Աշխարհաքաղաքական զսպում Ղարաբաղում. Սերգեյ Լավրովը կայցելի Երևան և Բաքու
Վերջին օրերին Երևանում ակտիվորեն քննարկվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը տարածաշրջան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ մայիսի 5-6-ը Լավրովը կայցելի Երևան, մայիսի 10-11-ը` Բաքու։ «Բանակցություններ են նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Շփումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»,- նշել է Զախարովան:
Նրա խոսքով` առաջնային ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին։ Հիշեցնենք` Լավրովը Հայաստան էր եկել նաև անցած տարվա նոյեմբերի 21-ին:
Օրերս էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերը, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումները: Մտքեր էին փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2011 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման, այդ թվում՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքային խմբերի գործունեության ընթացքի վերաբերյալ: Հատկանշական է, որ այցը տեղի է ունենալու ֆրանս-ռուսական և ամերիկյան այն հայտարարությունների ֆոնին, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է սկսի գործել, կան չլուծված հարցեր, ինչպես նաև առաջիկայում նոր նախաձեռնություններ են ներկայացվելու կողմերին ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից:
«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը հակամարտ երկրներ կարևոր է, քանի որ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների համար նոր իրավիճակում: «Այսինքն՝ վերջին այցերը տեղի էին ունեցել պատերազմից հետո, երբ այն դեռ նոր էր ավարտվել, դա էր տարածաշրջանի նոր իրավիճակը, որում որևէ երկիր, բացի Ռուսաստանից, դեռ դիրքավորված չէր»:
Այսօր կան նոր իրողություններ, որոնցից ծանրակշիռը, նրա խոսքով, իրավիճակն է Դոնբասի շուրջ: «Այստեղ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներն այնպես են դիրքավորվել և այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը Մոսկվային ստիպում է ավելի զգուշավոր մոտեցում ունենալ Ղարաբաղյան հարցով, քանի որ այստեղ են նաև մյուս դերակատարները՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Այս փուլում Մոսկվային հավելյալ լարվածություն հարկավոր չէ ոչ Դոնբասում, ոչ Ղարաբաղում, իսկ ստեղծված իրավիճակը երկու գոտիներում Թուրքիային, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին տարբեր կերպ գործելու հնարավորություն է տալիս, իսկ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահների մասնակցությունը բանակցություններին Թուրքիայի դերն այս հակամարտության գոտի կնվազեցնի: Ուստի, որպես առաջին նպատակ՝ արձանագրենք աշխարհաքաղաքական զսպումը, որը Ղարաբաղյան գոտում կիրականացվի Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեմ, իսկ նրանց մերժումը կարող է սրել իրավիճակն այլ տեղ: Այսինքն՝ սա բազմատախտակ խաղ է»,- ասաց վերլուծաբանը: Նրա կարծիքով, այս այցը հող կնախապատրաստի ԵԱՀԿ ՄԽ առաջիկա աշխատանքը սկսելու համար, ինչը հարկավոր է նաև Ռուսաստանին: «Կարծում եմ՝ որոշակի մանրամասներ հայտնի կդառնան ռուս-ֆրանսիական բարձրաստիճան բանակցություններից, որոնք օրերս տեղի ունեցան, և խոստում եղավ առաջարկներ ներկայացնել»,- ասաց վերլուծաբանը:
Մալաշենկոն ասաց նաև, որ այցի օրակարգի մյուս հատվածն էլ կլինեն առարկայական բանակցությունները նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների շուրջ: «Գլխավորը ճանապարհների հարցն է, սա կլինի քննարկվող գլխավոր հարցերից մեկը»,- ասաց վերլուծաբանը:
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն իր հերթին՝ նկատեց, որ Ռուսաստանը, որպես պատերազմի միջնորդ, պատերազմից հետո ավելի հաճախակի է այցելում Հայաստան և Ադրբեջան, ինչը նաև բնական է, քանի որ փաստաթուղթ է ստորագրել այս երկրների հետ և խաղաղապահ զորախումբ տեղակայել հակամարտության գոտում: Ի տարբերություն Մալաշենկոյի, Հալբախը գտնում է, որ ՌԴ մտահոգությունները միայն Դոնբասով չեն սահմանափակվում: Օրերս, նրա խոսքով, աննախադեպ բան տեղի ունեցավ նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև:
«Այս ամենը ռեսուրս է պահանջում, և բավականին լուրջ մենեջմենթի կարիք կա, որպեսզի նոր խնդիրներ չառաջանան: Իրականում խնդիրը նույն դերակատարների միջև է տեղի ունենում, և նրանք սովորել են գործել՝ ամեն գոտում յուրօրինակ կառավարելով մյուսում տեղի ունեցողը: Սա է ներկայումս արվում բոլորի կողմից: Կոնսենսուս է ձևավորվել՝ սկսել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը, սակայն օրակարգի շուրջ կոնսենսուս չկա, հատկապես կարգավիճակի հարցի շուրջ քննարկումների վերաբերյալ դիրքորոշումները կիսված են համանախագահների և կողմերի դեպքում: Ինչպիսին պետք է լինի կարգավիճակը, սա գլխավոր հարցն է: Իսկ Ռուսաստանը, բացի աշխարհաքաղաքական մտահոգություններից, լոկալ մտահոգություններ և խնդիրներ ունի, այս այցով դրանք փորձելու է լուծել, ինչ որ պրոցեսներ առաջ մղել, ամրապնդվել, մինչ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան կմիանան բանակցություններին»,- ասաց վերլուծաբանը: Վերջինս այն կարծիքին է, որ արևմտյան համանախագահները կարգավիճակի հարցում իրենց դիքրորոշումը հայտնել են, սակայն այն չեն փորձելու այնպես առաջ մղել, որպեսզի կողմերից մեկը, որը համարում է, որ նման հարց չկա, վանվի գործընթացից:
«Նրանք հասկանում են, որ հարկավոր է ներառող քաղաքականությունից սկսել, և դրա ամենալավ տարբերակը մարդասիրական հարցերը քննարկելն է: Սա Ռուսաստանը ևս շատ լավ հասկանում է, հասկանում է նաև, որ կարգավիճակի հարցում որևէ քննարկում շուտափույթ արդյունքի չի հանգեցնելու, իսկ ԵԱՀԿ ՄԽ մերժումը կարող է մեծ խնդիրների առաջ կանգնեցնել: Ներկայումս իրավիճակը միայն Ղարաբաղով չի սահմանակվում, քանի որ հակամարտության գոտում կան չլուծված խնդիրներ, սակայն դրան զուգահեռ՝ կան այլ աշխարհաքաղաքական իրողություններ, և այս ամենը համակարգային են դիտարկում համանախագահները: Եթե մինչ պատերազմը տասնամյակներ շարունակ կար հստակ տարանջատում, ներկայումս դա չեզոքացել է և շատ ավելի միջազգայնացել»,- ասաց Հալբախը: