Ծնունդներն ու մահերը՝ թվերով
Ժողովրդագրական խնդիրները մեր հասարակական-քաղաքական կյանքում ամենամոռացվածն են: Թերևս: Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չի վերլուծում ժողովրդագրության գործընթացները մեր երկրում: Ներկա իշխանություններից քաղաքական ու քաղաքականամերձ անցյալ ունեցող դեմքերը նախկինում միայն արտագաղթի մասին էին խոսում՝ չնկատելով (հնարավոր է նաև՝ չնկատելու տալով, կամ պարզապես չըմբռնելով) մյուս գործընթացները:
Իշխանության գալուց հետո նրանք «Հայաստան 50» բաժակաճառերի հավաքածու հիշեցնող տեքստ հրապարակեցին: Ժողովրդագրությանը նվիրված բաժակաճառում խոստացան 2050թ․ հինգ մլն-անոց Հայաստան: Խոստումից մոտ մեկ շաբաթ հետո պատերազմ սկսվեց: Պատերազմի ժողովրդագրական հետևանքներն առանձին վերլուծության թեմա է:
Ուստի այս անգամ դիտարկենք այդ հետևանքներից անկախ տեղի ունեցող գործընթացները: Հայտնի բան է՝ նոր իշխանությունները չեն վստահում հին իշխանությունների պաշտոնական վիճակագրությանը: Ուստի առաջարկում եմ դիտարկել ժողովրդագրության ոլորտում 2018թ․ հետո արձանագրված գործընթացները: 2019թ․ հունվար-մարտ ամիսների ժողովրդագրությունը պաշտոնապես արձանագրել էր, ոչ երկրում կտրուկ նվազել է բնական հավելաճը: Այսինքն՝ մեր երկրում ծնունդների նկատմամբ աճում է արձանագրվող մահերի քանակը:
Տարբեր մարզերում բնական հավելաճի տվյալներն արմատապես տարբեր էին: 2019-ի առաջին եռամսյակում բնական հավելաճ արձանագրվել էր մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում: Զրոյական վիճակ էր Արագածոտնի մարզում. այստեղ ծնունդների քանակը հավասար էր արձանագրված մահերի քանակին: Մնացած բոլոր մարզերում մահերի քանակը գերազանցում էր: Բացասական ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել էին Լոռու և Շիրակի մարզերում (համապատասխանաբար): 2020թ․ առաջին եռամսյակում բնական հավելաճի տենդենցը պահպանվել էր: Դրական տվյալներ ունեին Երևանը, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերը:
Կրկին բացասական ամենամեծ ցուցանիշներն արձանագրվել էին Լոռու և Շիրակի մարզերում: Բայց անցած մեկ տարվա մեջ հավանաբար շատ բան է փոխվել բացասական առումով: Որովհետև 2021թ․ առաջին եռամսյակում բնական դրական հավելաճ արձանագրել են միայն Երևանը և Գեղարքունիքի մարզը: Մնացած բոլոր մարզերում արձանագրված մահերի քանակը գերազանցում է ծնունդների քանակին: Արմատական փոփոխություն է եղել նաև «ետնապահների» կառուցվածքում: Ամենաբարձր բացասական աճն արձանագրվել է (-156 դեպքով) Տավուշի մարզում: Այն նույն (ու սահմանամերձ Տավուշի), որին պատերազմի ընթացքում ու հետո խոստումներ էին ձոնում իշխանությունները:
Երկրորդը Լոռին է (-137 դեպքով): Երրորդ ու չորրորդ բացասական հավելաճ ունեցող մարզերը 2019-ին դեռ դրական ցուցանիշների շարքում էին՝ Արարատի մարզ (-120 դեպքով) և Արմավիրի մարզ (-116 դեպքով): Արձանագրենք նաև, որ այս տարի, առաջին եռամսյակի տվյալներով, երկրում արձանագրված մահերի քանակն առաջին անգամ գերազանցեց, ուր հազարի ցուցանիշը՝ 8343 մահ (2020-ի 7289 դեպքի դիմաց) է: Ժողովրդագրական վերլուծության արժանի գործընթացներ են տեղի ունենում նաև քաղաքային բնակչության կառուցվածքում:
Միանգամից ասենք, որ գյուղական բնակավայրերի բնակչության քանակը վերջին տարում համարյա չի փոխվել՝ 1 մլն 67 հազար 700 բնակիչ՝ անցած տարվա 1 մլն 67 հազար 600 բնակչի դիմաց:
Փոխարենը՝ վերջին տարիներին նկատելիորեն նվազում է Հայաստանի փոքր քաղաքների բնակչությունը: Մեր երկրի 48 քաղաքներից 45-ը դասակարգվում են՝ որպես մանր (մինչև 50 հազար բնակչություն ունեցող) և միջին (մինչև 100 հազար բնակչություն ունեցող):
Այս քաղաքներում ապրում է քաղաքային բնակչության մոտ 35 տոկոսը: Երեք խոշոր քաղաքներում՝ Երևան, Գյումրի և Վանաձոր, ապրում է քաղաքային բնակչության մոտ 65 տոկոսը: Այս երեքից միայն Երևանի բնակչությունն է ավելանում:
Երկրի 48 քաղաքներից միայն 5 քաղաքի բնակչություն է ավելացել վերջին մեկ տարվա ընթացքում: 17 քաղաքի բնակչություն մնացել է նույնը: Պաշտոնապես:
Իսկ 26 քաղաքի բնակչությունը կրճատվել է: Նույնպես պաշտոնապես:
Մարզային բնակավայրերի բնակչությունը դանդաղ, բայց կայուն տեմպով նվազում է: Այդ տեմպը հատկապես տեսանելի է Գյումրիի ու Վանաձորի օրինակի վրա: 2019թ․ հունվարի 1-ին Գյումրին ուներ 113.5 հազար բնակիչ, 2020-ի հունվարի 1-ին՝ 112.4 հազար, իսկ այս տարվա հունվարի 1-ին՝ 112.1 հազար: Վանաձորի պարագային թվերի դանդաղ ընթացքը նույն օրվա դրությամբ համապատասխանաբար այսպիսին է՝ 2019թ.՝ 78.4 հազար, 2020թ.՝ 77.2 հազար, 2021թ․՝ 76.9 հազար բնակիչ:
Իշխանության կողմից ժողովրդագրական այս խնդիրները ոչ միայն չվերլուծելը, այլև չտեսնելու տալը դարձել է համակարգային մոտեցում: Ցավոք: