Տարածաշրջանի ապաշրջափակումը կասկածի տակ է

Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից ժամեր անց տեղի ունեցած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան մի շարք ուշագրավ նյուանսներ բացահայտեց ներկայումս ընթացող բանակցություններից:

Քաղաքական հարցերից գլխավորն Արցախի կարգավիճակի հարցն է, որը ներկայումս որևէ ձևաչափով չի քննարկվում, սակայն արևմտյան դեսպանների, համանախագահների, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների դիվանագետների հայտարարություններից պարզ է դառնում, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերսկսման դեպքում այս հարցը չի անտեսվի: Թեման կարևորում է նաև հայկական կողմը, մասնավորապես՝ ՀՀ ԱԳՆ-ն: Սակայն Լավրովը մայիսի 6-ին Երևանում իր անուղղակի ձևակերպումներով հաստատեց, որ ռուսական կողմը շարունակում է դեմ լինել Արցախի կարգավիճակի հարցի քննարկմանը: Ինչպես պատերազմից հետո, այնպես էլ օրերս Երևանում Լավրովն ասաց, որ գործընթացը քաղաքականացնել չի կարելի:

«Չենք կասկածում՝ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի, բոլոր սահմանափակումների, պատժամիջոցների և շրջափակման դրսևորումների վերացման օգուտները, կսկսեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որոնք ներկայումս մեր որոշ գործընկերներ փորձում են սրել և առաջին պլան մղել: Պետք չէ ներկայումս քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավականին բարդ, քանի որ որոշվում են հարցեր, որոնք կապված են երթուղիների հետ՝ այս տարածաշրջանը կապելու համար, տարածաշրջանային հարաբերությունները կապելու համար, որոշվում են շփման գծի հարցեր, սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, սրանք պրակտիկ հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ է լուծել, որպեսզի տարածաշրջանը հանգիստ շնչի և խաղաղ կյանքով ապրի: Նրանք, ովքեր այս հարցերը հետոյի են թողնում, իսկ սկզբում զբաղվում քաղաքական քննարկումներով, իմ կարծիքով, ողջ գործընթացը գլխիվայր շրջում են: Ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցերը, երբ մարդիկ սկսում են նորմալ ապրել գետնի վրա՝ ադրբեջանցիները, հայերը միմյանց հետ այդպես ապրել են տասնամյակներ և հարյուրամյակներ»,- ասել է նա: Այս ֆոնին, իհարկե, դժվար է տեղավորել ավելի վաղ տեղի ունեցած Պուտին-Մակրոն հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածությունն առաջիկայում:

Ներկայումս հաջորդ առանցքային հարցն Ադրբեջանում պահվող գերիների՝ Հայաստան վերադարձի թեման է: Ինչպես հայտնի է, Լավրովի այցին ընդառաջ հաջողվեց 3 ռազմագերի վերադարձնել հայրենիք, սակայն, հայկական կողմի համաձայն, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվը շուրջ 200 է, և Ադրբեջանի կողմից գերիներին չվերադարձնելն արգելափակում է՝ ինչպես եռակողմ փոխվարչապետների մակարդակով բանակցությունները, այնպես էլ, ինչպես որոշ աղբյուրներ են գրում, Ադրբեջանի ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցությունը, քանի որ Հայաստանը դեմ է հանդես գալիս դրան, քանի դեռ գերիները չեն վերադարձել: Վերջին շրջանում Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ ՄԽ-ն անդրադարձել են տվյալ հարցին՝ կոչ անելով կողմերին վերադարձնել բոլոր գերիներին, սակայն ապարդյուն: Լավրովի այցից հետո ռուսական մամուլում նույնիսկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ադրբեջանական կողմը փորձում է տարածքային զիջումներ կորզել գերիների վերադարձի դիմաց, մասնավորապես՝ խոսքը որոշ գյուղերի, ինչպես նաև Շուշի-Կարմիր շուկա ճանապարհի մասին է:

«168 Ժամ»-ի հետ զրույցում շվեյցարացի կովկասագետ Նիկոլյա Հայոսն ասաց, որ Պուտին-Մակրոն պայմանավորվածությունը նշանակում է, որ բացի Արցախի կարգավիճակի թեմայից, կան հարցեր, որոնցում կա կոնսենսուս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև, և թեմաներ, որոնց շուրջ կարող է սկսվել բանակցային գործընթաց: Ըստ նրա, նախնական կոնսենսուսը պարզապես բանակցային գործընթացը վերսկսելն ու կողմերին լսելն է, քանի որ օրակարգ թելադրել ԵԱՀԿ ՄԽ-ին չի հաջողվի, պատերազմը դադարեցրեց, ի վերջո, ոչ ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչը էական հանգամանք է, այսինքն՝ առանց ԵԱՀԿ ՄԽ-ի էլ գործընթաց տեղի ունեցավ, ուստի համանախագահ երկրները, որոնք կտրված են հարավկովկասյան զարգացումներից, չեն կարող հաշվի չառնել թե կողմերին, թե Ռուսաստանին, փորձելով ավելի ինտեգրվող քաղաքականություն վարել:

«Ըստ իս, համանախագահներն աշխատանք սկսելու որևէ հնարավորություն բաց չեն թողնի: Նրանց բոլոր հայտարարությունները և ջանքերը գոնե նախկին ձևաչափը վերադարձնելու համար են արվում: Չկա ընդունելի այլ թեմա ու օրակարգ, նրանք գերիների հարցն են քննարկում՝ փորձելով նոր լծակներ ձեռք բերել: Իհարկե, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքն ավելի մեծ արդյունք կարող է տալ ՀՀ ակտիվ ու արդյունավետ դիվանագիտության դեպքում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: Մի փոքր փոփոխություն ՌԴ մոտեցումներում եղել է պատերազմից հետո, ՌԴ դիվանագիտությունը լիովին մերժում էր ԵԱՀԿ ՄԽ-ն, սակայն ժամանակի ընթացքում սկսեց չբացառել աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ-ում, սակայն հումանիտար հարցերի շուրջ: Այս գործընթացները թելերով կապված են այլ գոտիներում գերտերությունների դիրքավորման և քայլերի հետ, սա բարդ գործընթաց է: Կարծում եմ՝ Մինսկի խումբը կաշխատի, բայց օրակարգը հստակ, այդ թվում՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկում, մոտ ապագայում չի լինի, քանի որ Ադրբեջանը դա ի սկզբանե մերժում է, այսինքն՝ այդ օրակարգը պետք է քիչ-քիչ ձևավորեն չմերժվելու համար ի սկզբանե՝ գործընթացը դեռ չսկսված»,- ասաց նա:

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե չի բացառում, որ ռուսական մեդիատիրույթում շրջանառության մեջ դրված տեղեկությունները ճիշտ լինեն, քանի որ գերիները, ցավալիորեն, միշտ են դառնում առևտրի առարկա, և, բնականաբար, ըստ նրա՝ իրավիճակից շահում են նրանք, որոնք ցանկանում են հեղինակազրկել Ռուսաստանի միջնորդական ջանքերը: «Անկախ այն հանգամանքից՝ կսկսի՞ ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատել, թե՞ ոչ, որևէ ակնկալիք չկա, որ կառուցողական քննարկումներ են լինելու։ Պարզապես Արևմուտքը զգալու է, թե ներկա է հակամարտության գոտում և թուլացրել է ՌԴ ազդեցությունը:

Իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա խաղաղ կյանքը, ապաշրջափակումը, բարիդրացիությունը միշտ են ցանկալի, սակայն դա հնարավոր է բոլոր մասնակից երկրների անկեղծ ցանկության պարագայում, եթե կան սպառնալիքներ, հետևաբար՝ անվտանգային խնդիրներ տարածաշրջանում, ինչպես բազմիցս մենք քննարկում ենք»,- ասաց Եվսեևը: Նրա կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարարի այցը տարածաշրջան ուղղված է հետպատերազմյան գործընթացներն արագացնելուն և իրավիճակը հստակեցնելուն, քանի որ հայտարարության մի քանի կետ իրականացվեց ու գործընթացը կանգնեց, որին զուգահեռ՝ Ռուսաստանը սպառնալիքներ է զգում, որ գործընթացը դուրս կգա իր վերահսկողությունից: Կարծում եմ՝ նման բան տեղի չի ունենա, բայց կողմերը հասել են այն հարցերին, որոնք շատ ժամանակ են պահանջում ու կրկին ցավոտ են: Տարածաշրջանի ապաշրջափակումը կասկածի տակ է: Չի բացառվում, որ այս հանգրվանի վրա երկար կանգ առնեն»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս