
Անգլիացի պատգամավորները երկրի իշխանություններից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր այդ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ են ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատգամավորները նշել են, որ իրենց խորապես մտահոգում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունները, Քոբանիի դատական գործի հետ կապված ապօրինությունները և Ստամբուլի կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշումը: Նրանք Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները:
Նրանք նաև հայտնել են, որ Թուրքիայի կառավարության ճնշող քաղաքականության, պատգամավորների ձերբակալությունների, կրոնի և մտքի ազատության իրավունքների ոտնահարման արդյունքում լրջորեն վտանգվել է ժողովրդավարությունը:
Պահանջվել է Թուրքիայի հարցով նիստ հրավիրել խորհրդարանում: Բացի այդ, Անգլիացի պատգամավորներից կազմված մի պատվիրակություն կմեկնի Թուրքիա՝ մասնավորապես, այդ երկրի արևելյան շրջանների բանտերում ստուգումներ կատարելու համար: