Սեյրան Օհանյանը ճիշտ էր, Յուրի Խաչատուրովը՝ առավել ճիշտ

Այսօր ԱԺ-ն որոշեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանում կքննարկվի փակ դռների հետևում։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, որ հարցը հանրային կարևոր նշանակություն ունի, մինչդեռ փակ նիստում դրա քննարկումը չի համադրվում հանրային կարևորություն ներկայացնող հարցերի քննարկման բաց ընթացակարգի հետ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է, թե նման որոշման պատճառն այն է, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կազմված զեկույցը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, և, որ հանրությունն այդ փաստաթղթերին իրավունք ունի ծանոթանալ իր ներկայացուցիչների` ԱԺ պատգամավորների միջոցով։

Թե ինչպե՞ս է հանրությունը պատգամավորների միջոցով ծանոթանալու եզրակացության թույլատրելի հատվածին, կամ ի՞նչ ֆորմատով և ի՞նչ պայմաններում են պատգամավորները ծանոթացնելու իրենց ընտրողին այդ փաստաթղթերին, պարզ չէ: Ավելին, դա անհնարին է:

Եթե անկեղծ լինենք, արցախյան վերջին պատերազմից հետո հասարակությանն Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության արդյունքները քիչ են հետաքրքրում, հատկապես, երբ մութ էջեր գրեթե չկան, իսկ տարիներ շարունակ թեմայի քաղաքական շահարկումներից հետո հենց իրենք՝ իշխանությունները, ի դեմս հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, հայտարարեցին՝ դիրքերում պաշտպանության բանակը չի ունեցել ոչ զինամթերքի, ոչ էլ սննդի խնդիր։

Իհարկե, եղել են բացթողումներ, թերություններ: Այլապես Սերժ Սարգսյանն Ապրիլյան դեպքերից անմիջապես հետո պաշտոնանկ չէր անի միանգամից երեք բարձրաստիճան ՊՆ պաշտոնյայի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյան, որոնցից երկուսը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բարձր պաշտոններ ստացան:

Վերադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացման ձևին՝ հիշեցնենք, որ հանձնաժողովի գործունեության ավարտին Անդրանիկ Քոչարյանը խոստացել էր՝ գաղտնի է լինելու վերջնական զեկույցի մի հատված:

«Գաղտնի մասը դա կլինի ուղեցույց դրանից օգտվող բոլոր պաշտոնյաներին, որպեսզի ապագայում նմանատիպ սխալներ երբևիցե չկրկնվեն»,- 2020-ի հունիսին ասել էր նա:

Իսկ զեկույցը տալու էր երեք հարցի պատասխան՝ արդյոք մեր անվտանգային համակարգը պատրա՞ստ էր նման գործողությունների կանխմանը, բուն պատերազմի ընթացքում ամբողջությամբ կարողացա՞նք ճիշտ օգտագործել մեր Զինված ուժերի հնարավորությունները, հակառակորդը ինչո՞ւ սկսեց, և ինչպե՞ս ավարտվեց Ապրիլյան պատերազմը: Նկատի ունեն բանակցային գործընթացը, որում իշխանությունները նրբերանգներ էին տեսել: Այն դեպքում, երբ նախկին իշխանությունները, ըստ էության, բանակցությունների շարունակման նախապայման էին դիտարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք Նիկոլ Փաշինյանը և Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննողները մի կողմ դրեցին:

Ինչևէ, արցախյան վերջին պատերազմը խառնեց խաղաքարտերը, և 2020-ի աշնանը նախատեսված «ապրիլյան զեկույցի» ներկայացումը տեղի չունեցավ: Ավելի ուշ պարզվեց, որ իշխանությունները որոշել են՝ թույլատրելիի սահմանում ներկայացվելիք զեկույցի փոխարեն՝ խորհրդարանում ծավալուն ելույթ կունենա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Բայց սա էլ փոխվեց՝ կլինի փակ քննարկում և պատգամավորների միջոցով դեռևս անհայտ ձևաչափով ներկայացում:

Չմոռանանք, որ հունիսի 20-ին նշանակված են արտահերթ ընտրություններ, և այսօրվա պետական գաղտնիքի կրող պատգամավորները կամ պետք է մեկ ամսում հասցնեն հանրությանը ծանոթացնել ապրիլյան զեկույցի թույլատրելի հատվածին, կամ երբեք դա չի լինի, թեպետ զեկույցը պատգամավորների սեփականությունը չէ, այլ համապատասխան գերատեսչություններինը, այսինքն՝ պետությանը, որտեղ պահ տրված պետական գաղտնիքը վերահսկվում է օրենքով սահմանված կարգով: Պետական գաղտնիքի անհատ կրողների դեպքում, թերևս, ռիսկեր կան, որ խորքային անդրադարձ են պահանջում:

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությանը, ապա հենց սկզբից էր պարզ, որ այն ընդամենը ժամանակավոր քաղաքական խնդիր է լուծում, եթե չասենք՝ վրեժխնդրություն առ Սերժ Սարգսյան, որը տապալվեց: Իսկ այն, թե 97 էջանոց զեկույցի և 80 ժամ տեսաձայնագրության առկայության, հանձնաժողով հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչ տարբերակ ընտրվեց վերջնական զեկույցի հասանելիության համար կամ ներկայացման համար (երբ ամբողջական զեկույցը հասանելի դարձավ ուժային կառույցներին, իսկ թույլատրելի հատվածն ԱԺ-ում հանրությանը չներկայացվեց), ճիշտ էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, երբ ասում էր՝ ինքը նման հանձնաժողով չէր ստեղծի, կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։

Բայց առավել ճիշտը ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն էր, որն այդպես էլ չընդունեց հրավերը և չգնաց Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի «հարցուպատասխանին»:

Իսկ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին, որ ԱԺ «պատերի ներքո» 44-օրյա պատերազմի հանգամանքներ քննող հանձնաժողով ստեղծվի: Սեփական քաղաքական վրեժխնդրության համար պատասխան չտված իշխանությունները, որոնք «ապրիլյան քննությամբ» փորձեցին վարկաբեկել բանակը, ինչպես պիտի քննեն և մոտենան  իրենց չարածին և պարտության հանգեցրած գործողություններին՝ սկսած հայտարարված, բայց գործնականում տեղի չունեցած մոբիլիզացիայից, կառավարման հստակ համակարգի բացակայությունից՝ մինչև «ոտքի վրա» կամ ՊԲ հրամանատարի առանձին սենյակում բանակից, ռազմական որոշումներից բան չհասկացող մարդկանց ներկայությամբ հաստատված արկածախնդիր օպերացիաներ՝ առանց իրադրության համակողմանի գնահատման և համապատասխան պայմանների ստեղծման: Այստեղ մութ տեղերն ու օպերացիաները չափից շատ են, որոնք մանրազնին պիտի քննության առնվեն՝ այս իշխանությունից ազատվելուց հետո, քանի որ նոյեմբերի 10-ին հաջորդած ամիսներին Նիկոլ Փաշինյան գերագույնի դեմ օրենքի դաշտում ռազմական հակափաստարկներով կամ պատերազմի օրենքներով դուրս չեկանք:

Տեսանյութեր

Լրահոս