«Ներկայիս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական, տնտեսական առումներով  իմպոտենտ ու անմեղսունակ է». Տնտեսագետ

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին խորհրդարանում անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին, այսպիսի միտք արտահայտեց, թե արտաքին պարտք վերցնելու մեջ այդքան էլ վատ բան չկա։

«Աշխարհն անցել է կորոնավիրուսի միջով, երկիր կա՞, որ իր արտաքին պարտքը չի ավելացրել։ Ես հիմա շատ վստահ չասեմ, որ չկա նման երկիր, բայց շատ դժվար կլինի գտնել նման երկիր։ Եկեք նայենք, թե մենք 2020 թվական ինչ ցուցանիշով ենք մուտք գործել՝ առաջին անգամ հայտարարել ենք, որ երկիրը բյուջետային վարկ չի վերցնելու։ Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 մլն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել՝ ՀՀ պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով։ Պատկերացնո՞ւմ եք՝ մենք կորոնավիրուսից ու պատերազմից հետո մտնում ենք միջազգային շուկա և ձեռք ենք բերում միջոցներ պատմական աննախադեպ ցածր տոկոսներով։ Սա նշանակում է, որ մեր կառավարությանը և մեր երկրին միջազգային հանրությունը վստահում է։ Նկատի ունեմ, որ այդ պարտքի թեմայից չպետք է վախենալ, դա չէ հարցը»,- խորհրդարանում  նշել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պատասխանելով արտաքին պարտքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնած տեսակետի վերաբերյալ մեր հարցին, նշեց՝  արտաքին պարտքը կարող է մտահոգիչ լինել, եթե չգիտեն՝ ինչի համար են վերցնում, ինչպես են օգտագործում։

«Ներկայիս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական, տնտեսական առումներով իմպոտենտ ու անմեղսունակ է։ Սա է պատճառը, որ ես որևէ հույս չեմ կապում, որ ներկայիս կառավարությունը կարող է գոնե գաղափար ունենալ, թե ինչ է նշանակում՝ արտաքին պարտքի նպատակային օգտագործում և այլն։ Այս առումով իմ տեսակետը միանշանակ է, որ այս կառավարության օրոք ոչ միայն արտաքին, այլև ներքին պետական պարտք վերցնելն անթույլատրելի է, որովհետև չգիտեն, թե ինչի վրա են օգտագործում, ավելի ճիշտ, գիտեն, դրա համար են վերցնում»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։

Ըստ տնտեսագետի, արհեստավարժ, պարկեշտ ու բանիմաց կառավարիչ մարդկանց դեպքում՝ բոլորովին այլ խոսակցություն կլիներ արտաքին պարտքի վերաբերյալ։

Թաթուլ Մանասերյանը միաժամանակ ընդգծեց, որ վերջին երեք տարիների ընթացքում չի հիշում գոնե մեկ դեպք, երբ կառավարությունը վերցրել է արտաքին պարտքն ու այն նպատակային և թափանցիկ է օգտագործել։

«Նման դեպք չի եղել, իզուր մի փնտրեք, չկա ու չի  էլ կարող լինել։ Առհասարակ այս կառավարությունը պատուհաս է մեր ժողովրդի գլխին, չնայած այն, ինչ ունենք, երևի դրան ենք արժանի։ Ընտրությունները ցույց կտան՝ ա՞յս կառավարությունն է մեզ արժանի, թե՞ այլ կառավարություն»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։

Տեսանյութեր

Լրահոս