
Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Մհեր Գրիգորյան

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի՝ որպես երրորդ երկրի մասնակցության հարցում կոնսեսուս չի եղել: 1lurer.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը այս մասին ասել է Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել այն մասին, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի տվել իր համաձայնությունը:
«Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հետ, Մհեր Գրիգորյանը հիշեցրել է, որ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:
«Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,- ասել է Մհեր Գրիգորյանը: