ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին. Բորել
Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարության մեջ:
«Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն իմ անունից հինգշաբթի զրուցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, իսկ ուրբաթ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, կոչ անելով երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել իրավիճակի էսկալացիան»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կապ է պահպանում ԵԱՀԿ գործող նախագահության հետ:
«Սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան որոշվում է բանակցությունների միջոցով՝ տեղի բնակչության անվտանգության շահերից ելնելով: Մենք ողջունում ենք երկու երկրների միջև տեխնիկական մակարդակով շարունակվող շփումները»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:
ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և խրախուսում երկու երկրներին գտնել խաղաղ լուծում` տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով:
Save
Համօգտագործել