրային  տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրենին. նախկին տնօրենին հեռացրեցին, որովհետև նախկիններն էին նշանակել ու մինչ օրս նշանակում են ու նորից հեռացնում…

Յուրաքանչյուր նոր տնօրեն գալիս է, ու ամեն ինչ նորից զրոյից են սկսում: Մինչև հասցնում է ծրագրին ծանոթանալ, աշխատանքները սկսել՝ հաջորդին են նշանակում:  6-րդ տնօրենը, ցավոք, վերջերս է մահացել,  և հիմա սպասում են 7-րդ տնօրենի նշանակմանը:

Դեռևս հստակ հայտնի չէ՝ երբ կավարտվեն ջրամբարի կառուցման աշխատանքները: 2019 թվականին մամուլը գրում էր, թե Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները կավարտվեն 2022 թվականին: 2020 թվականին, ըստ պաշտոնական  հաղորդագրությունների,  ջրամբարի աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին, մարտն էլ, ապրիլն էլ  անցան, աշխատանքները դեռ չեն ավարտվել…  Հատկապես, որ 2017 թվականից հետո շինանյութը, գազը, դիզվառելիքը թանկացել են, խնդիրներն էլ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ավելացել են:

Տեսանյութեր

Լրահոս