Հենակետերը քաղաքացուն հնարավորություն են տալիս խնայել ժամանակը. ոստիկանություն
Համայնքային ոստիկանությունը ոստիկանական այն ուղղություններից է, որի գործառութային պարտականություններում հանցագործությունների բացահայտումից զատ առանցքային նշանակություն ունեն կանխարգելիչ աշխատանքները։
Այս առումով համայնքային ոստիկանությունը միտված է սերտ համագործակցելու բնակչության հետ, ձևավորելու հասարակություն-ոստիկանություն փոխըմբռնման առողջ մթնոլորտ, ինչը իրավախախտումների նախականխման համար հիմնաքարային նշանակություն ունի։ Միայն տեղամասերում շրջագայելը և բնակչության հետ հանդիպումներ կազմակերպելը արդյունավետ ծառայության համար բավարար չէր։ Ուստի ծնվեց սպասարկվող տեղամասերում համայնքային ոստիկանության հենակետեր ունենալու գաղափարը, որը ներդրվեց 2010-2011 թթ.: Իսկ մինչ այդ՝ 2008 թ., մոդելը փորձարկվեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
Բնակչությանը մոտ գտնվելու, իրավախախտումներին և պատահարներին արագ արձագանքելու, նաև օպերատիվ իրավիճակը վերահսկելու նպատակով մայրաքաղաքի մի շարք վարչական տարածքներում համայնքային ոստիկանության ծառայությունն արդեն իրականացվում է հենակետերի միջոցով, իսկ 30 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքներում և գյուղերում` աշխատասենյակներում: Երևանում ներկայումս գործում է 16, իսկ մարզերում՝ 8 հենակետ: Օպերատիվ և սեզոնային առանձնահատկություններից ելնելով՝ համայնքային ոստիկանության հենակետում աշխատանքի տևողությունը աշխատանքային օրերին 8-10 ժամ է, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ 4 ժամ:
Ինչպես բակերում, այնպես էլ հենակետերում հաճախ են կազմակերպվում բնակիչների հետ զրույց-հանդիպումներ։ Նման հանդիպումները ոստիկաններին հնարավորություն են տալիս համայնքի ներսում առկա խնդիրներին նայել բնակիչների աչքերով, իսկ քաղաքացիները տեսնելով ոստիկանների սրտացավ վերաբերմունքը` սկսում են վստահել նրանց, համագործակցելու պատրաստակամություն են հայտնում:
Հենակետերը քաղաքացուն հնարավորություն են տալիս խնայել ժամանակը, իսկ ոստիկաներին օգնում են արագ և օպերատիվ արձագանքել։ Համայնքային ոստիկանության տեսուչները, համագործակցելով բնակիչների հետ, հեշտ են հայտնաբերում ականատես վկաների, հանցագործության մեջ կասկածվող և հետախուզվող անձանց մասին տեղեկություններ են ձեռք բերում, տուժողների ու հափշտակված իրերի մասին հայտնում են տվյալներ:
Ոստիկան-քաղաքացի փոխհարաբերություններ հաստատելուց բացի, համայնքային ոստիկանության հենակետային ծառայության շնորհիվ նվազում է խնդրահարույց իրավիճակների վերաբերյալ ոստիկանություն կանչերի թիվը, փոխարենը՝ աճում է ոստիկանության ծառայությունից քաղաքացիների գոհունակությունը, քանի որ տեսանելի է դառնում նրանց աշխատանքը: