«Փաշինյանն անկեղծ չի եղել, հեղափոխականը, պարզվեց, ռեակցիոներ է, հակահեղափոխական». Տարասով

«Երևանն ու Բաքուն կառավարությունների մակարդակով շփումների պետք է դուրս գան»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող աննախադեպ իրավիճակին:

Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է ՀՀ սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ, նոր դիրքեր գրավելով: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին այդ կազմակերպության երկրորդ հոդվածը գործի դնելու դիմումով: Տեղում բանակցություններ են ընթանում, սակայն ադրբեջանական կողմը չի պատրաստվում վերադառնալ իր ելման դիրքեր՝ գործողությունները բացատրելով Ադրբեջանի՝ պատկանող դիրքերում հաստատվելով:

Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ այս իրավիճակը սադրիչ բնույթ է կրում և դրդում է Բաքվին և Երևանին հաստատել երկկողմ բանակցություններ, քանի որ նման շատ իրավիճակներ կարող են լինել սահմանին, կան վիճելի հատվածներ, Հայաստանը դա համարում է իր տարածքը, Ադրբեջանը՝ իր, այդ հարցերը պետք է երկկողմ մակարդակում լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների մակարդակում: «Նման կոնտակտներ այսօր չկան, քիչ հավանական է, որ Ադրբեջանն իրականացնում է ներխուժման ակտ կամ պատրաստվում է պատերազմի, ուստի ՀԱՊԿ-ին դիմումը չի ունենալու որևէ հեռանկար: Խոսք կարող է գնալ Մոսկվայի որոշակի միջնորդական գործառույթների մասին՝ երկու երկրների կառավարությունների միջև կոնտակտների հաստատման տեսանկյունից»,- ասաց Տարասովը:

Ռուս քաղաքագետն ասաց, որ ՌԴ ԱԳՆ-ից որևէ արձագանքի պետք չէ սպասել: «Լավրովը եղավ Երևանում, Բաքվում, երկու երկրներում էլ գրեթե նույն բաներից էին խոսում, նույն բառերով, աջակցում են եռակողմ հայտարարությանը, խաղաղ համաձայնագրին, բայց կան նրբություններ, որոնք լուծել է պետք: Նման իրավիճակներ, միջադեպեր կարող են լինել, դա արդեն կառավարությունների իրավասության շրջանակում է։ ԱԳՆ-ն կարող է հայտարարություն անել որոշակի մթնոլորտ ստեղծելու համար, բայց այս հարցն իր գործառույթների շրջանակում չէ»,- ասաց Ստանիսլավ Տարասովը՝ շարունակելով, թե նպատակահարմար չէ անընդհատ Մոսկվայի միջոցով քննարկել այդ հարցերը:

«Շատ են խոսում, ինչ լինում է՝ Մոսկվան ինչ-որ բաներ է պետք անի, վաղը ոչխարը կանցնի սահմանը, դա և՞ս Մոսկվան պետք է կարգավորի, պետք է գա՝ ետ քշի՞ ոչխարին: Ռուսաստանը կոմունիկացիոն ծրագրերի շուրջ հրադադարի հայտարարություն է ստորագրել, Ռուսաստանը չի ստորագրել, որ սահման է դեմարկացիա անելու, դա երկու կառավարությունների իրավասությունն է: ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ, ՀԱՊԿ-ը այս ամենը չի դիտարկելու՝ որպես ռազմական ներխուժում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե կարող են նույնիսկ Սյունիքը վերցնել, Տարասովն արձագանքեց՝ ասելով, որ հարցն այն է, որ այդ ամենը պետք է ապացուցել: «Նրանք էլ ասում են՝ իրենցն է»,- նկատեց նա:

Հարցին էլ, թե նրանք նաև Երևանն ու Սևանն են համարում իրենցը, ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, Տարասովն ասաց, որ հարցը հետևյալն է՝ հայերը պետք է իմանան, թե որոնք են իրենց տարածքները, կարողանան դա իրավաբանորեն ամրագրել և պաշտպանել առանց Մոսկվայի, մենք սահման չունենք Հայաստանի հետ, Մոսկվան կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ հանձնաժողովի նախնական աշխատանքում, և այլն:

«Մենք ևս շատ հարցեր ունենք Երևանին, շատ է խոսվել, բոլորը խոսում են Ղարաբաղյան պատերազմի գաղտնիքների մասին, այլ բաների մասին են խոսում, իրականում ստում են, Փաշինյանն անկեղծ չի եղել, հեղափոխականը, պարզվեց, ռեակցիոներ է, հակահեղափոխական է, նախկին իշխանությունները գոնե պահպանում էին իրավիճակը և Փաշինյանին հանձնեցին իրավիճակը լիովին այլ կարգավիճակում, որը նա հանձնեց»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ առաջիկայում նախատեսվող արտահերթ ընտրությունները բարդ են լինելու:

Նրա խոսքով, եթե նույնիսկ Փաշինյանը հաղթի, իրավիճակն անկայուն է լինելու: «Հայաստանին առողջ ուժեր են պետք, Հայաստանին հայրենասերներ են պետք»,- այսպես ավարտեց իր խոսքը Տարասովը:

Տեսանյութեր

Լրահոս