«Ունենք մի կապիտուլյանտ և 88 անտեր պատգամավորներ, որոնք խիստ մտածելու առիթ ունեն վաղվա մասին». Միհրդատ Մադաթյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբան Միհրդատ Մադաթյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ հատուկ նիստում ունեցած ելույթին՝ նկատեց, որ նա իր խոսքը կառուցում է ապառնի ժամանակով.
«2021-ին Սևանը կբարձրանա, հետո չի բարձրանա, կարող ա չբարձրանա էլ ընդհանրապես, կբացենք գործարան, կզբաղվենք բամբակագործությամբ, հեռուստացույց կարտադրենք Հայաստանում, հիշում ենք, որ այդ «կ»-ով ասվածներից ոչ մեկը հետագայում իրականություն չի դարձել»:
Հոգեբանի խոսքով՝ այս ամենն արվում է այն մարդկանց համար, ովքեր ապրելով շրջաններում, չունեն բավարար ինտերնետ հասանելիություն, այլ ալիքներ նայելու հնարավորություն և ապրում են «Հ1-ի Հայաստանում»:
«Ասում է՝ Սևանի մակարդակը կբարձրանա եսիմինչքանով, դիտողը, որ նայում է, քանի որ վարչապետը դա ներկայացնում է պաթետիկ տոնով, իրեն թվում է, որ սա մի ունիկալ տվյալ է, որ մինչև էս չի եղել, ու հիմա է, հետո, երբ մասնագետները գրում են, որ այդպես չէ, դա Հ1-ով չեն ասում, ու այդ մասին իմանում ենք ես, դուք ու ևս մի 10 հոգի, ու մյուսներն ասելու են՝ դե, աննախադեպ բարձրացրեց Սևանի մակարդակը, փչեց Սևանի տակ»,- ասաց Մադաթյանը:
Հոգեբանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանն անգամ իշխանության գալուց հետո շարունակել է խոսել այնպես, ինչպես ընդդիմադիր տարիներին հանրահավաքների ժամանակ, նույնն էր նաև երեկ՝ ԱԺ-ում:
«Քրոնիկ մուննաթ է գալիս էս մարդը մեզ վրա, տենց չի կարող լինել, քրոնիկ մուննաթ է գալիս ժողովրդի վրա, ամեն ինչում ժողովուրդն է մեղավոր, պետական համակարգը մեղավոր է, քանի որ իրեն դեմ է, բոլորը մեղավոր են, բացի իրենից, հիմա ինքը Արցախը հանձնել է, ու էլի մեղավոր է փնտրել ու մուննաթ է գալիս, ասում է՝ նախկինները հանձնեցին Արցախը, եղբայր, դու եկար ասեցիր՝ ես իմ կետից եմ սկսում, Ալիևը կիրթ ու կառուցողական է»:
Մադաթյանը նկատեց, որ աշխարհում կա մի հոգեբանական հնարք՝ երբ երկիրը մտնում է պատերազմական շրջան, երկրի ղեկավարը հագնում է զինվորական համազգեստ՝ ստեղծելով համապատասխան մթնոլորտ:
«Սա չհագավ, սա կոստյումով ֆռֆռաց, ինքը կապ չուներ այս պատերազմի հետ, ինքն իրեն չասոցիացրեց այս պատերազմի հետ: Կարծում եմ՝ դա հատուկ էր, դրա շնորհիվ էլ մարդիկ Կասկադում սուրճ էին խմում, ինքը ժողովրդին պահեց այս իրավիճակի մեջ, որ այդ տագնապը չառաջանա»,- ասաց Մադաթյանը:
Հոգեբանի խոսքով՝ հոգեբանական շատ բաներ եղան պատերազմի ընթացքում, որոնք մեզ տարան պարտության: Միհրդատ Մադաթյանի վստահեցմամբ՝ պատերազմից հետո ընդդիմությունը միշտ միասնական է եղել և հիմա էլ այդպես է, քանի որ բոլորի նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
«Այսօր օրենքի ուժով մենք ունենք մի կապիտուլյանտ և 88 անտեր պատգամավորներ, որոնք դեռևս ԱԺ-ում են, բայց խիստ մտածելու առիթ ունեն վաղվա օրվա մասին: Եթե մինչև այսօր իրենց թվում էր, որ իրենք հավերժ են, ինչպես նախկինում որոշ մարդկանց, հիմա ակնհայտ հասկանում են, որ շատ մոտ ապագայում իրենք հավասար պատասխանատվություն են կրելու՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին: Ընտրություններին ճիշտ ընտրությունը մեկն է՝ չընտրել կապիտուլյանտին»,- ասաց Մադաթյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գարեջուր վաճառելու փաստին՝ Մադաթյանն ասաց.
«Սա «мелкий» պոպուլիզմ է, որն իր մոտ աշխատել է միշտ, որդուն կարող էր ուղարկել արևածաղիկ վաճառելու, տատիկներին շատ դուր կգար, փորձում է ասոցիացնել այդ խավին, բոլոր հանրություններում ինտելեկտուալ խավն ավելի փոքր է, քան քիչ ինտելեկտուալը: Այդ աշխատանքը կատարում են ոչ այդքան բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ, մեխանիկական աշխատանք է… ինձ համար այս քայլերը հաճելի չեն, ինձ համար հաճելի չէ, որ իմ երկրի ղեկավարի տղան ոչ թե սովորում է Սորբոնում, այլ գարեջուր է վաճառում, որովհետև երկրի ղեկավարի որդին պետք է կրթված լինի, ո՞ւր ենք տանում մենք, ասում ենք՝ պե՞տք չէ կրթվեք, բոլորդ գարեջուր վաճառե՞ք, վերջը պե՞տք է փող ունենանք, որ գնենք այդ գարեջուրը: Այս հիմար պոպուլիզմն ինձ համար զզվելի է, բայց մարդիկ կան, որ ընդունում են»: