Պետության վախճանը՝ ուղիղ եթերում

Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձություններն իրական աղետի սոսկ մակերեսային դրսևորումներն են։ Իրականության մեջ այդ իրադարձությունները վկայում են Հայաստանի պետության ու պետականության ավարտի մասին։

Որովհետև պետության առկայության դեպքում հարևան ու առավել ևս թշնամի երկրի հարյուրավոր զինվորականներ չեն անցնում ու չեն դիրքավորվում այդ պետության տարածքում։

Որովհետև պետության առկայության դեպքում դրա ղեկավարը տեղի ունեցողին արձագանքում է համարժեք ու համապատասխան գործիքներով, և ոչ թե՝ Անվտանգության խորհրդի նիստում կենաց է ասում ադրբեջանցի զինվորների գործողությունների վերաբերյալ իր ցանկությունների մասին։

Որովհետև պետության առկայության դեպքում սահմանախախտը նվազագույնը ձերբակալվում է, և ոչ թե՝ բանակցությունների միջոցով նրան խնդրանք է ներկայացվում հեռանալու մասին։

Որովհետև պետության առկայության դեպքում այն ունենում է իրական դաշնակիցներ ու վարում է համարժեք արտաքին քաղաքականություն, և ոչ թե՝ զբաղվում է տարբեր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների մասին տեքստերում պարբերություններ ավելացնելով կամ պակասեցնելով․․․

Հայաստանը կորցրել է պետության ու պետականության բովանդակային բոլոր հատկանիշները, որոնցից ամենակարևորը երկրի սահմանների անառիկությունն է։ Օտարի կողմից անարգել հատվող սահմանը պետություն չէ, այն տարածք է, որը պաշտպանելու համար պետության անունից հանդես եկողները դիմում են այլ օտարների։

Կորցրած լինելով պետության բովանդակային հատկանիշները, Հայաստանը դեռևս պահպանում է դրա ատրիբուտիկ բնութագրիչները, այդ թվում՝ իշխանությունը, որի վերարտադրության կամ փոփոխության համար առաջիկայում անցկացվելու են ընտրություններ, կամ դրանք չեղարկվելու են՝ հղում տալով ստեղծված իրավիճակին, իմա՝ պետության բացակայությանը։

Պետության տարածքային ամբողջականության պահպանումն իշխանության սահմանադրական պարտականությունն է, երկրի սրբության սրբոցը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունակ չէ կատարելու իր այդ պարտականությունը։ Այսինքն՝ Հայաստանի գործող իշխանությունը սահմանադրական պարտականությունների կատարման հարցում մատնված է անգործության։ Սահմանադրությունը նախատեսում է որևէ պաշտոնյայի անգործունակության մի շարք դեպքեր՝ պաշտոնի հետ անհամատեղելի հիվանդությունից մինչև մահ։

Գործող իշխանության պարագայում, սակայն, տեղին է գործառութային անգործունակության դեպքը, որը պետք է հանգուցալուծվի ոչ միայն ֆորմալ սահմանադրականության, այլև քաղաքականության գործիքներով։

Հայաստանի քաղաքական դասը, սակայն, զբաղված է կամ առաջիկա խիստ հարցական ընտրություններին պատրաստվելով, կամ անգործունակ իշխանության շուրջ համախմբվելու լալահառաչ ու տափակ կոչեր հղելով։

Երկուսն էլ որևէ աղերս չունեն պետության վերջին մնացուկները փրկելու գոնե տեսական հույսի հետ։

Մենք հենց այս օրերին կանգնած ենք ոչ թե Սև լիճը կամ Վարդենիսի որևէ դիրք, այլ պետականության պահպանման վերջին աղոտ հույսը կորցնելու վտանգի առջև։ Բայց դա չի հետաքրքրում բոլոր նրանց, ովքեր զբաղված են տարածքի վերածվող Հայաստանում տեղապահի դերի մրցությամբ։

ՀԳ Նիկոլ Փաշինյանը լայվերի ու աննախադեպության սիրահար է։ Նա հիմա հնարավորություն ունի ուղիղ եթերում ցուցադրելու Հայաստանի պետության վախճանը՝ հերթական ռեկորդը գրանցելով աննախադեպությունների իր ցուցակում։

Տեսանյութեր

Լրահոս