
Արցախում առայսօր ականազերծվել է 2 064 հա տարածք և 632 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 25 603 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, ներկայում ռուս զինծառայողները պայթյունավտանգ իրերի ականազերծման ակտիվ աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ քաղաքի ծայրամասում, որտեղ բնակչությունը դեռևս չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։
Ապրիլ-մայիս ամիսների սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա, հաղորդում է գերատեսչությունը։
2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632 կմ ճանապարհ, 1 733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթուցիկ առարկա:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։