Համբարձման տոնի պատգամը հավատքն է, հույսը և սերը
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Համբարձման տոնը։ Տոնի խորհրդի մասին զրուցել ենք Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հետ։
– Քրիստոս համբարձվելուց առաջ պատգամներ տվեց առաքյալներին, ո՞րն է ամենակարևոր պատգամը, որը պետք է իմանանք և կատարենք։
– Համբարձման տոնը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրի վրա կատարած, աստվածային տնօրինությունների լրումն ու կատարումն է։ Տերն Իր հրաշափառ Հարությունից հետո հարուցյալ մարմնով շրջեց երկրի վրա և մարդկանց հայտնեց մահվան նկատմամբ հարության հաղթանակի բարի ավետիսը։ Իր հերթական երևումներից մեկի ժամանակ, երբ տասնմեկ առաքյալները մեկ տեղ էին, նրանց երկու կարևոր պատգամ հաղորդեց․ «Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու, և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28: 19)։ Առաքյալները պետք է ուսուցանեին իրենց հետևողներին, որ Աստված սուրբ է և սրբություն է ակնկալում քրիստոնյաներից։ Նրանք, ովքեր ունեին սրբության գիտակցումը, առաքյալները պետք է մկրտեին Սուրբ երրորդության անունով և դարձնեին եկեղեցու անդամ։ Ուստի, Տերը մեզ հետ է լինում ոչ թե մեկ անգամ, այլ մշտապես, որովհետև ասում է․ «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:20)։
– Քրիստոսի կյանքի ամեն մի դրվագը մի խորհուրդ է, ո՞րն է Համբարձման տոնի պատգամը:
– Համբարձման տոնի պատգամը հավատքն է, հույսը և սերը։ Հավատքը, որովհետև Աստծուն ֆիզիկապես տեսնելով չէ, որ պետք է վարձք ունենայինք երկնքում, այլ առանց ֆիզիկական տեսողության մեր հոգևոր զգայարաններով Աստծուն ճանաչելն է, որ մեզ պետք է վարձք մատակարարի երկնքում, ինչպես որ մեր փրկիչ Հիսուս Քրիստոս Թովմասին ասաց․ «Որովհետև դու ինձ տեսար և հավատացիր․ երանի նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. 20: 29):
Հաջորդ պատգամը հույսն է, ինչպես որ մի խումբ գալիլեացիներ տեսան Տիրոջ՝ երկինք համբարձվելը, այնպես էլ մենք բոլորս պիտի տեսնենք Նրա Երկրորդ Գալուստը, և մեր հույսը կապված է այն հավատի հետ, որ Քրիստոս Հարություն առավ մեռելներից և նույն մարմնով էլ Համբարձվեց երկինք։
Եվ Սերը, որովհետև սիրո բարձրագույն աստվածային առաքելության մեջ է, որ ցույց է տալիս այն զոհաբերությունն ու նվիրվածությունը, որ Աստված ունեցավ մեր նկատմամբ և մեր մարդկային մարմնով երկինք Համբարձվեց։
Տեր Հիսուս Քրիստոս, երբ նկարագրում է Իր Երկրորդ Գալուստը ասում է․ «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները» (Ղուկաս 17:37)։ Այսինքն՝ որտեղ որ Քրիստոս է, այնտեղ էլ պետք է հավաքվեն Իր սուրբերը, նրանք, ովքեր ապրում են այն պատվիրաններով, որ Տերը տվեց՝ Իր Համբարձումից առաջ։
– Քրիստոս Իր Համբարձմամբ մարմնով բաժանվեց մեզանից, բայց Հոգով շարունակեց մնալ մեզ հետ: Ինչպե՞ս արժևորենք Նրա ներկայությունը մեր կյանքում:
– Հիսուս Քրիստոս Իր Համբարձումից առաջ խոստացավ առաքյալներին և բոլոր քրիստոնյաներին, որ ուղարկելու է Իր հոգին, որը պիտի բնակվի մեր մեջ և զորացնի մեզ հոգևոր կյանքում։ Միաժամանակ հիշեցնի Տիրոջ պատվիրանները, որպեսզի կարողանանք արժևորել Նրա ներկայությունը մեր կյանքում։ Մեր հայացքները Տիրոջ Համբարձումից ի վեր ուղղված են դեպի երկինք, որովհետև մեր Տերն ասում է․ «Ուր, որ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն» (Մատթեոս 6:22)։ Եվ եթե մեր գանձը Քրիստոս ինքն է, ապա մեր սրտերն ու մտքերն էլ ուղված են Նրան, որովհետև այդ ճանապարհով է, որ մենք արժևորում ենք կյանքը երկրի վրա՝ գիտակցելով, որ կյանքն այստեղ ժամանակավոր է, իսկ անսահմանն ու հավիտենականը երկնքում է՝ Տիրոջ ներկայության մեջ։
– «Ո՛վ գալիլիացիներ, ինչու՞ կանգնած նայում եք երկնքին. այս Հիսուս, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք 1:11) : Ի՞նչ պետք է անենք մենք, որպեսզի արժանանանք Երկրորդ Գալստյանը:
– Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման իրադարձությունը ոչ միայն ամփոփում է Նրա երկրային կյանքի աստվածային տնօրինությունները, այլ նաև ցույց է տալիս Երկրորդ Գալուստի անխուսափելիության պատկերը։ Սպիտակազգեստ հրեշտակները գալիլեացիներին ասում էին․ «Ո՛վ գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնած նայում երկնքին, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք բարձրացավ, գալու է նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք 1:11):
Հիսուս Քրիստոսի Համբարձման խորհրդով մեր հավատն ենք արտահայտում Տիրոջ Երկրորդ Գալստյան հանդեպ։
Մեր բոլորիս աղոթքը թող լինի, որպեսզի կարողանանք մեզ տրված ժամանակը երկրի վրա ապրել այնպես, որ դատաստանի առաջ կանգնելիս պարզերես լինենք և մեր բարի գործերով համարձակություն ունենանք՝ Աստծուց ողորմության արժանանալու։
Մարիետտա Խաչատրյան
Վիկտորյա Մարկոսյան
qahana.am