«Ընդամենը մեկ բան կասեմ՝ Վերիշենը չհասցնեն Շուռնուխի կարգավիճակին». Շուռնուխի գյուղապետ

Մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։

168.amՍյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ղեկավար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե գյուղում իրավիճակն ինչպե՞ս է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո գյուղի մի հատվածն անցել է ադրբեջանական զինուժի հսկողության տակ։

«Մեզ մոտ իրավիճակը հանգիստ է, թշնամին իր տեղում սսկված է, շարժ չկա։ Տղանները պատրաստ են, որպեսզի եթե ինչ-որ բան ձեռնարկվի, պատրաստ լինեն»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Հարցին՝ այդ հատվածներում թշնամու զորքի, զինտեխնիկայի կուտակումներ կա՞ն, Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ այս հարցին չի կարող պատասխանել,  քանի որ տեղեկատվության չի տիրապետում։

«Ինքս այդ բանակցություններին չեմ մասնակցում, բայց կարող եմ ընդամենը մեկ բան ասել՝ Վերիշենը չհասցնեն Շուռնուխի կարգավիճակին՝ սա բոլորին ի գիտություն։ Եթե լռեն, ու իրավիճակն այսպես շարունակվի, ապա՝ այո, Վերիշենն էլ կհասցնեն Շուռնուխի կարգավիճակին»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից հետո, անհասկանալի պայմաններում, Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարության գիտությամբ Սյունիքում հայկական բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն, որի արդյունքում շատ սյունեցիներ կորցրեցին իրենց տները, քանի որ եղան գյուղեր, այդ թվում՝ Շուռնուխի մի հատվածը, մնացին թշնամու հսկողության տակ։

Ի դեպ, նշենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ փաստաթղթում հստակ նշված է, որ կողմերը կանգնում են այն տեղերում, որտեղ կանգնած են եղել, սակայն անհասկանալի պայմաններում թշնամին մինչև օրս խորանում է ՀՀ տարածք։

Տեսանյութեր

Լրահոս